ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ինչպիսին կլինի մեր ապագան եթե Նիկոլի իշխանությունը վերարտադրվի

02 Սեպտեմբեր 2025

Այս հոդվածով ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ է սպասվում մեր երկրին և մեզ բոլորիս, եթե առաջիկա ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակի ղեկավարել Հայաստանը։ Կարող է թվալ, թե ասելիքս երևակայական մտավարժանք է, սակայն պատրաստվում եմ խոսել երևույթների մասին, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են, որոնց մասին իշխանությունները հայտարարել են, ինչպես և պահանջների մասին, որոնք թուրք-ադրբեջանական և Արևմտյան ուժերի պարտադրանքն են ու, ինչպես նախորդ տարիների փորձն է փաստել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հնազանդորեն կիրականացնի դրանք։ Այո, շատ դեպքերում Հայաստանի իշխանությունը խնդրել է արտաքին ուժերին թույլ տալու հետաձգել նրանց պահանջների կատարումը, իսկ այլ դեպքերում սեփական նախաձեռնությամբ է հետաձգել իր ծրագրերի գործնականացումը վախենալով, որ դրանից հետո կարող է զրոյի հավասարվել գալիք ընտրություններում հաղթելու հավանականությունը կամ այնպիսի համաժողովրդական դժգոհության մթնոլորտ ձևավորվի, որ իր քաղաքական ճակատագիրը կվճռվի մինչև ընտրությունները։

Նախ անդրադառնանք արտաքին խնդիրներին, որոնց հետ ուղղակիորեն շաղկապված է Հայաստանի ինքնիշխանության հարցը։ Ավելի քան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին իրականացնում է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն արմատապես փոխելու քաղաքականություն։ Նա, մի կողմից, փորձում է դա անել ավանդական դաշնակիցներին համոզելով, թե ոչ մի արտակարգ բան տեղի չի ունենում, մյուս կողմից, սակայն, ենթարկվելով արտաքին թելադրանքին, ավանդական դաշնակիցների դեմ կատարում է կոպիտ քայլեր հովանավորներին հավաստիացնելու համար, թե չի շեղվում նախանշված կուրսից։ Այսպիսի ամենաթարմ օրինակներից մեկը. սույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերած եռակողմ պայմանավորվածություններից հետո Նիկոլը շտապեց զանգել Ռուսաստանի և Իրանի ղեկավարներին՝ հավաստիացնելու, թե այդ պայմանավորվածությունները որևէ կերպ չեն ազդելու իրենց երկրների միջև եղած փոխհարաբերությունների վրա, սակայն արդեն օգոստոսի 15-ին, անհեթեթ պատճառաբանությամբ (իբրև թե գտնվում է կարճատև արձակուրդի մեջ) Հայաստանի ղեկավարը չմեկնեց Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Ի դեպ, նա միակ ղեկավարն էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարների նախորդ հավաքին մասնակցեց հեռավար միացումով։ Հայաստանն արդեն մի քանի տարի հիմնականում ներկայացուցիչ չի ունենում նաև ՀԱՊԿ ղեկավարների նիստերին, իսկ հենց այս տողերը գրելու պահին, Նիկոլի ակնհայտ թելադրանքով, իրեն ենթակա քաղաքական բախտախնդիրները հանրահավաք են անում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ՝ պահանջելով հեռանալ Հայաստանից։ Նիկոլը հստակորեն տանում է Ռուսաստանին Հայաստանից քաղաքականորեն, ռազմական և տնտեսական առումներով դուրս մղելու քաղաքականություն, սակայն առայժմ դրան չի տալիս վճռական ընթացք՝ վախենալով նախընտրական շրջանում իր համար վտանգավոր հետևանքներից ։ Նույն քաղաքականությունն իրականացվում է նաև այն միակ հարևանի նկատմամբ, որը վճռականորեն պաշտպանում է Հայաստանի ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Իհարկե, Իրանում վաղուց հասկանում են, որ Հայաստանի ղեկավարը խաբում է իրենց և խաղալիք է վերոհիշյալ ուժերի ձեռքին։ Հարևան ու բարեկամ երկրի նախագահի օրեր առաջ Հայաստան այցից հետո իրանցիների արձագանքն այն եղավ, որ իրենց մտահոգությունները փարատված չեն, որքան էլ որ Նիկոլն իրեն բնորոշ գեղջկական ճարպկությամբ փորձել է հակառակը համոզել տարածաշրջանում մեր շահերի հետ իր շահերով համընկնող հարևան երկրի ղեկավարին։

ԵԱՏՄ-ին ու հատկապես Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելուց հետո կասկած չկա, որ այս տարածքն առանց ռազմական գերակայող ուժի չի մնալու, նախկինին փոխարինելու են Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանի սահմանները դառնալու են նրանց առջև ամբողջովին բաց։ Նույնքան աներկբա է, որ որևէ եվրոպական երկիր իր զորքը չի բերելու Հայաստանի սահմանները պաշտպանելու, այլ նրանց անունից են այդ դերը ստանձնելու Թուրքիան և, չի բացառվում, Ադրբեջանը։ Այսինքն՝ որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանից ռուսական զինվորականության դուրս գալուց հետո Հայաստանը դառնալու է Թուրքիայի և Ադրբեջանի չհայտարարված գաղութը։ Ի դեպ, հենց այս օրերին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կատարեցին միանգամայն հակառակ հայտարարություններ. եթե Հայաստանի ղեկավարն ասում է, թե հնարավոր է 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չլինի, ընդհանրապես չլինի, պատճառաբանելով, թե այլևս խաղաղություն է հաստատվել, Ադրբեջանի ղեկավարը նույն ժամանակ ասում է. «Մեծացնում ենք մեր ռազմական ներուժը։ Մատակարարվել են ժամանակակից ԱԹՍ-ներ, հրետանային նոր համակարգեր։

Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի»։ Ադրբեջանի ղեկավարը խոսում է վերջին տարիների իրենց մեծ հաղթանակների մասին, իսկ Հայաստանի վախվորած ղեկավարն իր վերջին հարցազրույցում ասաց, թե առհասարակ մեր բառապաշարից պետք է դուրս բերենք հաղթանակ բառը, հնարավոր չէ անընդհատ հաղթել։ Փաստերը խոսուն ձևով վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը, բացառելով սեփական ուժերով Հայաստանի և նրա ինքնիշխանության պաշտպանության հնարավորությունը, երկիրը տանում է կամավոր ենթակայության։ Ասվածի մասին հավելյալ փաստում են նաև անվտանգային, տնտեսական, էներգետիկ գործոնները։ Դարձյալ այս օրերին խոսվում է այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունենում կադրային ջարդ։

Բրիտանաթուրքական ուժերի տարիների պահանջն է Հայաստանի դրածո իշխանությանը ոչնչացնել ԱԱԾ համակարգը, որն, իրենց կարծիքով, թելերով կապված է Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից՝ վերջին տարիներին ստեղծվեց և ուժեղացվում է բրիտանական ազդեցությանը ենթակա Արտաքին հետախուզության ծառայությունը։ Այսպիսով, ընթացքի մեջ է Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության համակարգերի քանդման, դրանց վրա արտաքին ազդեցության լիարժեք հաստատման գործընթացը (հիշենք նաև, որ Պաշտպանության նախարարությունում ներկայումս աշխատում է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը, իսկ Հայաստանի սահմաններին տեղի ունեցող ամենափոքր տեղաշարժը վերահսկվում է եվրոպական դիտորդների կողմից)։

Նիկոլն ու նիկոլանմանները 10-15 տարի առաջ մեծ աղմուկ էին բարձրացրել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար՝ կասկածելով դրա արդյունավետության մեջ և հատկապես համարելով, որ այն լինելու է Հայաստանի ինքնիշխանության կորստի հաշվին։ Կարճ ժամանակ անց բոլորը համոզվեցին, որ տնտեսական առումով Հայաստանի համար այս շուկային այլընտրանք գոյություն չունի, մյուս կողմից դժվար է փաստելը, թե քաղաքական առումով ԵԱՏՄ-ն սահմանափակել է Հայաստանի, տրամաբանորեն նաև միության մյուս անդամների, ինքնիշխանությունը։ Եվրոպացիք միանալով նիկոլական նախընտրական հանկերգին՝ հաջորդ գարնանը գալու են Հայաստան և անորոշ ժամանակի համար խոստանալու են անդամակցություն Եվրամիությանը, սակայն ընտրությունների ցանկացած ելքի պարագայում մենք ստանալու ենք այն, ինչ ստացել են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և էլի ուրիշներ։

Հզոր քաղաքական ու ռազմական դաշինքների հետ կապերի խզումը և անպաշտպան հայտնվելը թուրք-ադրբեջանական տանդեմի առջև նշանակելու է վերջնականորեն թաղել Արցախի հարցը, նշանակելու է սահմանադրական այնպիսի փոփոխություններ, որոնք ոչ միայն կարձանագրեն Արցախից, Հայոց ցեղասպանության հարցից, Արևմտահայաստանի հիշատակումից անգամ հրաժարումը, այլև կզրկեն պետությունը ազգային դիմագծից։

Սփյուռքն իր գրպանում տեղավորելու Նիկոլի ցանկությունները ջուրը լցվեցին, և այս անգամ նա պարզապես խզելու է Սփյուռքի և Հայաստանի միջև եղած բոլոր կապերն ու կամուրջները։

Նոր «հաղթանակից» հետո Նիկոլը վերջնականորեն լուծելու է եկեղեցու հետ ունեցած իր խնդիրները և 1700-ամյա ազգային եկեղեցուն փոխարինելու կգա Նիկոլին ենթակա մի սրբապիղծ աղանդ՝ ղեկավարվող այն անբարոյական դուրսպրծուկների կողմից, ովքեր որպես ինքնակոչ հոգևորականներ անարգանքներ են տարածում Մայր եկեղեցու հոգևոր առաջնորդների դեմ։ Նա, ով կձգտի Նիկոլ Փաշինյանին կրկին բերել իշխանության, պետք է հստակ հասկանա, որ մասնակցում է 1700-ամյա Հայոց Սուրբ Եկեղեցու քանդման, Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման գործին, ինչպես որ 2021 թ. Նիկոլին բերածների խղճի վրա է ծանրացած Արցախի կործանման և հազարավոր հայորդիների նահատակման մեղքը։

Չպետք է կասկածել նաև, որ գալիք ընտրություններում Նիկոլի հաղթանակին հաջորդելու է Հայաստանի նոր տարածքների զիջման գործընթացը, որի մասին Նիկոլն ակնարկեց Վաշինգտոնյան բանակցություններից անմիջապես հետո։ Թերևս ավելորդ է հիշեցնելը, որ Ադրբեջանը, ամրանալով արդեն ստացած և գրաված տարածքներում, պահանջում է նորերը, ոչ մեկ անգամ չխոսելով այն մասին, թե ինքն էլ ինչ որ բան պիտի զիջի, կամ թե իր համար որևէ նշանակություն ունի Հայաստանի տարածքի չափերի մասին Փաշինյանի կողմից անընդհատ կրկնվող թիվը։

Փաշինյանի հաղթանակը կնշանակի 300.000 ադրբեջանցիների բնակեցումը հատկապես Սյունիքում և Հայաստանի հարավի փաստացի գրավումը։

ԵԱՏՄ-ի հետ կապերի խզումը նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Անհեթեթություն է մտածելը, թե Եվրոպան իր դռները կբացի մեր ապրանքների առջև և մատչելի գներով կհոգա Հայաստանի տնտեսական կարիքները։ Դրա փոխարեն Փաշինյանի վերընտրության, կամ արտաքին ուժերի աջակցությամբ վերանշանակման պարագայում, առաջին հերթին՝ Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նպատակ են դնելու զավթել Հայաստանի հարավի հազվագյուտ և թանկարժեք բնական պաշարները։ Որպեսզի ընթերցողին չթվա, թե սա արծարծված թեմա չէ և գուցե երևակայության արդյունք է, հիշեցնեմ 2025 թ. օգոստոսի 22-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հայտնած միտքը «Արմենպրեսին». «Ինչ վերաբերվում է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանը, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչն արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծն է նաև TRIPP-ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։ Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին և Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը»։ Գիշատիչ այս երկրների առջև Հայաստանի տնտեսության բացումը նշանակելու է Հայաստանի թե՛ արդյունաբերական և թե՛ գյուղատնտեսական արտադրության ոչնչացում, ինչպես և Հայաստանի սահմանափակ շուկայի կլանում։ Հիշենք, որ Սաակաշվիլու կառավարման շրջանում ադրբեջանաթուրքական տնտեսական աքցանի մեջ հայտնված Վրաստանի ազգային իշխանությունը ներկայումս դժվարությամբ փորձում է ետքայլ անել, ձերբազատվել այս կաշկանդումից։

Ռուսաստանի հետ ամեն տեսակի կապերի խզման բրիտանաթուրքական ծրագրի մաս պետք է համարել մի քանի անգամ հնչած այն հայտարարությունը, թե Հայաստանը կարող է գազ գնել Ադրբեջանից։ Թուրք-բրիտանական պահանջների թվում է նաև Հայկական ատոմակայանի փակման պահանջը և Ամերիկյան, այսպես կոչված, Մոդուլային ատոմակայանի գործարկումը Հայաստանում։ Սրանք քայլեր են, որոնց կատարմանը, վերընտրության դեպքում, վստահաբար մղելու են արտաքին ուժերը՝ մի կողմից՝ ոչնչացնելով Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությունը, և, մյուս կողմից, ամբողջովին երկիրը կախման մեջ դնելով արտաքին ուժերից՝ մասնավորապես Ադրբեջանից ու Թուրքիայից։

Հաջորդ ազգադավ և պետականաքանդ ծրագրերը, որոնք սկսեց Նիկոլ Փաշինյանը, բայց մինչև ընտրությունները ժամանակավորապես կասեցրեց, Հայաստանում կրթական և գիտական համակարգերի կազմաքանդումն էր։ Այս տարի Հայաստանում արդեն իսկ փակման լուր էին ստացել հարյուրավոր դպրոցներ։ Շատ հասկանալի պատճառներով ծրագիրն այս տարի չիրականացվեց։ Սկսվեց, բայց ձգձգվեցին նաև Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրն ու դանդաղորեն երևանյան բուհական շենքերի դատարկումը, գիտական և ուսումնական հանրության մեծ բանակի դուրսբերումը մայրաքաղաքից։ Հայտարարվեց, սակայն հետաձգվեց Հայաստանի Ազգային Ակադեմիայի լուծարման գործընթացը։ Պաշտոնապես կառավարությունը ներկայացնում է՝ իբրև թե ակադեմիական ինստիտուտները կցվելու են բուհերին, իսկ իրականում բուհերը կկարողանան կիսատ-պռատ չափով աշխատանքի տեղավորել ակադեմիական գիտնականների մոտ 10%-ին, իսկ մնացած թանկարժեք ներուժը կկորչի ակադեմիական գիտության հետ միասին։

Հայաստանը հումքային, սպասարկման և ծառայությունների շուկայի վերածելու, նրանում լուսավորության, ու ազատության ձգտումը մեռցնելու համար անհրաժեշտ է նիկոլական ժեխի վերածել ողջ հայությանը։ Առանց դրա ոչ միայն արտաքին ուժերը, այլև հենց Նիկոլը, չեն կարողանա իրենց ենթարկել և ստրկացնել Հայաստանը։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է ազգի մտավոր մակարդակն իջեցել այն աստիճանին, որ նրան կարողանան դաս տալ ոմն անգրագետ Նիկոլ և Աննա։

Անշուշտ այս նպատակին է ծառայում նաև դպրոցական և բուհական կրթական ծրագրերի փոփոխությունը, հայագիտական առարկաների դասավանդման սահմանափակումը, դրանց աղավաղումը, պարզունակացումը՝ պարպումը ազգային բովանդակությունից և ոգուց։ Նիկոլ Փաշինյանն այս աշխատանքը կհասցնի իրեն ցանկալի ավարտի, եթե ապազգային ու տգետ զանգվածը իրականացնի գլոբալիզմի ճորտերի վերարտադրությունը։ Դրանից հետո Հայաստանը կդառնա գաղութացված, ազգային դիմագծից զուրկ մի տարածք, որի ազգային տնտեսության փլուզման հետևանքով տեղի կունենա կենսամակարդակի խիստ անկում, դրամի արժեզրկում և այլն։ Բնականաբար, գաղութատիրական շահագործումից բացի, տնտեսական այլ հարաբերություններ, ներդրումներ նման երկրում չեն կարող ակնկալվել։

Նկատի ունենալով նաև արտաքին ուժերի առջև բաց դաշտի վերածվելու պարագան՝ Հայաստանը կհայտնվի ներքին ու արտաքին գործոններով պայմանավորված անկայունության ու ցնցումների տուրբուլենտ ընթացքի մեջ։ Անկայունության ներուժով աղքատացող երկրում, աճող դժգոհությունները լռեցնելու համար ավտորիտար իշխանությունը պարտավորված է լինելու գնալու ընդլայնվող ու խորացող մշտական բռնությունների։ Շահի ու մորթապաշտության վրա հիմնված ապազգայինների թիմը չի կարող մշտապես լինել միակամ ու միաձույլ և երկու-երեք տարուց նման իշխանությունը ճեղքվելու և պառակտվելու է մասերի։ Ապագան ոչ մի լավ բան չի խոստանում ինքնանպատակ իշխանությունից կառչած խունտային, նրանք չեն կարողանալու խուսափել այն օրինաչափություններից, որոնց աշխարհն ականատես է եղել դարերի ու հազարամյակների ընթացքում։ Նիկոլի ստեղծած հեղինակապետական վարչակարգը ինքնաոչնչացնող համակարգ է, և այն վերջ ի վերջո խժռելու է իր ստեղծողներին։

Մեզ համար, սակայն, այս ամենն այլևս նշանակություն չի ունենա։ Հայաստանը պետք է փրկել, թույլ չտալով, որ սկսվի քանդման վերջին փուլի աղետը։ Վերջապես մեր երկրում մարդիկ պետք է սովորեն կատարել ոչ թե ընդդեմի, այլ հանունի ընտրություն, ոչ թե ատելության վրա հիմված հաճելի ստի, այլ ծրագրի ու գաղափարի ընտրություն, ոչ թե սեփական ստամոքսի, այլ հավաքական շահի ընտրություն՝ հայրենիքի և իրենց զավակների անկախ, ազատ և արժանապատիվ ապագայի ընտրություն։ Նրանք, ովքեր մտածելու ընդունակություն ունեն, պարտավոր են լրջորեն խորհել այս ամենի մասին, գուցե չհամաձայնել ինչ որ բաների հետ, բայց և անել սեփական եզրակացությունները։

Վստահ եմ՝ այս երկրում դեռևս շատ են այն մարդիկ, ովքեր գիտակցության ու արժանապատվության առումով կապ չունեն կենդանական բնազդներով ապրող ամբոխի հետ։ Ինչպես եղել է դարեր շարունակ, ազգային ինքնագիտակցությամբ օժտված նվիրյալների խաչն է հայրենիքի փրկության գործը։

Արտաշես Շահբազյան

«Դրօշակ» թիվ 8, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վերադարձ Արցախ լինելու է. հանրահավաք ն

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Անկախության

02 Սեպտեմբեր 2025
Այս վարչախմբի մատուցածը ոչ թե խաղաղութ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

02 Սեպտեմբեր 2025
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապա

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ կոչ

02 Սեպտեմբեր 2025
Արմեն Ռուստամյանն ընդունել է Կոնստանտի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն սեպտեմբերի 1-ին ընդունել է «Արցախ

02 Սեպտեմբեր 2025
Արցախի հակամարտությունը չի լուծվել. վե

«Հակամարտությունը չի լուծվել, այն ունի նոր ձեռքբերված բաղադրիչներ։ Առաջացել է

02 Սեպտեմբեր 2025
Երևանի և Բաքվի միջև սպառնալիքի տակ ստո

Ադրբեջանը ուժ է կիրառել նաև Հայաստանի նկատմամբ. «Արցախ. չլուծված հակամարտությ

02 Սեպտեմբեր 2025
Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ Արցա

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բացման խոսքը «Ա

02 Սեպտեմբեր 2025
ԱՀ ԱԺ հայտարարությունը Լեռնային Ղարաբա

Սիրելի' հայրենակիցներ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբ

02 Սեպտեմբեր 2025
Խմբագրական. Ինքնորոշման Իրաւունքի Առան

(Արցախի Անկախութեան Օրուան Առիթով) Ներկայ պահու դրութեամբ, երբ Երեւանը ընդհա

02 Սեպտեմբեր 2025
«Միասնութեան հանրահաւաք»ին հորիզոնները

Սարգիս Մահսէրէճեան 2 Սեպտեմբերին, Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ նախատե

02 Սեպտեմբեր 2025
Ինչպիսին կլինի մեր ապագան եթե Նիկոլի ի

Այս հոդվածով ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ է սպասվում մեր երկրին և մեզ բոլո

02 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ց

Վերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկում ծավալվեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպ

01 Սեպտեմբեր 2025
Փաշինյանը պատրաստ չէ ազատ, արդար, թափա

Եթե սկզբից փողոց չկա, ճնշում չկա, իմփիչմենթ չի լինի, առանց ճնշման ՔՊ 18 պատգամ

01 Սեպտեմբեր 2025
Նախաստորագրված փաստաթուղթը ապագայի տակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը իրական բարեկամ չունի իշխանու

Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշ

01 Սեպտեմբեր 2025
Հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի

Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծար

01 Սեպտեմբեր 2025
Կը գերանցե՞ նք ազգի ներկայի լեղին

Յ. Պալեան Խաղաղութեան հաստատման ծամածռութիւններու հանդիսատես ենք, կ’աղմկենք

01 Սեպտեմբեր 2025
Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միր

Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույ

01 Սեպտեմբեր 2025
Հայաստանը «միջանցքների պատերազմի» թատե

Ադրբեջանում աճում են հակառուսական տրամադրությունները, և դժվար չէ կանխատեսել, ո

01 Սեպտեմբեր 2025
Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը այց էր կատարել Ամերիկայի Միացյալ Նա

01 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company