2018: Հայաստանի անհանգիստ 12 ամիսները
31 Դեկտեմբեր 20182018 թվականը աննախադեպ էր իրադարձությունների և ալեկոծումների ալիքով: Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունացած ժողովրդային հուժկու շարժումն ու նրան հետևած իշխանափոխությունը ստեղծեցին ներքաղաքական նոր իրավիճակ, որն ամրագրվեց դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով: «Ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն» անվանումը ստացած այս աննախադեպ ընդվզումը փողոց հանեց հազարավոր մարդկանց, որոնք մերժեցին հին ռեժիմն ու նրա ստեղծած համակարգը: Թվում էր, թե աղքատության, արտագաղթի և հուսահատության մեջ գտնվող Հայաստանի հասարակությունն այլևս ի վիճակի չէ պայքարելու թվացյալ ուժեղ իշխանության դեմ, սակայն ավելի լավ ապագայի հույսն արթուն էր հայ հանրության մեջ և ընդվզումն աննախադեպ էր: Այս շարժման նախադրյալներն ու պատճառները, թերևս, հիմնականում սոցիալական էին, որը, իր հերթին, հետևանք էր Հայաստանում հաստատված օլիգարխիկ համակարգի, տնտեսության մենաշնորհային բնույթի, համակարգային կոռուպցիայի, պետական կառավարման համակարգի լճացման: Այս ամենը կիսաշրջափակման և չավարտված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար ստեղծել էին խիստ անբարենպաստ միջավայր, որը խոչընդոտում էր երկրի զարգացմանն ու բնակչության բարեկեցության բարելավմանը: Հանրության շուրջ 30 տոկոսը հայտնվել էր աղքատության մեջ, արտագաղթը միայն վերջին 10 տարիներին հատել էր 300 հազար մարդու սահմանը: Իշխանական լծակների և փողի միջոցով շարունակաբար կայացած ընտրությունները դժգոհության և անվստահության մթնոլորտ էին ստեղծել պետական իշխանության հանդեպ: Այս ամենը հանրությանն օտարել էր սեփական պետությունից, և հասարակությունը գտնվում էր պայքարի նոր առանցքի փնտրտուքում: Սահմանադրական փոփոխությունները, իրենց հերթին, նպաստավոր պայմաններ ստեղծեցին ժողովրդային շարժման համար: Փաստացի այն ծավալվեց նոր Սահմանադրությամբ նախատեսված կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցման վերջնափուլում, իսկ առիթը՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրումն էր վարչապետի պաշտոնում:
2018 թ. քաղաքական իրադարձությունները կարելի է բաժանել 4 հիմնական փուլերի՝
Խորհրդարանական համակարգին անցման փուլը (հունվար-ապրիլ)
Ժողովրդային շարժման փուլը (ապրիլ-մայիս),
Ազգային համաձայնության կառավարության գործունեության անցումային փուլը (մայիս-հոկտեմբեր),
Քաղաքական նոր վերադասավորումների և ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման փուլը (նոյեմբեր-դեկտեմբեր):

Քաղաքական գործընթացների թոհուբոհում, Հայաստանն ու ողջ հայությունը նշեց և Հայաստանի Հանրապետության ստեղծման 100-ամյակը, տեղի ունեցան նաև մի քանի այլ կարևոր միջոցառումներ (Երևանի հիմնադրման 2800-ամյակ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով), որոնք, սակայն, ինչ-որ տեղ ստվերվեցին քաղաքական փոփոխությունների ֆոնին. Հայաստանի հասարակությունն ու հայությունը ապրում էր վերափոխման մի ժամանակաշրջան, որը պայմանավորեց 2018 թ. հիմնական բովանդակությունն ու ընթացքը: Նույնիսկ Մարտի 1-ին, երբ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները, հայ հանրությունն ու քաղաքական ուժերը, բացի Դաշնակցությունից, որ սկզբից մինչև վերջ պայքարեց այդ արձանագրությունների դեմ, գրեթե չարձագանքեցին այդ կարևոր իրադարձությանը:
Մարտի 2-ին Հայաստանի խորհրդարանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի նոր նախագահ: Վերջինի լիազորություններն ուժի մեջ մտան ապրիլի 9-ին, նույն օրը վերջացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Ապրիլի 17-ը նշանակվեց ՀՀ նոր վարչապետի ընտրության օր: Ահա այս մեկ շաբաթյա ժամակակահատվածը, երբ իրական իշխանական լծակը չուներ փաստացի պատասխանատու, լավագուն ձևով օգտագործվեց խորհրդարանական «Ելք» ընդդիմադիր դաշինքին մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: Դեռևս ամիսներ առաջ այդ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ անցումային մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունը գտնվելու է փողոցում: Ի պատասխան՝ իշխող Հանրապետական կուսակցության գործիչները նշում էին, որ Հայաստանում իշխանության խնդիրը դեռ երկար ժամանակ լուծվելու է Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակում: Մարտի 31-ին Փաշինյանը հայտարարեց փողոցային պայքարի սկզբի մասին, որը մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությամբ: Փաշինյանը, քայլարշավ սկսելով Գյումրի քաղաքից, նպատակ ուներ խոչընդոտել Սերժ Սարգսյանի առաջադրմանը ՀՀ նոր վարչապետի պաշտոնում, որը դիտվում էր, որպես պաշտոնավարման փաստացի երրորդ շրջան: Ապրիլի 13-ին քայլերթի մասնակիցները հասան Երևան և սկսվեց փողոցային աննախադեպ պայքարի հուժկու ալիք: Փաշինյանը հայտարարում էր, որ կախված թե ինչքան մարդ կմիանա իրեն, համապատասխանաբար կբխեն հաջորդ քայլերը: Շարժմանը միացան դեռևս մարտին ձևավորված «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստներն ու ուսանողությունը: Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից ընտրվեց ՀՀ նոր վարչապետ: Չկարողանալով խոչընդոտել ընտրության գործընթացը, Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն» սկսելու մասին: Ակտիվիստները, հաջորդող օրերին, ձեռնարկեցին երթեր, փողոցների փակման ակցիաներ, պետական հաստատությունների շրջափակման գործողություններ: Նմանատիպ ակցիաներ սկսվեցին նաև հանրապետության այլ խոշոր քաղաքներում: Սփյուռքը ևս անմասն չմնած բողոքի գործողություններից:
Հանրահավաքները տեղափոխվեցին Հանրապետության Հրապարակ, որտեղ հավաքվեցին բազմահազար քաղաքացիներ՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Երկրում ստեղծված առճակատման լարված մթնոլորտում, ապրիլի 19-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես եկավ հայտարարությամբ: Բախումից խուսափելու, ժողովրդային շարժումն արդյունավերելու, առկա խնդիրները համախոհությաամբ լուծելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով, Դաշնակցությունը կոչ էր անում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլխի և սահմանադրության երաշխավորի, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ:
Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանը կոչով դիմեց Փաշինյանին՝ առաջարկելով անհապաղ նստել երկխոսության սեղանի շուրջ, որը համահունչ էր Դանակցության առաջադրած ճանապարհին: Սակայն, ապրիլի 22-ին, Երևանի «Մարիոթ» հյուրանոցում, Սարգսյան-Փաշինյան հրապարակային հանդիպումը տապալվեց՝ կողմերի անզիջողական կեցվածքի պատճառով: Նույն օրը ձերբակալվեցին շարժման առաջնորդներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ու Սասուն Միքայելյանը:
Ապրիլի 22-ին Դաշնակցությունը դիմեց հանրությանն ու քաղաքական ուժերին, կոչ անելով սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և իրատեսական լուծումներ փնտրել: Իր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ՝ՀՅԴ-ն հայտարարեց երկխոսությանն ուղղված իր ջանքերը շարունակելու մասին:
Ապրիլի 23-ին նախապատրաստվում էր ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվեր ձերբակալված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, արդյունքում՝ նրանց կալանավորման ժամկետը հնարավոր կլիներ երկարաձգել:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանդիպելով վարչապետ Սերժ Սարգսյանին, կրկին հայտնեց փոխզիջումների անհրաժեշտության և ՀՅԴ-ի՝ միջնորդական պատրաստակամության մասին, նշելով, որ եթե ԱԺ-ում օրակարգ բերվի ձերբակալված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ապա ՀՅԴ-ն, չի մասնակցի քվեարկությանը, եւ կպահպանի իր միջնորդական դերակատարությունը:
Նույն օրը Հրանտ Մարգարյանը մեկուսարանում հանդիպեց Փաշինյանին, որից հետո հանդես եկավ արտակարգ հարցազրույցով, մեկ անգամ ևս շեշտելով, որ Դաշնակցությունն ամեն ինչ անում է բախումը կանխելու, երկխոսությունը հաջողելու և լուծում գտնելու հարցում: «Մենք, իբրև Դաշնակցություն, համաձայն չենք ձերբակալություններին, նաև դեմ ենք, երբ վերջնագրերով են խոսում: Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է երկխոսություն՝ հանուն երկրի ու ժողովրդի:
Պետք է կարողանանք սթափվել, առիթ տանք, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, լուծումը գտնվի ու երկիրը ցնցումների չտանենք:
Կարևոր է այսօր եւ այս պահին, որ ժողովրդային շարժումը շատ ավելի զգույշ լինի, սադրանքների չենթարկվի, խաղաղ բնույթը պահպանի, որպեսզի լուծման հնարավորություն ստեղծվի: Մենք ամեն ինչ անում ենք և այսպիսի ճիգ ու ջանքի մեջ ոչ անհատական ու ոչ էլ կուսակցական շահն է, որ խնդիր է: Երկիրն ու մեր ժողովուրդն է, որ հիմնական արժեք են, մենք դրան ենք հավատում և դա է, որ պետք է համոզում դարձնենք բոլորին, որ հանուն երկրի և ժողովրդի բոլորը պետք է զիջեն ինչ-որ բան, որպեսզի ելք գտնվի»,- նշում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Ապրիլի 23-ի ձերբակալված պատգամավորներն ազատ արձակվեցին: Իսկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, նշելով, որ կատարում է ժողովրդի պահանջը և վայր է դնում լիազորությունները:
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Փաշինյանը կրկին առաջադրեց դեռևս ապրիլի 20-ին ներկայացված պահանջները՝ 1. Ժողովրդի թեկնածուին ընտրել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, 2. ձևավորել ժամանակավոր կառավարություն, 3. անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Դաշնակցությունն արձանագրեց, որ կատարված իրադարձությունները Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծել, և անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։ «Պետք է շարունակել ժողովրդային շարժման բացառապես խաղաղ բնույթը, զուգահեռաբար հաշվի առնելով երկրում բնականոն կյանքի հաստատման անհրաժեշտությունը։ Ժողովրդային շարժումը պետք է շարունակի թույլ չտալ որևէ արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին և պայմաններ ապահովի առկա խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար։ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա նախօրեին համաժողովրդային այս ձեռքբերումը անհրաժեշտ է վերածել համազգային համախոհության, մեր Հայրենիքի թռիչքային զարգացման նոր ու հուժկու ազդակի»,-ասված էր հայտարարության մեջ:
Ապրիլի 24-ին, քաղաքական տարբեր գործիչներ, Ծիծեռնակաբերդի համալիրում խոսեցին նաև ծավալված իրադարձությունների մասին: Հրանտ Մարգարյանն, իր հարցազրույցներում, կրկին նշեց, որ ժամանակն է առիթն օգտագործել ժողովրդի դժգոհության իրական պատճառները վերացնելու, ճիշտ ծրագիր մշակելու, համախոհության մթնոլորտ ձեւավորելու և երկիրը արագ առաջ տանելու համար:
Միջազգային լրատվամիջոցների համար Փաշինյանի կազմակերպած մամուլի ասուլիսը լայն արձագանք ունեցավ: Փաշինյանը կրկին հաստատեց խաղաղ հեղափոխությունը շարունակելու և իր տրամաբանական ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարվեց նաև Ռուսաստանի հետ եղած որոշ խնդիրներին: Հիմնական ուղերձն այն էր, որ բոլոր երկրների հետ կշարունակվեն բարիդրացիական հարաբերությունները:
Ստեղծված նոր իրավիճակում ակնհայտ էր, որ իշխանական Հանրապետական կուսակցությունը ցանկանում էր Հայաստանի նոր վարչապետ առաջադրել փոխվարչապետ Կարեն Կարապետյանին: Վերջինս հայտարարեց Փաշինյանի հետ բանակցություններից հրաժարվելու մասին, նշելով, որ երկխոսությունը չի կարող կայանալ միակողմանի պարտադրվող օրակարգով, լրագրողների մասնակցությամբ և Փաշինյանի կողմից մատնանշված անձանց հետ:
Ապրիլի 25-ին ՀՅԴ-ն հայտարարեց քաղաքական կոալիցիայից դուրս գալու մասին, նաև առաջրկելով իրավիճակը հանգուցալուծելու իր ծրագիրը. «Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձևավորած կառավարության մշակած պետության ներքին և արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի.
ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը,
բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը,
գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը,
դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-նշվում էր Դաշնակցության հայտարարության մեջ:
Հաջորդ օրը ՀՅԴ 3 նախարարներն ու երկու մարզպետները ներկայացրեցին իրենց հրաժարականի դիմումները:
Վարչապետի ընտրության խորհրդարանի հատուկ նիստը նշանակվեց մայիսի 1-ին:
Դաշնակցության ներկայացուցիչների և Փաշինյանի միջև կայացած հանդիպումից և կողմերի դիրքորոշումները հստակեցնելուց հետո, ապրիլի 27-ին Դաշնակցությունըհանդեսեկավնորնախաձեռնությամբ. «Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»,-ասված էր հայտարարության մեջ:
Ապրիլի 29-ին, Դաշնակցությունը հայտարարեց, որ մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի Փաշինյանի թեկնածությունը, քանզի վարչապետի միասնական թեկնածուի և քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը կարող է իրականություն դառնալ։
Ապրիլի 30-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ իրենց մոտեցումների միջև լուրջ տարակարծություններ չկան:
Մայիս 1-ին, խորհրդարանում, Փաշինյանը չհավաքեց անհրաժեշտ ձայներ՝ ՀՀ վարչապետ ընտրվելու համար, չնայած, որ նրան սատարեցին նաև «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն:
Մայիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների կողմից կրկին առաջադրվեց վարչապետի թեկնածու և մայիսի 8-ին, խորհրդարանի կողմից, ընտրվեց ՀՀ նոր վարչապետ:
Մայիսի կեսերին «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների ու ՀՅԴ-ի մասնակցությամբ ձևավորվեց Ազգային համաձայնության կառավարություն: Չնայած ՀՅԴ-ի պահանջներին, Փաշինյանի նոր կառավարության ձևավորման ժամանակ չստորագրվեց որևէ փաստաթուղթ, և կառավարություն կազմած ուժերը, ըստ էության, համաձայնության եկան միայն հունիսին ընդունված նոր կառավարության ծրագրի շուրջ:
Պետք է փաստել, որ Դաշնակցությունը խնդիր չէր դրել՝ մտնելու կառավարության մեջ և Փաշինյանին հայտնել էր այդ մասին, նշելով, որ պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ նոր իշխանություններին՝ առանց մաս կազմելու կառավարությանը: Սակայն, Փաշինյանի կողմից երկրորդ անգամ հրավեր ստանալուց հետո, Դաշնակցությունը մաս կազմեց կառավարությանը՝ նպաստելով անցումային այդ շրջանում երկրի և կառավարության կայունությանն ու բնականոն գործունեությանը: Դաշնակցությանը վստահվեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները, նաև՝ Արագածոտնի և Գեղարքունիքի մարզպետների պաշտոնները:
Նոր կառավարության ծրագրի առանցքային կետերից էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը պետք է կայանար առավելագույնը մեկ տարվա ընթացքում՝ անհրաժեշտ նախապատրաստություններից և Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո: Մասնավորապես, նախատեսվում էր վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցնել լիարժեք համամասնական համակարգի: Նոր իշխանությունը հայտարարեց նաև, որ Հայաստանը շարունակելու է իր արտաքին քաղաքական ուղեգիծը և այս առումով որևէ փոփոխություն չի նախատեսում:
Փոփոխությունների այս ընթացքին զուգահեռ, Հայաստանի առջև ծառացել էին նաև մեծ ռիսկեր՝ թե՛ արտաքին և թե՛ ներիքին առումներով: Նախ, ժողովրդային շարժման իրական բնույթը, ի սկզբանե անկանխատեսելի էր: Շարժումը ասպարեզ եկավ մեկ հիմնական կարգախոսով՝ «Մերժիր Սերժին», որը չէր ցուցանում երկրի զարգացման ապագայի ճանապարհը: Եվ հենց շարժման սկզբնափուլում ահազանգներ հնչեցին՝ Հայաստանում գունավոր հեղափոխության հավանական ծավալման մասին, ինչը ենթադրում էր արտաքին քաղաքական կուրսի հնարավոր և վտանգավոր փոփոխություններ: Ակնհայտ էր, որ շարժումը ծավալվում էր արևմտյան տեխնոլոգիաներով, այն ղեկավարում էին արևմտամետ ուժերն ու գործիչները, որոնք նախկինում դեմ էին արտահայտվել Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Աչքի առաջ ունենալով Վարաստանի և Ուկրաինայի սցենարները իրական վտանգ կար, որ Հայաստանը ևս կարող է ներքաշվել Արևմուտք-Ռուսատան, նաև Արևմուտք-Իրան հակամարտության մեջ: Արդյունքում Հայաստանը կներքաշվեր իրեն ոչ նպաստավոր հակամարտությունների մեջ, որի համար վճարված գինը կարող էր լինել Արցախը, ինչպես Վրաստանը վճարեց Աբխազիայով և Հարավային Օսեթիայով, իսկ Ուկրաինան՝ Ղրիմով:
Ակնհայտ էր, նաև, մեկ այլ բան. Հայաստանում արտաքին ուժերի միջամտությունները ակնառու էին, ինչը հիմնականում դրսևորվում էր տարբեր ՀԿ-ների և շարժումների, այդ թվում աղանդավորական, հակաեկեղեցական, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ակտիվացմամբ: Որ շարժումը կարող էր վերածվել հակառուսական պայքարի, շառ ռեալ էր և ռուսական կողմը ևս չէր թաքցնում իր մտահոգությունները: Դա էր պատճառը, որ կարճ ժամանակում տեղի ունեցան Փաշինյան-Պուտին մի քանի հանդիպումներ: Հասկանալի էր, որ Հայաստանի նոր իշխանությունները ևս գիտակցում էին, որ եթե արտաքին քաղաքականության մեջ տեղի ունենան փոփոխություններ, ապա հակազդեցությունը կլինի մեծ և վտանգավոր ելքով:
Երկրորդ կարևոր վտանգը Արցախյան ճակատում էր: Ժողովրդային շարժման օրերին, Արցախի ուղղությամբ, Ադրբեջանն ակտիվ զորաշարժեր էր իրականացնում, իսկ Նախիջևանի սահմանագծում ադրբեջանական ուժերը, չեզոք գոտում, առաջ էին շարժել իրենց ստորաբաժանումները՝ սպառնալից դիրքեր գրավելով Երևանը Հայաստանի հարավին և Արցախին կապող մայրուղու նկատմամբ: Ոչ հայանպաստ հայտարարություններով հանդես եկան նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ նախագահի խորհրդականը:
Անորոշ էին Փաշինյանի մոտեցումները Արցախյան հարցի շուրջ, չնայած որ Դաշնակցության հետ տարբեր հանդիպումների ժամանակ ստացվել էին հավաստիացումներ՝ Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում ոչ հայանպաստ զիջումների չգնալու վերաբերյալ:
Երրորդ ռիսկը պայմանավորված էր ազգային կազմակերպությունների և ավանդույթների դեմ որոշակի ոտնձգություններով: Հատկապես ակտիվ պայքար սկսվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ. հանդես եկավ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը, որը արժեզրկում էր Հայ առաքելական եկեղեցին ու հոգևոր դասին:
Չորրորդ խնդիրը, որ ծառացավ, բանակի բարձրաստիճան որոշ նախկին սպաների և ղեկավարների դեմ մեղադրանքների առաջադրումն էր, հատկապես ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները՝ Մարտի 1-ի գործով: Մեղադրանքներ առաջադրվեցին նաև այլ գեներալների, որոնք մեղադրվում էին տարաբնույթ չարաշահումների մեջ:
Մարտի 1-ի գործով, Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, կալանավորվեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այս գործողությունները որոշակիորեն ընտրովի արդարադատության տպավորություն էին ստեղծում, քանզի Հայաստանում արատավոր համակարգը ձևավորվել էր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, իսկ Մարտի 1-ի արյունալի դեպքերի համար մեղավոր էին երկու կողմերը, հետևաբար մեղադրանքները չէին կարող միակողմանի լինել:
Հինգերորդ խնդիրը դրսևորվեց, հատկապես օգոստոս-սեպտեմբերին՝ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի և նրան հաջորդող ժամանակահատվածում: Քարոզարշավը ստացավ աննախադեպ անհանդուրժողական բնույթ, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն, նաև վարչապետ Փաշինյանն ու նրա կողմնակիցները, անհանդուրժողական հայտարարություններով և սպառնալիքներով, հասարակությանը բաժանեցին «սևերի ու սպիտակների», և ողջ քարոզարշավն անցավ ոչ թե ծրագրային դրույթների շուրջ, այլ «սևի ու սպիտակի» և անցյալի մերժման տրամաբանությամբ: Ընտրությանը մասնակցող Դաշնակցությունը և քաղաքական ուժերի մեծ մասը, բազմիցս հայտարարեցին, որ նման ձևով ընտրությունների անցկացումն անընդունելի է և երկրում համերաշխություն ստեղծելու փոխարեն կառուցվում են նոր բարիկադներ՝ գծվում նոր բաժանարարներ:
Երևանում, ստանալով ընտրությունների մասնակիցների 83 տոկոսի քվեն, Փաշինյանը հայտարարեց, որ ժողովուրդը ցանկանում է՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն 2018 թ. դեկտեմբերին և որևէ պատճառ չկա այն հետաձգելու համար:
Ակնհայտ էր, որ ժողովրդային ալիքի վերելքի պարագայում, Փաշինյանը ձգտում էր ընտրություններով ամրագրել իր դիրքերը՝ խորհրդարանում ստանալով հնարավոր առավելագույն աթոռներ:
Ուրվագծվում էր նաև այն, որ Փաշինյանը ցանկանում է միայն իր ղեկավարած ուժի միջոցով ձևավորել ապագա կառավարությունը, ձգտելով ձերբազատվել այլ պարտավորություններից:
Նման առիթ հանդիսացավ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում տեղի ունացած ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկությունը: ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, ելնելով Հայաստանում ընթացքող փոփոխությունները Սահմանադրական ուղեծրում պահելու և Խորհրդարանի աշխատանքները խոչնդոտող ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունից, անցկացրեցին մի օրինագիծ, որով նախատեսվում էր հետաձգել Խորհրդարանի նիստի անցկացումը այն պարագայում, եթե նրա աշխատանքները խոչընդոտվեն:
Առիթն օգտագործելով Փաշինյանը կողմնակիցներին կոչ արեց հավաքվել Խորհրդարանի շենքի մոտ, նշված օրինագիծը հայտարարելով «հակահեղափոխական»: Նման պարագայում Դաշնակցությունը կառավարությունից հետ կանչեց պաշտոնյաներին, իսկ Փաշինյանը ժողովրդի առջև ցուցադրաբար ստորագրեց ՀՅԴ և ԲՀԿ բարձրագույն պաշտոնյաներին ազատելու փաստաթղթերը, ինչի իրավունքը չուներ՝ կարող էր միայն նման առաջարկություն ներկայացնել նախագահին: Ըստ էության, նշված օրինագիծը, բխում էր պետության և հենց Փաշինյանի շահերից, քանզի փակում էր անօրինական ճանապարհով խորհրդարանի արձակման հնարավորությունը: ՀՅԴ Բյորոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նշված օրինագիծը նրա համար է, որ երկրում քաղաքական գործընթացներն ու փոփոխությունները տեղի ունենան Իրավունքի ուժով և ոչ թե Ուժի իրավունքով:
Վեցերորդ ռիսկը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու գաղափարն էր: Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի 9-ին, քանզի երկրում տեղի են ունենում հակահեղափոխական գործընթացներ, որոնք կարող են վտանգել հեղափոխության ձեռքբերումները:
Դաշնակցությունը հանդես եկավ ԱԺ արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացման դեմ, նշելով, որ ընտրություններից առաջ, կարճ ժամանակում, հնարավոր չէ իրականացնել Ընտրական օրենսգրքի և դրանից բխող իրավակարգի փոփոխություններ: Նման պրակտիկան կլինի հակաժողովրդավարական: Ակնհայտ էր, որ քաղաքական ուժերը դեռևս պատրաստ չէին այդ ընտրություններին և նրանց համար ստեղծվում էր անհավասար պայքարի դաշտ: Ըստ էության չէին իրականացվում ժողովրդային շարժման և ՀՀ կառավարության ծրագրի պահանջները, ըստ որոնց արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին՝ հատկապես Ընտրական օրենսգրքի փոփոխություններից, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելուց հետո: Օրենսգրքի փոփոխությունների նախագիծը մշակվել էր դեռևս օգոստոս ամսին, և ակնկալվում էր, որ սեպտեմբերին այն կբերվի խորհրդարան: Սակայն կառավարությունը հապաղեց, և օրենսգիրքը, մասնակի փոփոխություններով, խորհրդարան բերվեց միայն հոկտեմբերին, որը սակայն չընդունվեց խորհրդարանի կողմից:
Նախընտրական քարոզչության համար մասնակից 11 ուժերն ունեին ընդամենը 12 օր և ընտրությունները ակնհայտորեն, տեղի էին ունենում անհավասար պայմաններում՝ ժողովրդային շարժման ալիքի, հասարակության զգացմունքայնության, ինչպես նաև Փաշինյանի և նրա թիմի կողմից անհանդուրժողականության և սպառնալիքների ֆոնի վրա: Արդյունքում, Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների շուրջ 70% քվեն, իսկ նրա կողքին, խորհրդարան անցան Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները: Ըստ էության, խորհրդարանը զրկվեց ազգային ընդդիմադիր ուժերի ներկայությունից և ընդհանրապես իրական ընդդիմությունից: Առաջիկա պայքարը կծավալվի արտախորհրդարանական ընդդիմության առանցքի շուրջ: Երկրում ձևավորվեց մենիշխանության իրական վտանգ, որը նահանջ է ժողովրդավարությունից և կարող է հանգեցնել նոր ներքաղաքական բևեռացման: Իսկ վերը նշված բոլոր ռիսկերը մնում են առկա և կպայմանավորեն 2019 թվականի քաղաքական կյանքի բովանդակությունը: Հայաստանում բացառվեց հին արատավոր երևույթների վերադարձը, սակայն հանրության կենսամակարդակի բարձրացումը, սոցիալական արդարության հաստատումն ու արտաքին քաղաքական մարտահրավերները մնում են չլուծված: Իրական հեղափոխությունը դեռ առջևում է և նոր իշխանությունները կանգնած են իրենց խոստումներն իրականացնելու խնդրի առջեւ՝ իրենց ձեռքում ունենալով այն իրականացնելու իշխանական ամբողջ լծակները: Իշխանությունը պարտավորություն է սեփական ժողովրդի առջև և ոչ թե՝ առանձնաշնորհում: Հուսանք, որ 2019 թվականը կլինի կառուցելու, զարգանալու և համերաշխության տարի:
ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ