Կառավարությունից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ
07 Մայիս 2025
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Կառավարությանը պահանջներ է ներկայացրել: Արցախցիները իշխանությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:
Գործադիրի հետ արցախցիները դեռ քննարկում չեն ունեցել, բայց ըստ «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանի՝ Կառավարությունից վստահեցրել են, որ դրա շուրջ համատեղ քննարկում կունենան: Այժմ Շահվերդյանի խոսքով՝ աշխատանքային խմբեր են ձևավորվում, որոնք պետք է զբաղվեն Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով:
«Մեր առաջարկները հիմնված են Կառավարության 2023 նոյեմբերի 9-ին ընդունված մշակութային բնագավառի ռազմավարության ծրագրի հիման վրա: Կառավարության այդ ռազմավարությունը ենթադրում է, որ գործուն միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային հարթակներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար: Սա նշանակում է, որ պետք է հաշվառվի Արցախի մշակութային ժառանգությունը և շտեմարաններ ստեղծվեն: Մենք շատ կարևորում ենք ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցները: Մենք առաջարկներ ունենք նաև այդ ուղղությամբ: Արցախի կատարողական արվեստի 12 խմբերի ստեղծած արդյունքներն այժմ անհետանալու վտանգի տակ են, առանց այդ էլ դրանք դրանք սոցիալական ցանցերից անհետանում են Ադրբեջանի քաղաքականության պատճառով: Պետք է քայլեր ձեռնարկվեն այդ արդյունքները հաշվառվելու, պահպանելու ուղղությամբ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Շահվերդյանը:
Ըստ Շահվերդյանի՝ Արցախի 12 պետական համույթները, Ստեփանակերտի Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, որը 90 տարվա պատմություն ունի, 2023-ի բռնագաղթից հետո ֆինանսի բացակայության պատճառով ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը:
«Մեր պահանջը նաև այն է, որ ուղղակի կամ անուղղակի հովանավորվի այդ կոլեկտիվների գործունեությունը: Դրանք հովանավորվում էին տարբեր հիմնադրամների կողմից, բայց հիմա դրանցից շատերը դադարեցրել են իրենց գործունեությունը»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:
Հայաստանում ըստ նրա՝ չկա օկուպացված Արցախի հուշարձանների շտեմարան և Կառավարությունը քայլեր էլ չի ձեռնարկում դա ունենալու ուղղությամբ:
«Մենք ունենք շուրջ 30 թանգարանային հավաքածու, որոնք կամ ամբողջությամբ կամ մասնակի մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ, հիմա որոշների ճակատագիրն անհայտ է, որոշներն ըստ հրապարակված լուսանկարների՝ ոչնչացվել են: Ցավոք, մենք չենք տեսնում, որ այդ շտեմարանների ձևավորման համար քայլեր են ձեռնարկվում: Օրինակ, 2022-ի աշնանը, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը ստեղծեց Շուշիի 7 մշակութային հավաքածուների կատալոգները, այսօր մեր կազմակերպությունը Նիդերլանդների դեսպանության ֆինանսավորմամբ ստեղծում է մյուս թանգարանների 4 կատալոգները, սակայն պետական քաղաքականություն այդ ուղղությամբ մենք չենք տեսնում»,- ասաց «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահը:
Նա նշեց, որ այժմ վտանգի տակ են Արցախի մոնումենտալ արվետսի գործերը, քանի որ դրանցից շատերը տեղակայված են Ստեփանակերտում, որը հիմա ոչնչացվում, ավերվում է Ադրբեջանի կողմից:
Սերգեյ Շահվերդյանը հավելեց նաև, որ Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելը՝ կխախտի արցախցիների իրավունքները:
Մանրամասները՝ տեսանյութում.