ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը «միջանցքների պատերազմի» թատերաբեմ

01 Սեպտեմբեր 2025 Սույն հոդվածը գրվել է Թրամպ-Ալիև-Փաշինյան վաշինգտոնյան հանդիպումից առաջ, այդ պատճառով էլ նրանում բացակայում է անդրադարձը հիշյալ հանդիպմանը՝ վերջինիս արդյունքներին ու հետևանքներին։ Սրանով հանդերձ, իրողությունների վերլուծությունը բխում է աշխարհաքաղաքական առկա իրողություններից և դրանց հնարավոր զարգացումների հավանականությունից։

Ադրբեջանում աճում են հակառուսական տրամադրությունները, և դժվար չէ կանխատեսել, որ ռուս-իրանական ռազմավարական համաձայնագիրն Ալիևին դրել է այնպիսի վիճակի մեջ, որ նա ստիպված է կամ գնալ դեպի Ռուսաստան-Իրան առանցքի ուղեծիր, կամ պետք է գործի այդ առանցքի դեմ։ Բայց ո՞ւր է գնում Ալիևը և ինչո՞ւ։

Հիշենք, որ ապրիլի 21-ին Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը։ Իրանական կողմը վավերացրել է պայմանագիրը մայիսի 21-ին, իսկ Իրանի Պահապանների խորհուրդը՝ հունիսի 11-ին: Պայմանագիրը, որը երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են հունվարի 17-ին, ունի 47 հոդված։ Այն ենթադրում է, որ կողմերից յուրաքանչյուրը, եթե մյուսը ենթարկվում է արտաքին սպառնալիքի, պարտավորվում է չաջակցել ագրեսորին և պետք է ձգտի նպաստել հակամարտության կարգավորմանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Բացի այդ, Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի այցը Իրան համաձայնեցվում է դիվանագիտական ուղիներով։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը հույս ունի, որ Ռուսաստանի առաջնորդը կայցելի Իրան 2025 թվականին։ Թե ինչ կնշանակի նման այցը Ադրբեջան-Իսրայել զույգի համար, ինքնաբերաբար հասկանալի է: Մինչև ռուս-իրանական համաձայնագրի կնքումը, Ալիևն իրեն անվտանգ էր զգում Իրանի հետ հարաբերություններում՝ զգալով Ռուսաստանի պաշտպանությունը, կամ առնվազն չեզոքությունը։ Սակայն հունվարի 17-ից հետո ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը և Իրանը սկսում են երկարաժամկետ համագործակցություն։ Այս դեպքում Ադրբեջանն արդեն սպառնալիք է զգում նաև Ռուսաստանի կողմից։ Ալիևը, զգալով Ռուսաստանի ազդեցության թուլացումը Անդրկովկասի տարածաշրջանում, հակառուսական գործողություններով ցանկանում է ուշադրություն հրավիրել իր վրա՝ որպես տարածաշրջանում կշիռ ունեցող գործոն։ Սակայն սա պատրանք է, և տարածաշրջանի քարտեզն ինքնին խոսում է դրա մասին։

Ադրբեջանը սահմաններ չունի Իսրայելի հետ, սահմաններ չունի Թուրքիայի հետ, սահմաններ չունի նույնիսկ իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Նման աշխարհագրությամբ Ադրբեջանը լուրջ խնդիր չէ Ռուսաստանի համար։ Հենց այդ պատճառով է, որ Իսրայել-ԱՄՆ-ը զույգը այժմ ստիպում է Հայաստանին բացելու այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ կապելու համար, այդպիսով հակադրվելով Ռուսաստանի շահերին՝ իրենց հեռահար հակառուսական ծրագրերով։ Եվ սա կարող է լինել պատճառը, որ Հայաստանի վարչապետը կարճատև ուղևորություն կատարեց Միացյալ Նահանգներ և հանդիպեց հիմնականում իսրայելամետ ամերիկյան խմբերի հետ (Ատլանտյան խորհուրդ, «Հերիթիջ» հիմնադրամ և այլն): Իրանի սկզբունքային դիրքորոշման պատճառով ռուսական քաղաքական շրջանակներում արդեն իսկ հստակ ըմբռնում կա, որ Իրանի հարևան երկրներով և, ընդհանուր առմամբ, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններով ու Ռուսաստանով անցնող միջանցքները բաժանվում են երկու խմբի. կամ դրանք իրանական միջանցքների մրցակիցներ են, կամ էլ հակաիրանական նախագծեր։

Հակաիրանական միջանցքները միտված են աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և աշխարհամշակութային ոլորտներում Իրանի համար բարդություններ ստեղծելուն։ Այս միջանցքներում ապրանքների և առևտրի տարանցումը չէ իրական նպատակը, այլ հիմնականում հետապնդվում են անվտանգային նպատակներ, որոնք պատմականորեն հիմնված են Արևմուտքի տարածքային էքսպանսիոնիզմի վրա։ Ադրբեջանի Հանրապետությունն իր հերթին ձգտում է ապահովել, որպեսզի միջազգային արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ տրանսպորտային ուղիներն անցնեն իր տարածքով: «Զանգեզուր» տեղանունը կիրառելով Հայաստանի հարավի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը բազմիցս սպառնացել է Երևանին, որ կբացի «Զանգեզուրի միջանցք»՝ կիրառելով քաղաքական կամ ռազմական գործիքակազմ, ինչն անմիջապես բացասական արձագանք է առաջացրել Հայաստանում և Իրանում: Բաքուն և Անկարան հետապնդում են Հարավային Հայաստանի զավթման նպատակը՝ համաձայն պանթուրանական տեսլականի: Իրականում, «Զանգեզուրի միջանցք» կեղծ տերմինի օգտագործումը «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքի» փոխարեն սխալ է պատմական, քաղաքական և իրավական տեսանկյունից: Քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կամ, ավելի ճիշտ, Ալիևի կողմից հորինված «Արևմտյան Զանգեզուր» կեղծ հասկացությունը վերաբերվում է Սյունիքի մարզին, որը սահմանակից է Իրանին:

Իրականում, այս տեղանունը տարածքային պահանջ է Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ: Եթե այն իրականացվի, ապա կփոխի ամբողջ տարածաշրջանի տարանցիկ քարտեզը: Հիշյալ միջանցքը միտված է Իրանի և Հայաստանի կապը ոչնչացնելուն (Սյունիքի մարզի փոխանցումն Ադրբեջանի Հանրապետությանը, ցանկացած անվան տակ, նույնիսկ որպես տրանսպորտային երթուղի), և կստեղծի պանթյուրքիզմի (պանթուրանիզմի) աշխարհագրական կապը Թուրքիա-Ադրբեջանի Հանրապետություն-Կենտրոնական Ասիա առանցքի երկայնքով՝ համաձայն միջազգային գլոբալ խաղացողների և ՆԱՏՕ-ի նպատակների և այդպիսով հիմք կհանդիսանա Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հիմնական ու կենսական շահերին լուրջ հարվածներ հասցնելու հետևյալ չորս ոլորտներում:

1. Տարանցիկ գոտի. Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ներկայումս կենտրոնանում են չորս խոշոր տարանցիկ նախագծերի վրա՝ «Մետաքսի ճանապարհի վերածննդի նախագիծը կամ «Գոտու ճանապարհ», «Հյուսիս-Հարավ միջանցք», «Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք» և «Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) միջանցք»: ՆԱՏՕ-ի «Թուրանի միջանցքի» շրջանակներում Անկարան պատրաստվում է «միջանցք» բացել Թուրքիայից դեպի Կովկաս և Կենտրոնական Ասիա, ապա՝ Աֆղանստան և Պակիստան (Գվադար):

Այդպիսով, վերը նշված չորս միջանցքները ինչ-որ կերպ կկտրվեն, կխափանվեն կամ կթուլանան: Այս հարցի կարևորությունն այն է, որ ամերիկյան վերլուծական կենտրոնները հայտարարել են, որ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետևանքները շատ ավելի մեծ կլինեն, քան Չինաստանի ռազմական սպառնալիքը Միացյալ Նահանգների համար: Այն փաստը, որ Թուրքիան և Ադրբեջանի Հանրապետությունը պնդում էին դարի և փաշտո լեզուներով խոսող Աֆղանստանի դիտորդ անդամակցության վրա, այսպես կոչված՝ թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդում, նույն հարցի արդյունք էր, այն է՝ Աֆղանստանի դիրքավորումը «միջանցքային պատերազմում»:

2- Էներգետիկ ոլորտ. «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքը» նախատեսված է Կասպից ծովով Ուզբեկստանից, Ղազախստանից և Թուրքմենստանից Բաքու գազ մատակարարելու համար: Ներկայումս գործում է Բաքվից Իտալիա գազատար (որը ներառում է Հարավային Կովկասի երկու հատվածները՝ Տրանսանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP) և Վերին գազատարը): Սակայն միայն Բաքուն բավարար գազ չունի այս խողովակաշարով մատակարարելու համար: Եթե «Թուրանի միջանցքը» իրականացվի և նշված երեք երկրների գազը միացվի այդ խողովակաշարերին, Եվրոպան լուրջ կարիք չի ունենա ռուսական գազի՝ ռազմավարական «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի, Իրանի (Նաբուկո նախագծի տեսքով) գազի, և Ռուսաստանի ու Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները էներգետիկ ոլորտում կթուլանան:

Միևնույն ժամանակ, Չինաստանը նույնպես կբախվի Կենտրոնական Ասիայից, մասնավորապես Թուրքմենստանից, իր էներգետիկ կարիքները բավարարելու խնդիրների հետ:

3- Էթնիկական հարցերի ոլորտում. «միջանցքը» պետք է ստեղծի լայն էթնիկ ալիք՝ հիմնված պանթուրքիզմի վրա, որպես միջուկ ունենալով ադրբեջանցիներին և թուրքմեններին Իրանում, Չինաստանի ույղուրներին և Ռուսաստանի թաթարական և թյուրքական շրջանները:

4- ՆԱՏՕ-ի ընդլայնման ոլորտում. «Թուրանական միջանցքը» պետք է ՆԱՏՕ-ն ուղղակիորեն տանի դեպի Իրանի հյուսիսային սահմանները, Ռուսաստանի հարավային սահմանները և Չինաստանի արևմտյան սահմանները՝ Սինցզյան նահանգում, այդպիսով ավարտելով այդ երկրները շրջապատելու և դրանց փլուզման հիմքը դնելու ծրագիրը: Փաստն այն է, որ ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնվելու ցանկությունը չի մարել Խորհրդային Միության փլուզումից ի վեր, և վերաիմաստավորելով իր հռչակված գլոբալ դերը՝ ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվի այնպիսի կարևոր տարածաշրջաններից, ինչպիսիք են Կովկասը և Կենտրոնական Ասիան: ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ Ադամ Թոմսոնն ընդգծում է, որ «Թուրանական միջանցքը» ՆԱՏՕ-ն կտանի դեպի Չինաստանի Սինցզյան նահանգի սահմանները:

Մտածել, թե քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, պարտադիր չէ, որ ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներկա լինի այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Կովկասը և Կենտրոնական Ասիան, կլիներ չափազանց միամիտ, քանի որ, նախևառաջ, նման տրամաբանությամբ ՆԱՏՕ-ն չպետք է շարժվեր դեպի Ուկրաինա, Շվեդիա և Ֆինլանդիա, քանի որ Ռուսաստանի մյուս հարևանները, ինչպիսիք են Էստոնիան և Լատվիան՝ 2004 թվականից, իսկ Լեհաստանը (ռուսական Կալինինգրադի հարևանը), ՆԱՏՕ-ի անդամ են 1999 թվականից: ՆԱՏՕ-ի երկրորդ նպատակը Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին շրջապատելն է, և ՆԱՏՕ-ի ներկայությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ըստ էության, լրացնում է Ռուսաստանին Սև ծովից, Չինաստանին Հարավչինական ծովից և Իրանին Պարսից ծոցից շրջափակելու ծրագիրը: Երրորդ, ՆԱՏՕ-ի նպատակների սահմանման մեջ ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցքը նախերգանք է այսպես կոչված՝ թյուրքալեզու երկրների կազմակերպական ամրապնդման և այս կազմակերպության տեսքով, այսպես կոչված՝ «թյուրքական ՆԱՏՕ»-ի ստեղծման համար (նման է արաբական ՆԱՏՕ-ի գաղափարին՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի տեսքով): Հենց այս հիմքի վրա է, որ վերջին տասնամյակներում, չնայած ՆԱՏՕ-ի դեպի արևելք շարժման նկատմամբ Ռուսաստանի զգայնությանը, ՆԱՏՕ-ն չի բավարարվել միայն Թուրքիայի անդամակցությամբ ՝ մշակելով այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Խաղաղություն հանուն գործընկերության», կամ «ՆԱՏՕ-ի հետ անհատական համագործակցության ծրագիրը», կամ «Բաց երկնքի ծրագիրը» ՝ հետխորհրդային երկրների հետ։

Իրանը «Զանգեզուրի միջանցքի» (ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցք) գործարկումը դիտարկում է որպես տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և աշխարհամշակութային կարողությունների թուլացում։ Նախ, այս աշխարհաքաղաքական ցնցումները հետապնդում են սահմանային և աշխարհաքաղաքական փոփոխությունների, Իրանի և Հայաստանի միջև սահմանի կտրման և պանթուրքիզմի ամրապնդման նպատակ։ Միևնույն ժամանակ, Իրանը կորցնում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապող օղակ լինելու հանգամանքը։ Երկրորդ, Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի գործակալ, փորձում է իրականացնել Արևմուտքի՝ Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին զսպելու ծրագիրը՝ նոր տարածաշրջանային համակարգի ձևավորումը կանխելու նպատակով։ Այս ծրագրի կենտրոնում է «Զանգեզուրի միջանցքը», որի նպատակն է համակարգել տարածաշրջանի երեք երկրների տարանցիկ և էներգետիկ հավասարումներն ու ծրագրերը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, ինչպես նաև թուրան-անգլիական էթնոցենտրիզմի խթանումը։ Երրորդ՝ Իրանը կորցնում է իր հիմնական դերը որպես միջնորդ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև այս երթուղու գործելու դեպքում Արևելք-Արևմուտք միջանցքը կմղվի երկրորդ պլան։ Կենտրոնական Ասիայի հետ Թուրքիայի առևտրի կարևոր մասը կախված է Ռուսաստանի և Իրանի միջով անցնող բեռնատարների տարանցումից։ Ամեն տարի Իրանի տարածքով Կենտրոնական Ասիա է մեկնում 43.000 թուրքական բեռնատար, իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Անկարան կունենա նոր այլընտրանք և կարճ ճանապարհ Կենտրոնական Ասիայի հետ առևտրի համար։ Քանի որ Թուրքիայի առևտրային ուղին դեպի Կենտրոնական Ասիա անցնում է Իրանով, այս ուղին նույնպես կկորցնի իր կարևորությունը նոր միջանցքի բացմամբ։ Չորրորդ՝ Իրանը կկորցնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ինտեգրման կետը, որը Հայաստանն է։ Ներկայումս կան երեք երթուղիներ՝ Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով, որոնք Իրանին հնարավորություն են տալիս մուտք գործելու Եվրոպա։ Այս միջանցքի բացմամբ Հայաստանի երթուղին, որը Իրանի ամենահուսալի դարպասն է դեպի Եվրոպա, կհայտնվի վտանգի տակ։

Իրանը նաև Հայաստանը դիտարկում է որպես «դարպաս» դեպի Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրների շուկաներ։ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականին և ուժի մեջ է մտել 2019 թվականին։ Հինգերորդ՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», եթե այն իրականացվի, ավելի կնվազեցնի Իրանի կարևոր դերը Արևելք-Արևմուտք տրանսպորտային ուղիներում, և վերջապես, Իրանի թիրախային շուկաները կտուժեն էներգետիկ մրցակցության ասպարեզում: «Հարավային Կովկասի անվտանգություն» գրքի հեղինակ, դոկտոր Ահմադ Քազեմին Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդին տեղեկացրել է, որ «Ադրբեջանը ձգտում է ստեղծել երևակայական պանթյուրքական միջանցք Հայաստանի հարավում՝ Թուրքիայի և մնացած Եվրոպայի հետ կապ հաստատելու պատրվակով: Դրա փոխարեն Իրանն առաջարկել է «Արազի միջանցքը», որը երեք տասնամյակ շարունակ եզակի դեր է խաղացել Իրանի համար՝ Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու առումով:

Իհարկե, բացի Մեծ Բրիտանիայից, որպես պանթուրանիզմի լուրջ հովանավոր դեռևս 19-րդ դարից, մյուս եվրոպական երկրները չեն աջակցում «Զանգեզուրի միջանցքին»՝ նեոօսմանիզմից վախի պատճառով: Նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում Միջին միջանցքին, որը բնույթով տարբերվում է «Զանգեզուրի միջանցքից»: Չինաստանը չի աջակցում «Զանգեզուրի միջանցքին» ույղուրների հետ կապված անվտանգության մտահոգությունների պատճառով, սակայն Պեկինը բացասական կարծիք չունի Միջին միջանցքի վերաբերյալ՝ որպես տարանցիկ միջանցքներից մեկի: Միջին միջանցքը որպես հաղորդակցության միջանցք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գրավել է Կենտրոնական Ասիայի երկրների ուշադրությունը: Միջին միջանցքը սկսվում է Չինաստանի ծովային և ցամաքային նավահանգիստներից, անցնում Ղազախստանով մինչև Ակտաու նավահանգիստ, ապա, հատելով Կասպից ծովը, հասնում է Բաքվի նավահանգիստ, և այնուհետև երկաթուղով տեղափոխվում է Վրաստանի Փոթիի և Բաթումիի նավահանգիստներ, իսկ հաջորդ փուլում՝ Սև ծովով, Ռումինիայի Կոնստանցա և Բուլղարիայի Վառնայի նավահանգիստներ:

Երկրորդ տարբերակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է, որը մտնում է Թուրքիա և հասնում Մերսինի ու Ստամբուլի նավահանգիստներ, որպեսզի ծովային բեռնափոխադրումներով հնարավոր լինի ապահովել մուտքը Եվրոպայի տարբեր մասեր ։ Իսկ Հայաստանի հարավով նախատեսվող միջանցքը, որը պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և Նախիջևանից դեպի Թուրքիա, արգելափակում է Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և աշխարհագրական կապ է ապահովում պանթուրանիզմի համար։

2002 թվականից ի վեր, երբ իսրայելական լոբբին (AIPAC) օգնեց Ադրբեջանին չեղարկել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին պետական մակարդակով, Իսրայելը դարձել է Ադրբեջանի լավագույն բարեկամը։ Ե՛վ Իսրայելը, և՛ Ադրբեջանը սպառնալիք են զգում Իրանի կողմից, ուստի նրանց համագործակցությունը շատ բնական է։ Այդ ժամանակվանից ի վեր Բաքուն և Թել Ավիվը դարձել են մտերիմ գործընկերներ, հատկապես ռազմական և էներգետիկ համագործակցության կարևորագույն ոլորտներում: Ադրբեջանը Իսրայել հիմնական էներգակիր արտահանողն է՝ մատակարարելով նրա նավթի ներմուծման 55%-ը: Իր հերթին, Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք և ռազմական տեխնոլոգիաներ է վաճառում Բաքվին: 2016-2021 թվականներին իսրայելական զենքը կազմել է Ադրբեջանի զենքի ներմուծման 69%-ը: Այս մատակարարումները ներառել են հակահրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, որոնք մեծ դեր են խաղացել Ադրբեջանի հաղթանակում Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում: 2016-2023 թվականներին Իսրայելի ռազմական բազաներից Ադրբեջան իրականացվել է զենքի արտահանման 92 չվերթ:

Այս թռիչքներն ավելացել են 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից անմիջապես առաջ։ Գազայում շարունակվող պատերազմը չի խանգարել այս համագործակցությանը։ Ադրբեջանը Մոսադին տրամադրել է Իրանի տարածքի մոնիթորինգի առաջնային բազա, և նույնիսկ վերակառուցել է օդանավակայան, որը Իսրայելը կարող է օգտագործել, եթե պլանավորի հարվածել իրանական միջուկային զենքի օբյեկտներին։ Բանը հասել է նրան, որ Բաքվի որոշ վերլուծաբաններ այնքան վստահ են Իսրայելի հետ հարաբերությունների խորացման հեռանկարների մեջ, որ եզրակացնում են, թե. «եթե Միացյալ Նահանգները որոշի աջակցել Իսրայելի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածին, Ադրբեջանը կարող է նպաստող դեր խաղալ» (տե՛ս https://www.stimson.org/2025/azerbaijans-deepening-energy-ties-with-israel/): Սակայն նման եզրակացությունը խիստ վիճահարույց է։ Տարածաշրջանում ցանկացած զինված հակամարտություն հատկապես հակացուցված է էներգակիրներ արտահանող երկրների համար, քանի որ նրանց արտադրական հզորությունները դառնում են հակառակորդ պետությունների հարձակումների պոտենցիալ թիրախ։ Հատկապես, եթե Ադրբեջանը որպես «խթանող» կողմ, ուղղակիորեն ներքաշվի հարևան Իրանի հետ ռազմական բախման մեջ, ինչպես խորհուրդ են տալիս Բաքվի որոշ փորձագետներ։

Այստեղ արժե ուշադրություն դարձնել երկու կարևոր թեմաների։ Մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում։

Հայ հասարակությունը և քաղաքական վերնախավը խոցված են Լեռնային Ղարաբաղի կորստով, երկու լուրջ ռազմական պարտությունների հետևանքով, որի պատասխանատվությունը նրանք փորձում են բարդել Մոսկվայի վրա, և միևնույն ժամանակ փորձում են դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքականությունը՝ ամրապնդելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցումը տեղի ունեցավ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ Բաքվից Գրոզնի թռչող AZAL ուղևորատար ինքնաթիռի կործանման ֆոնին: Նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելուց հրաժարվելը Բաքվում հպարտությամբ ընդունվեց և համարվեց արդարացված և արժանի քայլ, հատկապես վերջին միջադեպերի ֆոնին՝ AZAL քաղաքացիական ինքնաթիռի խոցումը, ադրբեջանական պաշտոնական ռեսուրսների վրա կիբեռհարձակումները և Միլլի մեջլիսի անդամի Ռուսաստան մուտք գործելու մերժումը: Այս իրադարձությունները, ինչպես պնդում են Ադրբեջանում, շքերթին մասնակցությունը դարձրին անտեղի: Ստորև բերված են Բաքվի որոշ քաղաքական գործիչների և փորձագետների մեկնաբանությունները: Քաղաքագետ և պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը կարծում էր, որ Մոսկվայում կայանալիք միջոցառումներին ներկա պայմաններում մասնակցելը վտանգավոր և անտեղի է։ Որպես պատճառ նա նշում է Ռուսաստանի կողմից խոցված AZAL քաղաքացիական ինքնաթիռի միջադեպը և այլ վիճահարույց հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի պատգամավորին երկիր մուտք գործելու մերժումը։

Նա ընդգծում է, որ Ռուսաստան բոլոր առևտրային չվերթները չեղարկվել են, և Մոսկվայում շքերթին մասնակցությունը կարող է մեկնաբանվել որպես «աջակցություն Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի նկատմամբ անընդունելի քաղաքականությանը»։

Նրա խոսքերով՝ Ադրբեջանը միանշանակ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և համաձայն չէ Կիևում «ֆաշիստական ռեժիմի» մասին հնարավոր հռետորաբանությանը, ինչպես և շքերթին ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների հնարավոր մասնակցության հետ։ Շեշտելով, որ այդ կազմն ակնհայտորեն իրենց համար չէր, քաղաքագետը կարծում էր, որ Մոսկվան արդեն լավ գիտակցում է ինչպես Ադրբեջանի ուժը, այնպես էլ նրա տարածաշրջանային նշանակությունը: Նրա դեմ ուժով, քարոզչական հարձակումներով կամ տնտեսական վնասով գործելու փորձերը կհանգեցնեն Ադրբեջանի համաչափ արձագանքին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասկանար, որ աշխարհի երկրների 90%-ը իրեն լավ չի վերաբերվում. «Թուրքիայի նախագահը, որը Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, չի գնում Մոսկվա:

Իսրայելի վարչապետը և Հունգարիայի առաջնորդը, որի հետ մենք նույնպես լավ հարաբերություններ ունենք, նույնպես այնտեղ չեն գտնվելու: Հետևաբար, չարժե մտածել, որ Ադրբեջանը ինչ-որ կերպ կառանձնանա աշխարհի մնացած մասից»: «ՌԵԱԼ» կուսակցության նախագահ Նաթիգ Ջաֆարլին կարծում էր, որ չգնալու որոշումը ճիշտ է, և այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը տարածաշրջանում Ռուսաստանից ամենաքիչ կախված երկիրն է, և որ վերջին 5-6 տարիների ընթացքում պաշտոնական Բաքուն մեծ դեր է խաղացել Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության թուլացման գործում: Baku Network-ի տնօրեն Էլչին Ալիօղլուն կարծում էր, որ նախագահ Ալիևի բացակայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին ո՛չ ժեստ է, ո՛չ էլ դիվանագիտական բողոք: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը հրաժարվում է իրեն համարել ուրիշի աշխարհաքաղաքական ծրագրերի կցորդ: Պատերազմը վերապրած, տարածքային ամբողջականությունը վերականգնած և դիվանագիտական դժվար փուլերը հաջողությամբ անցած երկիրը այլևս չի ցանկանում մասնակցել խորհրդանշական միջոցառումների՝ թվացյալ հարգանքը պահպանելու համար: Վերջին ամիսներին Բաքվի և Մոսկվայի միջև կուտակվել են բավականին լուրջ տարաձայնություններ:

Եթե Մոսկվան դեռևս Բաքվին համարում է իր «փոքր եղբայրը», ապա ժամանակն է վերանայել Եվրասիայի ժամանակակից քարտեզը: Կրեմլը պետք է հասկանա, որ հիերարխիաների դարաշրջանն ավարտվել է: Նախագահ Իլհամ Ալիևը երկիրը տանում է արտաքին քաղաքականության այնպիսի ուղիով, որտեղ գործընկերներին գնահատում են ոչ թե նրանց անցյալի արժանիքներով, այլ այսօր ցուցաբերած վերաբերմունքով։ Սա նոր աշխարհի կանոնն է. հարգանքը չի հայտարարվում, այն ապացուցվում է ոչ թե խոսքերով, այլ գործերով։

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում էր, որ Իլհամ Ալիևի կողմից Մոսկվայի շքերթի բոյկոտը ճիշտ ռազմավարական որոշում էր։ Նախ, շքերթի հյուրերի մեծ մասը Սուրբ Գևորգի ժապավեններ ունեին իրենց ուսադիրներին՝ ռուսական ագրեսիայի խորհրդանիշ: Երբ Ռուսաստանում շովինիստներն օկուպացրին վրացական հողերը, նրանք այդ ժապավենները կրում էին իրենց օձիքներին:

Նույն այդ ժապավենները «զարդարում» են նրանց Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի ժամանակ: Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող Ադրբեջանի նախագահը չի կրի օկուպանտի խորհրդանիշը: Շատ երկրներում այն ճանաչվում է որպես ռազմական ագրեսիան խթանող խորհրդանիշ և արգելվում է օրենքով կամ անուղղակիորեն, կովկասյան երկրներից՝ Վրաստանում:

Երկրորդ՝ Կարմիր հրապարակում ռազմական տեխնիկայի անցման ժամանակ հաղորդավարը հաճախ օգտագործում էր հետևյալ արտահայտությունը, առանց Ուկրաինայի մասին հիշատակելու. «այս ռազմական տեխնիկան օգտագործվում է «հատուկ գործողության» ժամանակ»։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Կրեմլն այս շքերթն օգտագործել է քաղաքական նպատակներով։ Շքերթը վերածվելու էր գաղափարախոսական հարթակի։ Նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը, չունենալով հավաստի տեղեկատվություն, կարծիք է հայտնում, որ ինքնաթիռի վթարի հետ կապված ակնհայտ պատճառից բացի, կան նաև ռուս-ադրբեջանական հակամարտության այլ կետեր, որոնք դեռևս չեն բացահայտվել։ Սա, առաջին հերթին, կապված է հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Անվտանգության փորձագետ, քաղաքագետ Արաստուն Օրուջլուն կարծում էր, որ շքերթին իր հողերը օկուպացիայից ազատած փառահեղ ադրբեջանական բանակի մասնակցությունը հանցավոր և օկուպացիոն ռուսական բանակի հետ միասին վիրավորանք է Ադրբեջանին, նրա բանակին և ժողովրդին։ Մայիսի 2-ին «Կիբեռհարձակումներ ադրբեջանական լրատվամիջոցների վրա» թեմայով քննարկման ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը հայտարարել է, որ 2025 թվականի փետրվարի 20-ին մի շարք ադրբեջանական լրատվամիջոցների վրա իրականացված կիբեռհարձակումը կազմակերպվել է Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ «հարձակումը բարձր տեխնիկական մակարդակով իրականացվել է APT29 կիբեռլրտեսական խմբի (խումբը հայտնի է «Հարմարավետ արջ», «Կեսգիշերային ձնաբուք» և «Դուքսեր» անուններով, որը կապված է ռուսական հատուկ կառույցների հետ)։

«Ադրբեջանի Global Media Group-ի դեմ իրականացված կիբեռհարձակումները համակարգված և նպատակային էին, որոնց հիմնական նպատակը «հասարակական կարծիքի մանիպուլյացիան և ազգային տեղեկատվական ինքնիշխանության խաթարումն էր», – ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Նագիֆ Գամզաևը։ Նրա խոսքով՝ հարձակումների տևողությունն ու ինտենսիվությունը ցույց են տալիս, որ դրանք ինքնաբուխ չեն, այլ նախապես պլանավորված գործողություններ են։ Ռուսաստանի տարածքից կիբեռհարձակումների թեման հատկապես զգայուն է երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Այս խնդրի լուծումը պահանջում է հավասարակշռված մոտեցում։ Նշենք, որ այս բացահայտ հակառուսական հայտարարությունների ադրբեջանցի հեղինակների ցանկը կարելի է շարունակել անընդհատ։ Իր հերթին, ռուսական մամուլը նաև մեկնաբանել է Ալիևի Մոսկվա մեկնելուց հրաժարվելը։

Օրինակ՝ «Ամեն ինչի համար վրեժ լուծող Ալիևը ինչի՞ հետ փոխանակեց Հաղթանակի օրը» հոդվածում հեղինակը գրում է. «մինչդեռ Հաղթանակի օրվա անբարոյական անտեսումը Ալիևի կողմից կարող է դառնալ Կրեմլի համբերության վերջին կաթիլը, և իշխանությունները վերջապես կսկսեն կոշտ գործել»։ Մեկ այլ հեղինակ գրում է. «մեր թշնամիներին (իմա` Ուկրաինա) զինող պետության հետ կասկածելի «բարեկամությունը», կարծես, ոչ մեկին օգուտ չի տալիս, բացի ադրբեջանական օլիգարխիայի գործընկերներից։ Այնպես որ, մեր հերթն է հարցեր տալու։ Ի դեպ, մենք կարող ենք հարցնել ոչ միայն առևտրի օրինականության և երկրում միգրանտների մնալու մասին։ Ժամանակն է պարզել, թե ինչ է պատահել Ղարաբաղում գտնվող ռուս սպաների հետ։ Հիշենք, որ 2023 թվականի սեպտեմբերին մեր խաղաղապահների UAZ Patriot-ը կրակոցների ենթարկվեց ադրբեջանական զինվորականների կողմից Ջանյաթաղ գյուղի մոտ։ Մեքենայում գտնվող բոլոր զինծառայողները զոհվեցին, այդ թվում՝ խաղաղապահ զորքերի հրամանատարի երկու տեղակալ և այլ սպաներ։ Եթե մենք շարունակենք այսպես խաղաղ և անատամ վարվել՝ չարձագանքելով Բաքվի դեմարշներին, ապա նման միջադեպերը կշարունակվեն նաև ապագայում»։ «Ներկայումս Ադրբեջանի պաշտոնյաները, – իր հերթին սպառնում է «Թուրան» լրատվական գործակալությունը,- պատրաստում են փաստաթղթեր միջազգային դատավարության համար՝ ձգտելով Մոսկվային պատասխանատվության ենթարկել Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ ինքնաթիռի կործանման և 38 ուղևորների մահվան համար։ Պաշտոնական դիրքորոշումը մնում է անսասան. Ռուսաստանը պետք է ճանաչի իր մեղավորությունը, փոխհատուցի զոհերի հարազատներին և ապահովի պատասխանատուների քրեական հետապնդումը։ Ադրբեջանի պաշտոնյաները զգուշացնում են, որ դա չանելը կհանգեցնի հետագա դիվանագիտական սրացման»։ «Երկխոսությունը մնում է տարբերակ, բայց Մոսկվան պետք է պատասխանատվություն կրի», – ասվում է հայտարարության մեջ, որն այժմ հրապարակվել է APA պետական լրատվական գործակալության կողմից։ «Եթե Ռուսաստանը հրաժարվի, Բաքուն պատրաստ է հետագա միջոցառումների»։

Բաքուն նման գործողություններով փորձում է շանտաժի ենթարկել Մոսկվային։ Դրա մասին է վկայում, մասնավորապես, Կիևի աջակցության ցուցադրական գործողությունը՝ 1 միլիոն դոլարի «մարդասիրական օգնության» հատկացումը՝ տեղական լրատվամիջոցներում հակառուսական ակտիվ արշավի համապատկերին՝ «կայսերական նկրտումների», «Ադրբեջանի դեմ ագրեսիվ քարոզչական արշավ» վարելու և նույնիսկ այն բանի մեղադրանքներով, որ Ռուսաստանը գործել է Հայաստանի կողմից Բաքվի և Երևանի միջև հակամարտության ժամանակ՝ զինելով Հայաստանը, և փորձելով Կովկասյան տարածաշրջանում պահպանել իր ազդեցությունը։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ արևմտյան հրահանգիչների ջանքերով Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացել են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ։ 2020 թվականից ի վեր արագ փոփոխվող ռուս-հայկական հարաբերությունների թեման Ռուսաստանում դիտարկվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման պրիզմայով: Ռուսները բազմիցս շեշտում են, որ Փաշինյանը Հարավային Կովկասում առաջին պետական գործիչը չէ, ով պատրաստ է արմատապես ոտնահարել սեփական պատմությունը, ոչնչացնելով անցյալը՝ անորոշ ապագայի անունից:

Միխայիլ Սահակաշվիլին չէր թաքցնում իր թշնամանքը վրացական սոցիալ-մշակութային բազիսը հանդիսացող ամեն ինչի նկատմամբ, քանի որ դրանք խանգարում էին նեոլիբերալ բարեփոխումներին:

Սահակաշվիլիի գրեթե տասնամյա փորձի հետևանքը երկակի ստացվեց։ Մի կողմից, ճնշումն ազդեցություն ունեցավ. նույնիսկ Սահակաշվիլիի թշնամիներն են խոստովանում, որ նա զգալի առաջընթաց է գրանցել վրացական պետական ապարատի վերափոխման գործում։ Մյուս կողմից, վրացիներին «սպասարկող ժողովրդի» վերածելը, որպեսզի ազատվեն ազգի ներքին հպարտությունից և ծառայեն «սպասարկող տնտեսությանը», ինչպես հիմա են ասում, «չաշխատեց»։ Հասարակությունը մերժեց ժանդարմական մեթոդներով «բարեփոխիչին», և նրա քաղաքական անկումն ընդունվեց թեթևությամբ։ Ի պատիվ դեպի ազգայինը միտված Վրաստանի ակտիվ քաղաքական վերնախավի, ճիշտ դասեր քաղվեցին «պատմական Վրաստանից» բաժանվելու փորձերից, որոնց էությունն այն էր, որ ծնկի գալը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, լինի դա սոցիալ-տնտեսական, թե (աշխարհա) քաղաքական հարցերում։ Դժվար թե ճիշտ լինի գրեթե քսան տարի առաջվա Վրաստանի փորձը տեղափոխել այսօրվա Հայաստան. իրավիճակն աշխարհում, տարածաշրջանում և երկրներում շատ տարբեր են։ Ռուսներին թվում է, որ Հայաստանում չկա որևէ գործիչ, որը հավասար լինի Միխայիլ Սահակաշվիլիին իր կործանարար ուժով։ Իմ զրուցակիցները գտնում են, որ Փաշինյանն այս առումով չափազանց թույլ է և պակաս խարիզմատիկ ու վճռական։ Արձանագրենք. սոցիալ-քաղաքական դարավոր ավանդույթների մերժումը ցավոտ և ռիսկային գործընթաց է։ Նույնիսկ մերժման դեպքում այն հակված է բումերանգի պես վերադառնալու։ Ընդ որում, Սահակաշվիլիի սոցիալական փորձերը ծավալվել են հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարձակողական քաղաքականության ֆոնին և նրանց ակտիվ աջակցությամբ։ Սահակաշվիլին ճակատագրական սխալ հաշվարկ կատարեց՝ որոշելով, որ այս աջակցությունը նույնիսկ ենթադրում է ռազմական երաշխիքներ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում։ Այո, այդ օրերին արևմտյան մայրաքաղաքները լրջորեն սպասում էին ամբողջ աշխարհաքաղաքական լանդշաֆտի արագ վերակազմակերպմանը՝ հօգուտ եվրաատլանտյան ինստիտուտների։

«Գունավոր հեղափոխությունների» դարաշրջանը, որին զուգահեռ իրականացվում էր Մերձավոր Արևելքում «ժողովրդավարության խթանման» կուրսը, դարձավ Արևմուտքի մասնակցության գագաթնակետը Ատլանտյան տարածքից հարավ և արևելք գտնվող տարածքների անմիջական վերակազմակերպմանը։ Այս առումով, Սաակաշվիլին, ով ամբողջ երկրում կախել էր Եվրամիության և ՆԱՏՕ-ի դրոշները, որոշակի հիմքեր ուներ ակնկալելու «ոչ պատմական» Վրաստանի մերձեցմանը և ամրապնդմանը՝ մեկ այլ աշխարհաքաղաքական համայնքում: Սակայն խաղադրույքը չարդարացրեց վրացական էլիտայի անզուսպ պոռթկումների պատճառով, որոնք Վրաստանը համարում էին «Եվրոպայի կենտրոն»: Առաջացան խնդիրներ, որոնց սկսեց բախվել արևմտյան քաղաքականությունն ամբողջությամբ, և Վրաստանը այդ հարթության մեջ չէր տեղավորվում: Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման սրությունը բազմիցս աճել է։ Սակայն, եթե Թբիլիսին այն ժամանակ կարող էր հույսը դնել Արևմուտքի համակարգային (թեև ոչ անսահմանափակ) աջակցության վրա, ապա այժմ ոչ ոք չի կարող որևէ կոնկրետ բան խոստանալ Երևանին։ Բոլոր ուժերը նետված են այլ ուղղությամբ։ Այսինքն՝ Հայաստանին առաջարկվում է շարժվել դեպի «կոլեկտիվ Արևմուտք»՝ իր սեփական պատասխանատվությամբ, վտանգներով և ռիսկերով: Ինչ վերաբերում է գլխավոր խնդրին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա այստեղ Երևանը ստիպված կլինի հույսը դնել իր վրա։ Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի ծառայություններից, իսկ ԵՄ-ի և հատկապես Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ծառայություններն ավելի շուտ խրախուսական ճիչեր են, ոչ ավելին։ Երևանը ոչ մեկի վրա հույս դնելու հնարավորություն չունի, և իր գծերը պաշտպանելու սեփական ռեսուրսը սահմանափակել է ինքը։ Սակայն հարցերը մնում են բաց. ո՞վ է մեղավոր երկրի պաշտպանունակության անկման համար, և որքանո՞վ կարող էին (կամ չէին կարող) դաշնակիցները փոխհատուցել դրա պակասը:

Հայաստանի ղեկավարությունը հիմնականում մեղադրում է Մոսկվային կրիտիկական պահին օգնության բացակայության համար: Եվ նման իրողությունների անշրջելիությունն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանի առաջադրած փաստարկների շարքը հենց այն է, ինչ անհրաժեշտ է. հավակնություններից և պատմական մեկնաբանություններից հրաժարվելը՝ հանուն հարևանների հետ խաղաղության: Բայց պարզ է, որ դա չի օգնում: Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի ՝ ողջամիտ չափավորության սկզբունքով առաջնորդվելու ցանկությունը հակասում է ուրիշների, այդ թվում՝ ռազմատենչ Ադրբեջանի մտադրություններին։ Հայկական ղեկավարության քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ չկա ոչ մեկի վրա հույս դնելու հնարավորություն, և «հավաքական Արևմուտքի» ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է։ Գլոբալ փոփոխությունների դարաշրջանում փաշինյանական խմբակի ՝ իրենց համար հարմար վարքագծի մոդել կառուցելու երազանքը դատապարտված է ձախողման: Իրական և պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է, քանի որ այս սահմանազատումը տեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի ներսում», – ինչպես խոստովանում է ինքը՝ Փաշինյանը:

Սարգիս Սարգսյան
Սևծովյան-կասպիական տարածաշրջանի Վահան Արծրունու անվան ինստիտուտի առաջատար գիտաշխատող

«Դրօշակ» թիվ 8, 2025 թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վերադարձ Արցախ լինելու է. հանրահավաք ն

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Անկախության

02 Սեպտեմբեր 2025
Այս վարչախմբի մատուցածը ոչ թե խաղաղութ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

02 Սեպտեմբեր 2025
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապա

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ կոչ

02 Սեպտեմբեր 2025
Արմեն Ռուստամյանն ընդունել է Կոնստանտի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն սեպտեմբերի 1-ին ընդունել է «Արցախ

02 Սեպտեմբեր 2025
Արցախի հակամարտությունը չի լուծվել. վե

«Հակամարտությունը չի լուծվել, այն ունի նոր ձեռքբերված բաղադրիչներ։ Առաջացել է

02 Սեպտեմբեր 2025
Երևանի և Բաքվի միջև սպառնալիքի տակ ստո

Ադրբեջանը ուժ է կիրառել նաև Հայաստանի նկատմամբ. «Արցախ. չլուծված հակամարտությ

02 Սեպտեմբեր 2025
Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ Արցա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բացման խոսքը «Ա

02 Սեպտեմբեր 2025
ԱՀ ԱԺ հայտարարությունը Լեռնային Ղարաբա

Սիրելի' հայրենակիցներ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբ

02 Սեպտեմբեր 2025
Խմբագրական. Ինքնորոշման Իրաւունքի Առան

(Արցախի Անկախութեան Օրուան Առիթով) Ներկայ պահու դրութեամբ, երբ Երեւանը ընդհա

02 Սեպտեմբեր 2025
«Միասնութեան հանրահաւաք»ին հորիզոնները

Սարգիս Մահսէրէճեան 2 Սեպտեմբերին, Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ նախատե

02 Սեպտեմբեր 2025
Ինչպիսին կլինի մեր ապագան եթե Նիկոլի ի

Այս հոդվածով ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ է սպասվում մեր երկրին և մեզ բոլո

02 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ց

Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկում ծավալվեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպ

01 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը պատրաստ չէ ազատ, արդար, թափա

Եթե սկզբից փողոց չկա, ճնշում չկա, իմփիչմենթ չի լինի, առանց ճնշման ՔՊ 18 պատգամ

01 Սեպտեմբեր 2025
Նախաստորագրված փաստաթուղթը ապագայի տակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը իրական բարեկամ չունի իշխանու

Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշ

01 Սեպտեմբեր 2025
Հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի

Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծար

01 Սեպտեմբեր 2025
Կը գերանցե՞ նք ազգի ներկայի լեղին

Յ. Պալեան Խաղաղութեան հաստատման ծամածռութիւններու հանդիսատես ենք, կ’աղմկենք

01 Սեպտեմբեր 2025
Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միր

Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը «միջանցքների պատերազմի» թատե

Ադրբեջանում աճում են հակառուսական տրամադրությունները, և դժվար չէ կանխատեսել, ո

01 Սեպտեմբեր 2025
Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը այց էր կատարել Ամերիկայի Միացյալ Նա

01 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company