Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջազնունուն
17 Մայիս 2025
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանի ճարտարապետների պալատի համագործակցությամբ 2024թ. հոկտեմբերի 15-ին կայացել էր «Հովհաննես Քաջազնունին՝ ճարտարապետ» խորագրով գիտաժողովը, որը նպատակ ուներ ներկայացնելու Հովհ. Քաջազնունու ճարտարապետական ժառանգությունը և նրա դերն ու նշանակությունը հայ մշակույթի պատմության մեջ։
Մայիսի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում կայացավ գիտաժողովի զեկույցների ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին Հայաստանի ճարտարապետության, մշակույթի և պատմության ոլորտի մասնագետներ, դասախոսներ, արվեստագետներ և ուսանողներ։
Համազգայինի Կենտրոնական վարչության կողմից ներկա էին ընկերներ Արտաշես Շահբազյանը (Հայաստան), Արա Գևորգյանը(Լիբանան) և Տիգրան Պապիկյանը(ԱՄՆ)։
Կենտրոնական վարչության անդամները ողջունեցին և կարևորեցին օրվա թեման և գրքի ծնունդը` որպես մեծ հային մշակույթի ճանապարհով նորովի ճանաչելու և բացահայտելու հնարավորություն։
Համազգայինի Երևանի գրասենյակի կողմից ողջույնի խոսք ասաց և միջոցառումը վարեց Ռուզան Առաքելյանը։ Նա նշեց, որ ներկա սերունդը պետք է ճանաչի ոչ միայն Քաջազնունի ազգային գործչին, այլև` արվեստի մարդուն։ Մարդ, ով իր ապրած կյանքով հայրենի երկրի հանդեպ նվիրումի ու հայրենասիրության վառ խորհրդանիշ է։
Ներկաները առիթ ունեցան իրենց սրտի խոսքն ասելու գրքի լույս ընծայման առիթով` կարևորելով Համազգայինի կատարած նշանակալից աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում