Պոչամբարները Հայաստանում՝ դանդաղ գործողության քիմիական ռումբեր
06 Հոկտեմբեր 2025
Խորհրդային Հայաստանի ագրարային տնտեսությունը նորանկախ հանրապետությունում արագորեն տեղը զիջեց հանքարդյունաբերությանը։ Գյուղատնտեսության ոլորտն ահռելի ծավալներով նվազեց, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին իսկ տարիներին ընդհանրապես փակվեց ոլորտային նախարարությունը, որն էլ ավելի արագացրեց տնտեսության այս կարևորագույն ճյուղի անկումը։ Դրան զուգահեռ հանքարդյունաբերությունն արագ ընդլայնվեց, սակայն ոչ ամբողջական արտադրանքի ստացման շղթայով, այլ հումքի արտահանման տեսքով։
Հայաստանը հանքային խտանյութի արտահանման հետևանքով ոչ միայն հսկայական ֆինանսական միջոցներ է կորցնում, այլև նման արտադրությունը էկոլոգիական լրջագույն բացասական հետևանք է ունենում հանքավայրերին հարակից ազդակիր համայնքների բնակչության և ՀՀ փոքր տարածքի եզակի ու հարուստ էկոհամակարգի վրա։ Հայաստանի տարածքը և ռելիեֆն այնպիսին են, որ գյուղատնտեսական ապրանքների արտադրության և սննդի շղթայի միջոցով ազդակիր են բոլոր բնակավայրերը և վնասակար ազդեցությունը տարածվում է ՀՀ բոլոր քաղաքացիների վրա։
Հայաստանում առկա է մոտ 500 հանքավայր, որոնցից 22-ը բարձր վտանգավորության են՝ բազմամետաղային։ Էկոլոգիապես մաքուր հանքարդյունաբերությունը սեփականատերերից պահանջում է լրացուցիչ և զգալի միջոցներ, որոնք տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով չեն ներդրվել և այսօր հանքշահագործումը Հայաստանում հիմնականում նույնանում է շրջակա միջավայրի աղտոտման հետ։
Հատկապես լրջագույն խնդիր են արտադրական թափոնները, որոնցից վտանգավորները կուտակվում են պոչամբարներում, իսկ պակաս վտանգավորները դատարկ ապարների կուտակման վայրերում։
Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 23 պոչամբար, որոնք միասին շուրջ 365 մլն մ³ փաստացի ծավալ ունեն։ Դրանց մի մասը գործող է, իսկ 11-ը կոնսերվացված է և ռեկուլտիվացման ենթակա։ Ռեկուլտիվացիան բնական խախտված էկոհամակարգի առավելագույնս վերականգնումն է, որն արվում է պոչամբարի վրա հողի հաստ շերտի ավելացմամբ և դրան հարակից ջրահեռացման համակարգերի ստեղծմամբ՝ կանխելու համար հողի շերտի լվացումը։
Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերը կորցնում են իրենց առաջնային արժեքը և բացասաբար են ազդում շրջակա միջավայրի՝ կենդանական և բուսական աշխարհի վրա, իսկ պոչամբարները դանդաղ գործողության ռումբեր են մեր հասարակության համար։ Հանրապետությունում պարբերաբար իրականացվող ուսումնասիրությունները փաստում են հանքշահագործման հետևանքով, հատկապես պոչամբարների հարակից տարածքներում և բնակավայրերում, մարդու առողջության համար վտանգավոր ահռելի քանակությամբ ծանր մետաղների և քիմիական նյութերի առկայությունը։
Դրանք հայտնաբերվում են մարդկանց, հատկապես երեխաների օրգանիզմում և մազերում: Բացի այդ, աղտոտված գյուղատնտեսական արտադրանքի միջոցով այդ նյութերը ներթափանցում են ոչ միայն պոչամբերների մոտ բնակվողների, այլև ողջ հանրապետոթյան բնակչության սննդի շղթա։
Հայաստանի տարածքում առկա պոչամբարների մի մասը գործող է, մի մասը՝ ռեկուլտիվացված, սակայն կան նաև լքվածները, որոնք ռեկուլտիվացիայի կարիք են զգում։ Խորհրդային տարիներին մասնակի վերականգնված պոչամբարները, տասնամյակներ շարունակ լրացուցիչ դիտարկման չարժանանալով, կորցնում են նվազ վտանգավոր լինելու իրենց կարգավիճակը։ Տարիների ընթացքում անձրևաջրերը լվանում են պոչամբարի վրայի հողի բարակ շերտը, և ջուրը, ծանր մետաղներով հարստանալով, հոսում և լցվում է հանրապետության հարուստ ջրային համակարգը։
Դաստակերտի չօգտագործվող պղնձա-մոլիբդենային հանքավայրի պոչամբարն այսօր այդ վիճակում է։ Պոչամբարի եզրով կառուցված ջրահեռացման համակարգը, որով գետը շրջանցում էր վտանգավոր տարածքը, այլևս չկա։ Ջրերը, քայքայելով պոչամբարը, առու են բացել դրա մեջ՝ դառնալով նաև փլուզման հետևանքով խոռոչների առաջացման պատճառ։ Հարակից տարածքով անցնող Կըշկոշտի գետը լվանում է այնտեղ եղած ծանր մետաղները և հասցնում Այրիգետ։ Պոչամբարից ներքև՝ երկու գետերի միախառնման վայրում, ջրի որակն ընկնում է։
Այս տարածքներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդերքօգտագործման թափոնների կուտակման վայրում և հողային շերտում մկնդեղի պարունակությունը 11-14 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ ցինկի պարունակությունը՝ 7 անգամ։ Վերջիններս հողի քիմիական աղտոտման տեսանկյունից համարվում են առաջին դասի վտանգավորության նյութեր։ Նման վիճակում են նաև ռեկուլտիվացված մյուս պոչամբարները։
Ներկայում Հայաստանում գործող պոչամբարներն էլ են մեծ վտանգ ներկայացնում։ Բացի այն, որ դրանցից, այսպես ասած, մաքրաջրերը վերջին հաշվով դուրս են հոսում որոշակի աղտոտվածության աստիճանով, տարվա շոգ եղանակին էլ «թունավոր լճի» որոշ ափամերձ չորացած հատվածներից քամին օդ է բարձրացնում վտանգավոր մետաղներով հագեցած փոշին և այն տարածում կիլոմետրերի շառավղով։
Մասնագիտական ուսումնասիրությունների մտահոգիչ արդյունքները
Վերջին տարիներին պոչամբարների խնդիրը դարձել է ոչ պետական կազմակերպությունների ուսումնասիրությունների առարկան։ Այս միտումի պատճառը պետական պատասխանատու կառույցների ոչ արդյունավետ գործողություններն են, որոնք ոչ միայն չեն նպաստում տվյալ հիմնախնդրի լուծմանը, այլև իրավիճակն էլ ավելի են բարդացնում։
15 տարուց ավելի է, ինչ չեխական «Առնիկա» կազմակերպությունն ուսումնասիրություն է անցկացնում Հայաստանում։ Վերջինը «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանի քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում հայկական «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Համայնքային աջակցության և համախմբման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվել է Չեխիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ են անցկացվել ազդակիր 4 համայնքի 5 բնակավայրում՝ Արարատի մարզում Արարատ և Սուրենավան գյուղերում, Լոռու Քարաբերդ բնակավայրում, Կոտայքի մարզի Մեղրաձոր և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրերում, որտեղ գործում է հանքարդյունաբերությունը։
Այդ համայնքներից վերցված բոլոր փորձանմուշներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ մկնդեղ, ինչպես նաև ծանր մետաղական էլեմենտներ՝ կապար, կադմիում, սնդիկ, պղինձ։ Վերջիններս ազդում են մարդու լյարդի, երիկամների, նյարդային և ոսկրային համակարգերի, ինչպես նաև ուղեղի վրա։
Արարատի մարզի Արարատ համայնքում 2023 թ. հողի փորձանմուշներ են վերցվել Կախանովի ջրանցքից, իսկ տեղի բնակիչներից՝ կենսաբանական նմուշներ։ Մկնդեղի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքում, որը 241,2 մգ-ով բարձր է եղել այլ նմուշներում մկնդեղի միջին պարունակության միջակայքից՝ 0,1-ից մինչև 67 մգ մկնդեղ` 1 կգ չոր քաշի մեջ: Հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանի հողի համար սահմանված չափաքանակները:
Մկնդեղի կոնցենտրացիան մարդկանց մեզի բոլոր նմուշներում միջինում կազմել է 14,28 մկ/գ`մկնդեղի 1 գ կրեատինինի համար, ինչն ավելի բարձր է, քան բնակչության եվրոպական խմբերում է: Բարեբախտաբար մարդկանց մազերում մկնդեղի կոնցենտրացիաները չեն վկայում կրիտիկական քրոնիկ ազդեցության մասին:
Հողի նմուշներում պղնձի կոնցենտրացիան միջինում կազմում է 115,7 մգ պղինձ`1 կգ չոր քաշում, ինչը նույնպես գերազանցում է Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները:
Իսկ ահա Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղում, որտեղ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն շահագործում է Քարաբերդի ոսկու հանքավայր, հիմնական աղտոտումը տեղի է ունենում մկնդեղով, դրա կոնցենտրացիաները գերազանցում են Հայաստանի հողի համար սահմանված ստանդարտները՝ որոշ դեպքերում հասնելով 172 մգ մկնդեղի՝ 1 կգ չոր քաշում։ Տեղի ոսկու հանքավայրի դրենաժի նստվածքի նմուշներում առկա են պղնձի բարձր կոնցենտրացիաներ, ինչն աղտոտում է Փամբակ գետը։ Ուսումնասիրության արդյունքում արդյունաբերական թափոններից վերցված նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ թափոնների մեջ պղինձը բարձր կոնցենտրացիաներով է առկա՝ հասնելով 402 մգ-ի՝ 1 կգ չոր քաշի դիմաց։
Ուսումնասիրությունների ժամանակ Մեղրաձորում նաև հայտնաբերել են ջրի հոսքով աղտոտվող տարածքներ, իսկ այդ ջրերը հոսում են հանքավայրից։
Հայկական ուսումնասիրությունները՝ ադրբեջանական քարոզչության գործիք
Հայկական փորձագիտական շրջանները չեխական «Առնիկա» կազմակերպության գործունեության մեջ բացասական միտումներ են տեսնում, քանի որ հրապարակված մտահոգիչ բացասական տվյալները ադրբեջանական կողմը միանգամից վերցնում է և օգտագործում իր քարոզչության մեջ։ Հայկական մասնագիտական համայնքը արդարացիորեն հարցադրում է հնչեցնում, թե ինչու Չեխական ընկերությունը չի ուսումնասիրում նաև Ադրբեջանի տարածքը, որտեղ նավթարդյունաբերության էկոլոգիական վնասներն աղետալի չափերի են հասել և վտանգում են ոչ միայն այդ պետության տարածքները, այլև՝ հարակից պետությունների, իսկ Կասպից ծովի ավազանի պետությունների ափամերձ տարածքներում բնապահպանական աղետ է։ Այսօր արդեն Ադրբեջանը սկսել է նույն՝ անպատասխանատու ձևով շահագործել օկուպացված Արցախի Կաշենի հանքավայրը, ինչպես նաև Քարվաճառում կառուցված բազմաթիվ հէկերը։
Բանն այն է, որ «Առնիկա» կազմակերպությունն արդեն տևական ժամանակ ուսումնասիրություններ է անցկացնում հետխորհրդային մի շարք երկրներում, օրինակ՝ Ղազախստանում, սակայն Ադրբեջանը հայտնի պատճառներով վերջինիս թույլ չի տալիս մուտք գործել իր տարածք։
Սակայն այսօր վերոնշյալ կազմակերպության և հայկական հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները ոչ թե պետք է քննադատել, այլ ի գիտություն ընդունել և դիտարկել որպես ահազանգ։ Դրանք կարևոր են իրականացված միջազգային բարձր չափանիշներով, ընդ որում՝ ոչ ՀՀ պետական բյուջեի հաշվին և պետք է օգտագործվեն ոլորտի քաղաքականությունը մշակելու համար։
Ավելորդ չէ նշելը, որ Ադրբեջանի կողմից այս ուսումնասիրությունների արդյունքները քարոզչական նպատակով օգտագործելու պատճառով բարձրացած վրդովմունքի ալիքի վրա «Առնիկան» հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ զբաղվում է բացառապես մասնագիտական աշխատանքով։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք հրապարակայնորեն դատապարտել ենք 2023 թվականին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղ և սկսել ենք դրամահավաք-արշավ՝ օգնելու մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել ադրբեջանական ուժերի կողմից գրավված տարածքները»։
Պոչամբարների հիմնահարցը լուծելու համար անհրաժեշտ է հասարակության ապագայով մտահոգ կառավարություն
Պոչամբարների խնդիրը հեշտ լուծելի է, բայց պետությունն այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում։ Լուծումներից մեկը հանքանյութի լվացման փակ շրջանառու համակարգի շահագործումն է, երբ խտանյութի ստացման համար ոչ թե նոր աղբյուրից է մաքուր ջուր վերցվում, այլ հենց տվյալ ընկերության պոչամբարից, որի ջուրն արդեն իսկ պարունակում է արդյունահանվող մետաղները։
Այսօր այդպես են աշխատում Քաջարանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ պոչատարների վրա վթար է լինում, կամ ջրի շրջանառությունն են անջատում էլեկտրաէներգիա խնայելու համար։
Երկրորդ տարբերակն առանց պոչերի հանքշահագործումն է, որն արդեն վաղուց կյանքի է կոչվել զարգացած երկրներում, բայց ոչ Հայաստանում։ Արտադրության նման եղանակ են խոստանում Ամուլսարում, բայց այն տարբեր հանգամանքներով պայմանավորված չի իրականացվում։
Կա նաև երրորդ տարբերակը։ Հայտնի ճշմարտություն է, որ պոչամբարը բազմամետաղների հանքավայր է, և զարգացած երկրներում վաղուց այդ տարածքները հանձնվում են ընկերություններին, որոնք պոչհանքից կորզում են մետաղներ և դրանից հետո թողնում համեմատաբար անվնաս չոր զանգված։ Մի քանի տարի առաջ Հայաստանում էլ փորձ արվեց պոչամբարներից մեկը հանձնել ընկերությանը շահագործման, որպեսզի այնտեղից մետաղների արդյունահանում իրականացվի և արդյունքում պոչամբարը վերացվի, բայց բյուրոկրատական քաշքշուկների պատճառով ծրագիրը չեղարկվեց։ Բանն այն է, որ պոչամբարներից արդյունահանումը ծախսատար գործընթաց է, և ներդրողին շահագրգռելու համար, անհրաժեշտ են արտոնյալ պայմաններ, հակառակ դեպքում՝ հանք շահագործողը և պոչամբարը շահագործողը հավասար պայմաններում չեն գտնվի, իսկ այդ դեպքում երկրորդի համար տվյալ գործունեության ձևը ձեռնտու չի լինի։
Այս հարցում պետական քաղաքականությունը ծայրաստիճան մտահոգիչ է։ Հանրապետության գործադիր մարմինը, փոխանակ արտոնություններ տրամադրելով խթանի պոչամբարներից մետաղների արդյունահանումը՝ այդ գործընթացը դարձնելով շահավետ, ինչը միաժամանակ կօգներ վերացնել երկրի տարածքում առկա դանդաղ գործողության քիմիական ռումբերը՝ պոչամբարները, և զարգացնել հանքարդյունաբերության նոր, հեռանկարային ճյուղ՝ ապահովելով մեծ բյուջետային մուտքեր, մինչ օրս չի ստեղծել բարենպաստ պայմաններ անգամ մեկ ընկերության համար։ Մինչդեռ այս ճանապարհով հնարավոր կլիներ լուծել Հայաստանի ներկայիս թիվ մեկ բնապահպանական խնդիրը և չեզոքացնել մեր կենսապայմանները վտանգող խոշոր ռիսկը։
Արմեն Վարդանյան