Արցախահայությունը իր բնօրրանը վերադառնալու իրավունքն ունի՝ պատմականորեն, փաստացի, թե իրավական տեսանկյունից
04 Հոկտեմբեր 2025
Ինչո՞ւ են լռում արցախցիները, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախ վերադարձի անհնարինության մասին
«Նման տեսակետներն ընդունելի չեն եւ արցախահայությունը իր բնօրրանը վերադառնալու իրավունքն ունի՝ պատմականորեն, փաստացի, թե իրավական տեսանկյունից։ Ու մարդիկ, համենայնդեպս, ձգտում են վերադառնալ հայրենի օջախներ»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը:
«Եթե ամեն հարց պետք է լուծել ագրեսորի ցանկությամբ, դա դեռ չի նշանակում՝ «խաղաղությանը խաթարել»։ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է դնում. երեկ Արցախն են ուզել, մյուս օրը Սյունիքի նկատմամբ հավակնություններ ունի, այսօր՝ Երեւանի… դու չես կարող անընդհատ քո թշնամու, հակառակորդի քմահաճույքները բավարարել ու ասել՝ խաղաղության օրակարգ եմ հաստատում։ Իհարկե, խաղաղությունը անհրաժեշտություն է, բայց դա ճանապարհ չէ, դրանից թշնամու ախորժակն ավելի է բացվում։ Նման տեսակետներն ընդունելի չեն եւ արցախահայությունը իր բնօրրանը վերադառնալու իրավունքն ունի՝ պատմականորեն, փաստացի, թե իրավական տեսանկյունից։ Ու մարդիկ, համենայնդեպս, ձգտում են վերադառնալ հայրենի օջախներ»,- ասաց Վահրամ Բալայանը:
Հիշեցնենք, ԵԽԽՎ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր ընկալումն այն է, որ մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում։ Մենք նրանց արդեն բնակապահովման ծրագիրն ենք սկսել, որը դժվարությամբ, բայց սկսում է աշխատել։ Մենք մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիությամբ։ Մարդիկ ասում են՝ վերադարձի հարց։ Ես դա իրատեսական չեմ համարում։ Կարեւոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը. մարդիկ իրենց պլանները պիտի կառուցեն։ Ընդհանրապես փախստականների վերադարձի թեման, այս համատեքստում բոլոր փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Կոնֆլիկտները՝ այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ եւ վերածվել երկարատեւ կոնֆլիկտի։ Առաջիկա տասնամյակներում ՀՀ-ն եւ Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն, կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում, որպես ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն ՀՀ-ում։ Սա է մեր ռազմավարությունը»։
Վահրամ Բալայանը ՀՀ իշխանություններին հիշեցնում է, որ այս ընթացքում միջազգային կառույցները՝ միջազգային քրեական դատարանը, Շվեյցարիայի պառլամենտը, Կանադայի իշխանությունները, տարբեր քաղաքական դերակատարներ հայտարարում են, որ արցախահայության նկատմամբ ցեղասպանական գործողություններ են կատարվել եւ վերադարձն էլ Արցախ՝ արցախահայության իրավունքն է։ Նիկոլ Փաշինյանին նաեւ իր՝ ավելի վաղ արած հայտարարությունն է հիշեցնում. «Նախկինում ինքը միշտ պնդում էր, որ ՀՀ վարչապետն է եւ արցախցիները պետք է իրենց խնդիրները լուծեն։ Ինքը, կարծում եմ, դա պետք է հիշի եւ այդ տեսանկյունից հարցին մոտենա»։
Նկատեցինք՝ Փաշինյանի տեսակետին անգամ հակադարձումներ չեղան, խոսակցությունների մակարդակում, արցախցիներն անհամաձայնություններ են հայտնում այդ մոտեցման հետ, սակայն, իրական քաղաքական գործընթացներում, ինչպես հիմա ընդունված է ասել «գետնի վրա», Նիկոլ Փաշինյանի «ձեռքը ոչ ոք չի բռնում» եւ գործընթացները գնում են հենց այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ցանկանում։
Վահրամ Բալայանը պատասխանեց. «Հավերժական ոչինչ չի լինում։ Ի վերջո, ժողովուրդը լեթարգիական քնից կզարթնի եւ կհասկանա, թե ինչ է կատարվում։ Հասարակ քաղաքացին միշտ հարցը դիտարկում է իր անձնական խնդիրների տեսանկյունից եւ եթե այսօր Երեւանում, Գյումրիում ինքն ապահով է, լավ է, ուրեմն ամեն ինչ լավ է։ Բայց, հանրության մի զգալի մասը տգետ չէ եւ մարդիկ հասկանում են, որ ի վերջո ո՞րն է սահմանը, որո՞նք են կարմիր գծերը եւ սա ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները։ Ճիշտ է հանրային դժգոհություններ, մեծ ցույցեր, ճանապարհներ փակել եւ այլն, չեն լինում, բայց երբ շփվում ես մարդկանց հետ՝ հասկանում ես, որ դժգոհությունները կուտակվել են։ Ես մի հետաքրքիր բան եմ նկատել՝ երբ հանդիպում ես մարդկանց հետ եւ սովորական, առօրյա հարցեր ես քննարկում, այսպես թե այնպես, իրենք հարցը հասցնում են քաղաքական այն հանգամանքներին, որոնք կան։ Հասարակական զարգացումներն այդպես են լինում՝ լիցքերը կուտակվում են եւ մի գեղեցիկ օր դրանք պայթյունի են հասցնում։ Իմ կարծիքով, հասարակական-քաղաքական ուժերը, մտավորականները հասարակությանը պետք է ամենը ներկայացնեն, բացատրեն՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահը, ըստ այդմ էլ՝ խաղաղության հասնելու իսկական ճանապարհը»։
Աշխարհաքաղաքական եւ ի մասնավորի տարածաշրջանային զարգացումները մեր զրուցակցի մոտ դեռ հույս թողնում են, որ կգտնվեն այնպիսի դերակատարներ, որոնք երաշխավոր կկանգնեն արցախահայության անվտանգ եւ ապահով վերադարձի համար։ 44-օրյա պատերազմով մեր տարածաշրջանում սկսված երրորդ համաշխարհային պատերազմի ակտիվ փուլը, ըստ Վահրամ Բալայանի, փոխել է տարածաշրջանում ուժերի բալանսը՝ ՌԴ-ին փոխարինելով Թուրքիայով եւ ՆԱՏՕ-ով. «Դրանից հետո մեկը մյուսին հաջորդեցին դաժան պատերազմներ՝ ռուս-ուկրաինական, սիրիական, Պակիստան, Հնդկաստան, Իսրայել, Իրան … բոլորը շաղկապված են ու Արցախի Հանրապետության գոյության պայմաններում այս ամենն ավելի քիչ էր արտահայտված, նվազ դրսեւորումներ ուներ։ Կարծում եմ, որ միջազգային դերակատարները գիտակցում են՝ ուժերի հավասարակշռությունը խախատվելու հետեւանք է ամենը։ Աշխարհի վերաբաժանում է կատարվում եւ այդ զարգացումների ընթացքում մենք մեր տեղն ու դերը պետք է ունենանք՝ մեր ազգի, պետության՝ տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության շահերը կարողանանք պաշտպանել եւ անվտանգության իրական հարցերը փորձենք լուծել»։
Այդ ամենը ՀՀ-ում գործող իշխանության հետ հնարավոր չի լինելու անել, բայց Վահրամ Բալայանը չի ցանկանում սրել իրավիճակը՝ միմյանց ոչնչացնելու, իրար դեմ դուրս գալու կոչերով. «Մարդիկ, եթե հասկանում են, որ ի զորու չեն հարցերը լուծել, պիտի ասեն՝ կներեք, մենք չենք կարող այս հարցերը լուծել։ Մենք, ի վերջո, այդ ճանապարհով պետք է գնանք, այդ գիտակցումը պետք է լինի, որ եթե այլ մարդիկ կարող են, նրանց պետք է հնարավորություն տալ։ Իսկ հայ ժողովրդի արգանդը չի չորացել կան գործիչներ, մարդիկ, ուժեր, որոնք ի զորու են նման հարցերը լուծել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.10.2025