Հալեպում հայկական դպրոցներն ու եկեղեցին այսօր փակ են եղել, հիմնական խնդիրը հացի ապահովումն է
01 Դեկտեմբեր 2024
Հալեպում անվտանգային վիճակը հարաբերաբար հանդարտ է, կրակոցներ կան, սակայն հայկական թաղամասերից հեռու են։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի Խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Նա հայտնեց, որ ռմբակոծումները մի քանի ժամ շարունակվել են։
«Ռուսական օդանավերը հրթիռակոծում են զինյալներին, սակայն քաղաքի մեջ վիճակը որոշ չափով հանդարտ է, թեև կան կրակոցներ»։
Պատգամավորը տեղեկացրեց, որ այսօր դպրոցները փակ են եղել, փակ է եղել նաև եկեղեցին։ «Այսօր մինչեւ ժամը երեկոյան 5-ի դուրս գալը արգելված էր, այս պատճառով առաջնորդարանը հայտարարություն էր տարածել»։
Նա ընդգծեց, որ կենցաղային հիմնական դժվարությունը հաց ապահովելու խնդիրն է։ «Փուռերը այսօր բաց էին, սակայն ահավոր խճողում էր։ Կանաչեղենի եւ մրգեղենի խնդիր առայժմ չկա»։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր Հալեպից ՀՀ հյուպատոսի հեռանալու հանգամանքները, փորձեցինք ճշտել, թե արդյոք այլ երկրների հյուպատոսարանները ևս փակ են:
Գապրիելյանը պարզաբանեց, որ Հալեպում մի քանի հյուպատոսարան կա միայն։ «Մնացյալը Դամասկոսում են։ Պարսկական հյուպատոսարանը ևս փակ է, զինեալները մուտք գործել հյուպատոսարան»։
Դիտարկմանը, թե այդ դեպքում՝ արդյո՞ք արդարացված էր Հայաստանի հյուպատոսարանի փակումը՝ Գաբրիելյանը պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա։
«Համայնքի զավակներով զբաղած է Բերիո Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանը, հեռախոսահամար են հայտարարել ժողովուրդին օգտակար դառնալու համար։ Միաժամանակ, Արամ Մանուկյան ակումբը միշտ պատրաստ է օգտակար դառնալու»,-հայտնեց պատգամավորը։
News.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ այսօր, ցավոք, 66-ամյա հայ է զոհվել, դեպքը Հալեպից դուրս գալու ժամանակ է ունեցել, երբ փորձել է հեռանալ քաղաքից. «Դեպքը Հալեպի մեջ չի եղել, Սալեմիի ճանապարհի վրա է՝ Հալեպից դուրս գալու ճանապարհին է, որտեղ էլ, ցավոք, դիպուկահարի կրակոցից զոհվել է: Հիմա ապահով չէ, ճանապարհ ելնելը ճիշտ չէ եւ դրա համար հիմա չի կարելի դուրս գալ»: