Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը
02 Սեպտեմբեր 2025
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ կոչ է անում ԱՄՆ ղեկավարութեանը պատասխանատուութեան ենթարկել Ադրբեջանին
ՎԱՇԻՆԳՏՈՆ, ԱՄԵՐԻԿԱ – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը (ANCA) խիստ դատապարտեց Եւրոպայի Անվտանգութեան եւ Համագործակցութեան Կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խմբի լուծարումը՝ զգուշացնելով, որ այդ որոշումը հարուած է բազմակողմ դիւանագիտական գործընթացին, որի նպատակն էր ապահովել արդար, կայուն եւ արժանապատիւ խաղաղութիւն Հարաւային Կովկասում։
«Մինսկի խմբի լուծարումը խաղաղութեան քայլ չէ, այլ՝ Ադրբեջանի պարտադրած պայման՝ առաջ մղելու անհաւասար գործարք, որը ձեռք է բերուել ճնշմամբ եւ ուժի կիրառմամբ։ Այս վտանգաւոր նախադէպը պարգեւատրում է Բաքուի իրականացրած ցեղասպանական էթնիկ զտումները Արցախում, հայ ռազմագերիների ապօրինի բանտարկութիւնն ու խոշտանգումները, ինչպէս նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիան՝ խարխլելով միջազգային իրաւունքի ու դիւանագիտութեան սկզբունքները, որոնց մարմնաւորումը ժամանակին Մինսկի գործընթացն էր»,- նշել է Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը։
Նա յաւելել է․ «ԱՄՆ ղեկավարութիւնը այսօր առաւել կարեւոր է, քան երբեւէ․ անհրաժեշտ է կիրառել FREEDOM Support Act-ի 907-րդ յօդուածը, ներգործել Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները եւ համախմբել միջազգային գործընկերներին՝ ձեւաւորելու կայուն ու արդար խաղաղութիւն Հարաւային Կովկասում՝ հիմնուած պատասխանատուութեան եւ արդարութեան վրայ։ Սա պէտք է երաշխաւորի Արցախի բնիկ հայ բնակչութեան պաշտպանուած վերադարձը, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անյապաղ ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը եւ Հայաստանի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը»։
Հայ Դատի Յանձնախումբը նաեւ ընդգծել է, որ Մինսկի խմբի բացակայութեան պայմաններում իսկական բազմակողմ համագործակցութիւնը եւ միջազգային միջնորդութիւնը մնում են անփոխարինելի։ Իրենց յայտարարութեամբ կոչ են արել ԵԱՀԿ-ին եւ միջազգային հանրութեանը՝ «շարունակել ներգրաւուած մնալ, պահպանել իրենց մարդու իրաւունքների եւ մարդասիրական մանդատները եւ գործնական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու տեղահանուած հայերի իրաւունքները, ազատ արձակելու պատանդներին եւ պահպանելու մշակութային ժառանգութիւնը։ Միայն անաչառ եւ սկզբունքային ներգրաւուածութիւնն է, որ կարող է երաշխաւորել Արցախի ժողովրդի արժանապատուութիւնն ու իրաւունքները եւ հնարաւոր դարձնել իրական, տեւական խաղաղութիւն Հարաւային Կովկասում»։
Մինսկի խումբը ստեղծուել էր 1992 թուականին՝ որպէս բազմակողմ մարմին, որի համանախագահներն էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, եւ որի մանդատը Լեռնային Ղարաբաղի հարցի միջնորդութիւնն էր։ Լուծարման որոշումը հետեւեց օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդութեամբ ստորագրուած Հայաստան–Ադրբեջան համաձայնագրին, որը խիստ քննադատուեց Հայ Դատի Յանձնախմբի եւ մարդու իրաւունքների ու քաղաքացիական հասարակութեան լայն շրջանակների կողմից՝ որպէս վտանգաւոր գործարք, որն անտեսում է արդարութիւնը, թուլացնում Հայաստանի ինքնիշխանութիւնը եւ պարգեւատրում Ադրբեջանի չպատժուած ագրեսիան։ Այդ փաթեթը չանդրադարձաւ արդար խաղաղութեան հիմնական խնդիրներին․ աւելի քան 150․000 հայերի անվտանգ եւ արժանապատիւ վերադարձին, ովքեր էթնիկ զտումների ենթարկուեցին Արցախում, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անյապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակմանը, հայկական քրիստոնեական ժառանգութեան պահպանմանը եւ Հայաստանի անվտանգութեան ու ինքնիշխանութեան համար պարտադիր երաշխիքների ապահովմանը։
Համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցաւ նաեւ առանց որեւէ անդրադարձի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականութեանը Արցախի հայերի դէմ, Արցախեան ղեկավարների ապօրինի բանտարկմանը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիային։ Հայ Դատի Յանձնախումբը շեշտում է, որ նման պայմաններում բազմակողմ նոր ներգրաւուածութիւնը վճռորոշ է՝ Ադրբեջանի պատասխանատուութիւնը երաշխաւորելու եւ կանխելու համար, որ Բաքուն շարունակի Հայաստանի նկատմամբ թելադրել անարդար ու անընդունելի պահանջներ, ինչպէս արել է ամբողջ բանակցային գործընթացում։