Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2025 թ․ իններորդ համարը
01 Հոկտեմբեր 2025
Սեպտեմբերը մեզ համար առանձնահատուկ է նրանով, որ այս ամսին են հռչակվել Հայաստանի և Արցախի անկախությունները։ Ընթերցողին ներկայացվող «Դրօշակի» այս համարում գերակշռում է անդրադարձը հենց այս իրադարձությունններին, մասնավորապես օկուպացված Արցախի և բռնագաղթի ենթարկված արցախահայության ճակատագրին։
«Դրօշակի» հեղինակները այս հարցին մոտեցել են տարբեր տեսանկյուններից, մասնավորապես քննության առարկա է դարձել վերադարձի իրավունքը, որպես միջազգայնորեն ամրագրված պահանջ։ Մշակութաբան Արմինե Տիգրանյանը ծավալուն վերլուծությամբ անդրադառնում է Արցախի պատմական ժառանգության ոչնչացման խնդրին՝ հարցը քննելով հենց միջազգային իրավունքի լույսի ներքո։
Եթե Մանվել Մկրտչյանը անկախության հարցը քննում է հասարակության ընկալման տեսանկյունից, ապա Մարգարիտա Խաչատրյանի ներկայացրած հոդվածը վերնագրված է «Հայոց պետականության իդեալը Համաստեղի «Սպիտակ ձիաւորը» դյուցազնավեպում»:
Ասենք, որ Դրօշակի այս համարը աչքի է ընկնում հետաքրքիր ու բազմազան նյութերով։ Կարծում ենք ընթերցողի հետաքրքրությանը կարժանանա նաև Հայաստանում գոյություն ունեցող վտանգավոր նյութերով հարուստ պոչամբարների վերաբերյալ լրագրող Արմեն Վարդանյանի ուսումնասիրությունը։ Այնուամենայնիվ համարի հոդվածներով կարմիր թելի պես անցնող թեման քաղաքականն է իր աշխարհաքաղաքական և իրավաքաղաքական շերտերով։
«Դրօշակում» շարունակում է գերիշխել մտահոգությունն Հայաստանի իշխանությունների իրականացրած քաղաքականության պայմաններում, Արցախի ու արցախցիների խնդրի կողքին, այսօր նաև այն մարտահրավերների համար, որոնց դիմաց կանգնած է Հայաստանը։
«Դրօշակ»ի 2025թ իններորդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո: