Թուրքիան այս ամենն անում է արաբական աշխարհին սիրաշահելու համար
29 Նոյեմբեր 2024
«Թուրքիան այս ամենն անում է արաբական աշխարհին սիրաշահելու համար, սակայն իրականում ես կարծում եմ, որ ներքին համաձայնություն կա, որովհետև Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարից ընդամենը ժամեր անց սկսվեց այս հարձակումը, որը վստահաբար նախապատրաստված էր»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ խոսելով այն մասին, որ նոյեմբերի 27-ին թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա։
«Ես հավատում եմ, որ Իսրայելն ու Թուրքիան դաշնակիցներ են՝ չնայած նրան, որ հանրայնորեն միմյանց դեմ արտահայտություններ են հնչեցնում»,–հավելեց նա։
«Զինյալ ահաբեկիչների կողմից չորեքշաբթի օրը սկսված հարձակումը մեծ թափ ուներ, նրանք լավ նախապատրաստված էին։ Սիրիական բանակը սկզբում հակադարձեց, այժմ էլ պատրաստվում է շրջանների ազատագրման համար հակահարձակման։ Անշուշտ, սիրիական բանակին օգնում է ռուսական օդուժը։ Թեև սկզբում զինյալ ահաբեկիչները բավական շատ գյուղեր էին գրավել Հալեպի արևմտյան շրջաններում, բայց դրանք սակավ բնակչություն ունեցող գյուղեր էին։ Մի քանի գյուղեր զորքն արդեն ազատագրել է, այժմ բախումներ են տեղի ունենում Հալեպի արվարձաններում՝ քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա»,–նշեց «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։
Հարցին, թե արդյո՞ք կարող է պատերազմ սկսվել, Զարմիկ Պողիկյանը պատասխանեց.
«Այն շրջանը, որի վրա այս պահին հարձակում է տեղի ունենում, այդքան էլ մեծ չէ։ Փորձում են հարձակվել և գրավել Մ5 կոչվող միջպետական ճանապարհը։ Նրանց զորակցողը հիմնականում Թուրքիան է։ Նրանք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ թուրքական զորքերի մուտքն այդ տարածք դյուրին լինի։ Մինչ այժմ քաղաք մտնել չեն կարողացել, սակայն հրթիռներ են նետում, բնակելի վայրերն են ռմբակոծում։ Այսօր օրինակ, հրթիռակոծեցին Հալեպի պետական համալսարանի հանրակացարանը. չորս զոհ և տասնյակ վիրավորներ կային»։
Հարցին, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը, Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը պատասխանեց. «Ըստ երևույթին, Թուրքիան փորձում է զիջումներ կորզել Սիրիայից, որովհետև Սիրիայի կարծիքը հստակ էր. պատրաստ է բանակցությունների և հարաբերությունների վերականգնման՝ մի պայմանով, որ թուրքական ուժերը դուրս գան Սիրիայի տարածքներից։ Սիրիայի պայմանը սա էր, և եթե այն իրագործվեր, երկխոսության հարթակ կստեղծվեր, սակայն, ըստ երևույթին, Թուրքիան ցանկացավ շրջանցել այդ պայմանը, և Սիրիային ստիպողաբար բերել բանակցության սեղանի մոտ»։
Խոսելով դեպքերի հետագա հնարավոր զարգացումների մասին, Զարմիկ Պողիկյանն ասաց.
«Հիմա, եթե նկատի ունենանք զինյալ ահաբեկիչների ձեռքի տակ եղած զենքերը, քաղաք մտնելու կարողություն չունեն, կարող են քաղաքի ծայրամասերը թափանցել, հրթիռակոծել։ Հաշվի առնենք նաև, որ Սիրիայի և Ռուսաստանի օդային ուժերն արդեն գործի են դրվել, և պատրաստվում են հակահարձակման։ Բայց չենք կարող ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կարող են տարածաշրջանային այլ զարգացումներ լինել, կարող է Թուրքիան մասնակցել ուղղակի բախումներին։ Կարծում եմ՝ բանակցությունների ենք գնում, բայց կողմերն իրար վրա փորձում են ճնշում գործել»։