Անկախության հոգեբանական ֆենոմենը
06 Հոկտեմբեր 2025
Եթե մի հրաշքով հնարավոր լիներ անցնել երկրից երկիր ու ժողովուրդներին հարցնել, թե ինչ է անկախությունը, համոզված եղեք, մարդիկ կդժվարանային պատասխանել այդ հարցին: Անկախությունը, նրա դերն ու նշանակությունը ազգերի կյանքում պատմաքաղաքական, կրոնամշակութային և սոցիալ տնտեսական և վերջապես՝ էթնո-հոգեբանական խիստ բազմածալք երևույթ է: Չկա մի այնպիսի համընդգրկուն հայացք, որով հնարավոր լինի այն ամբողջացնել: Լավագույնը, ինչը որ կարելի է անել, այն է, որ կարող ենք խոսել անկախության այս կամ այն ասպեկտի մասին: Տվյալ դեպքում մեզ հուզում են անկախության հոգեբանական ընկալումները և, իհարկե, դրանց արտացոլումները հասարակական վարքի մեջ: Հարցը, թե ինչու են ազգերը ձգտում անկախության, հատկապես քաղաքական անկախության, ունի իր ունիվերսալ պատասխանը՝ պահպանել ազգային տեսակը, էությունը և զարգանալ: Այս խնդիրը տարբեր ազգեր տարբեր կերպ են լուծել և լուծում: Որոշ ազգերի համար անխուսափելի է եղել պայքարի ռազմական ճանապարհը, մյուսների համար այն դիվանագիտական ուղին է՝ միջազգային օրենքների և կարգերի իրավաքաղաքական կարգավորումներով, հայտնի է նաև հոգևոր, խաղաղ ընդվզման ուղին, Մահաթմա Գանդիի կիրառած ձևը Հնդկաստանում և այլն: Բոլոր դեպքերում բախտորոշ են եղել պատմական հանգամանքները: Ակնհայտ է մի բան՝ ազգային տեսակի պահպանությունը դոմինանտ, բացարձակ նպատակ է բոլորի համար. այլ հարց է, թե այս կամ այն ազգը ինչ ներքին մղումներով ու արտաքին ուժերի ազդեցությամբ է դա կյանքի կոչում:
Ամերիկյան հայտնի տեսաբան Հանթինգթոնը իր «Քաղաքակրթությունների պատերազմ» արժեքավոր գրքում մոտավորապես այսպես է ներկայացնում իրավիճակը՝ «Մահմեդականները կարող են դառնալ քրիստոնյաներ, ուղղափառները՝ կաթոլիկներ, պահպանողակաները՝ լիբերալներ, դեմոկրատները՝ միապետականներ, բայց երբեք չինացին հոլանդացի չի դառնա, ռուսը՝ իսպանացի, հայը՝ թուրք, գերմանցին՝ արաբ»: Սա պատմությամբ փաստված իրողություն է: Հարկ է նաև նկատել, որ Հանթինգթոնի այս դիտարկումները ներկայումս ինչ որ չափով հնացած են, ավելի ճիշտ կլինի ասել՝ տրանսֆորմացված: Աշխարհում ավելի բարդ գործընթացներ են տեղի ունենում: Բանն այն է, որ անգլո-սաքսոնական կենտրոնների կողմից հրապարակ հանված գլոբալիզմի փիլիսոփայությունը և գործընթացները, աշխարհը, ավելի ստույգ արևմտյան ու ասիական հատվածը վերջին երեսուն տարում նետեցին կատարյալ քաոսի մեջ: Այսպես կոչված՝ «Ժողովրդավարական արժեհամակարգը» և մարդու իրավունքների պաշտպանության սին պատրանքները ոչ միայն չլուծեցին ազգերի հիմնարար հարցերը, այլև ստիպեցին, որ քաղաքական ցինիզմը և լպիրշությունը, «համաշխարհային զոռբայությունը» դառնան միակ հասկանալի լեզուն բոլոր մեծ ու փոքր տերությունների համար: Մարդկությունը, ասես, հետքայլ է անում դեպի բիրտ ժամանակներ: Բոլոր միջազգային կառույցները, որոնք իբրև թե պետք է կարգավորեին պետությունների և ժողովուրդների հարցերը, բացահայտեցին իրենց լիակատար սնանկությունը և անպետքությունը: Օրինակ, ՄԱԿ-ը և եվրոպական կառույցներն ամեն օր հրապարակում են ոչինչ չնշանակող բարձրագոչ որոշումներ, որոնք ոչ պաղեստինցիների բացահայտ ցեղասպանությունն են կասեցնում, ոչ կանգնեցնում ռուս-ուկրանիական արյունահեղությունը և ոչ էլ թուրքական էթնիկական զտումը և վանդալիզմը Արցախում: Այնպես որ, ապրում ենք մի նոր և հրեշավոր աշխարհում, ու ասես սրա վերջը չի երևում:
Եվ այս դեպքում ինչպե՞ս կարելի է հույսն ուրիշների վրա դնել: Ու քանի որ սա է մերկ ճշմարտությունը, ուստի անկախությունն է այն քիչ թե շատ հուսալի խարիսխն ու զրահը, այն «զամբյուղը», որի մեջ կարողանում է ապրել ազգային տեսակը և ինքնությունը: Եվ եթե ազգերը տեր չեն կանգնում այս «զամբյուղին», ամեն բան հայտնվում է գոյաբանական ռիսկերի տիրույթում:
Արևելքից եկած մի ճշմարիտ խոսք կա՝ «Դու ես պատճառը քո տառապանքների, քո դժբախտության ու մեծամտության: Ուրիշը պատասխանատվություն չի կրում քո ապրումների և զգացումների համար:
Դու, միայն դու ես քո թե՛ դրախտը, և թե՛ դժոխքը»: Իսկ մեր էպոսը, Դավթի բերանով էլ ավելի լակոնիկ է՝ «Իմ ցեցը իմ անձից է: Էդ իմ սերմն է, որ ինձ սպանեց»: Թերևս հայոց իրականության վերջին ամենահրեշավոր իրողությունը հենց այն է, որ ազգովին թույլ տվեցինք, որ այդ «ցեցը» արթնանա: Արթնանա, արթնացնի իր նմաններին ու խժռի ամեն ինչ: Այս թեմային կանդրադառնանք քիչ ավելի ուշ, հիմա փորձենք հասկանալ անկախության ընկալման հոգեբանական շերտերից մի քանիսը: Արդեն ասացինք՝ անկախության հոգեբանությունը դժվար ձևակերպելի բան է: Այն մի դեպքում՝ ազգային պատկանելության խորքային նույնականացում է, մեկ այլ դեպքում ինքնահարգանքի և արժանապատվության ամուր զգացումը, մեկ այլ պարագայում՝ բարձր ինքնագիտակցությունը և իհարկե՝ ինքնավստահ և անվտանգ ապրելու ձգտումը: Տվյալ երկրի քաղաքական կշիռը աշխարհում խիստ որոշիչ գործոն է: Տարբեր ազգերի մոտ այս ամենը ունի իր դրսևորման ուրույն կերպը: Օրինակ, ռուս մարդուն ասես, որ եթե նա հազար կիլոմետր քայլի դեպի արևելք, դա իրենն է, եթե արևմուտք, հյուսիս կամ հարավ, նույնպես իրենն է, այդ ամենը իր երկիրն է: Սա լսելով՝ նա հնարավոր է ասի. «որ այդպես է, ես պատրաստ եմ նաև զրկանքների մեջ ապրել, որովհետև սա իմ անկախ, ինքնիշխան երկիրն է, սա միմիայն իմն է….»: Ահա թե ինչու են ռուսներն այդպես արագ մոբիլիզացվում իրենց հայրենիքի պաշպանության խնդրում, սպառնալիքներին դեմ-հանդիման: Զոհաբերվելը հանուն այս ամենի, ռուսական ընկալումներում այլընտրանք չունի: Այստեղ արդեն հայրենիք, անկախություն և պետություն եզրերը միահյուսվում են: Սա ուժեղ զգացում է, որը համեմատաբար թույլ է արտահայտված արևմտյան ազգերի մոտ:
Իտալացին, գերմանացին, ֆրանսիացին և մյուսներն իրենց անկախության ապահովման այլ մոդելներ ունեն, նրանք դա փորձում են անել հնարավորինս ամուր համակարգեր ստեղծելով, սա նաև ամերիկյան մոտեցում է: Ասել է թե՝ «անկախությանը պետք է տեր կանգնել ոչ թե հույզերի և բուռն զգացումերի ուժով, ինչպես ռուսների մոտ է», այլ ազգին ծառայող պետական համակարգերի օգնությամբ: Հետաքրքիր են պարսիկները, չինացիները, կորեացիները, ճապոնացիները, սրանց համար էլ հզոր գործոն է նպատակադրումը այս կամ այն մեծ խնդրի շուրջ, որը կարող է միլիարդ մարդու դարձնել մեկ մարդ: Այս ազգերը ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա, նրանք ապրում են իրենց ճշտված շահերով և նպատակներով:
Խնդիրն այստեղ ազգի թվաքանակը չէ, այլ հավաքական ինքնագիտակցությունը և դրան նպաստող հոգեկերտվածքը: Տարիներ առաջ մի զրույցի ժամանակ ես հարցրի իրանագետ և արևելյան ազգերի պատմության հմուտ հետազոտող Գառնիկ Ասատրյանին. «Այդ ինչպե՞ս է, որ քրդերը Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում, ունենալով մոտ 40-45 միլիոն բնակչություն, այդպես էլ չեն կարողանում ստեղծել անկախ պետություն»: Նա պատասխանեց. «Նրանց քանակը շատ բան չի որոշում, քանի որ քրդերը նախ՝ շատ խղճուկ ազգային ինքնագիտակցություն ունեն, և հետո՝ նրանց նկարագրի և վարքագծի մեջ մինչ օրս գերիշխում են ցեղային կամ ավազակային, թալանչիական հակումները: Երբ մի տարածք են նվաճում, մտածում են ոչ թե ամրապնդվելու, այլ արագ կողոպտելու և հեռանալու մասին… Այ դրա համար էլ մյուս պետությունները նրանց միշտ օգտագործում են, դիմացը ոչինչ չտալով»: Այս ամենով հանդերձ, բոլոր ազգերի համար էլ ճակատագրական կարող են լինել առաջնորդները, նրանց գործերը, արարքները և մանավանդ՝ չարածները: Մի բան է, երբ առաջնորդը անկախության գաղափարը գեներացնող կարգին, ազգասեր մարդ է, մեկ այլ բան՝ երբ պատահական, վախկոտ, թշնամիների և օտար ուժերի դրածո: Պատմությունը այսպիսի տխուր կերպարներ ևս շատ է տեսել: Մի բան է, երբ առաջնորդն իր հենարանն է դարձնում ժողովրդի առողջ, քաջարի, մտածող և սրտացավ ուժերին, մեկ այլ բան՝ երբ ամբոխին, նրա վախկոտ ու թուլամորթ հատվածին: Խնդիրն ընդամենը այն է, թե ինչ է խոստանում նա այս ամբոխին:
Ու ցավալին այն է, որ նրանք կարող են հաջողել իրենց կեղտոտ նպատակադրումների մեջ: Հիշենք Օրուելի հայտնի խոսքերը՝ «Առաջնորդները, որոնք իրենց ժողովուրդներին բերում են արյուն, ծանր աշխատանք ու տառապանք, արցունք ու դառը քրտինք, օգտվում են մեծ վստահությունից, քան այն քաղաքական գործիչները, որոնք խոստանում են բարեկեցություն և բարգավաճում»:
Ավա՜ղ, այդպիսին է ամբոխի էությունը: Շատ կարճ ժամանակահատվածում ամբոխի ողորմելի, վախկոտ ու մորթապաշտ հատվածը սկսում է ազդել գործընթացների վրա նույնիսկ ոչինչ չանելով: Դեռ ե՞րբ էր սոցիոլոգիայի հայր Գուստավ Լեբոնն ասել՝ «Ով կարողանում է ամբոխին գցել թյուրիմացության մեջ, դառնում է նրա տիրակալը…»: Սրանք, այսինքն՝ քպական իշխանությունները, բարեբախտաբար, չդարձան նույնիսկ ամբոխի սրտի լիկատար տիրակալ, բայց առայժմ կարողանում են ապականելով առաջ գնալ: Այդպիսին է ցեցի բնույթը: Հանրայինի եթերից անհայտ ծագմամբ Հայկ Կոնջորյան անունով մի ստահակ հայտարարում է. «Դաշնակցականները գուրգուրում էին Արարատ լեռը, որպեսզի կարողանան Մասիսի նկարներ և հայրենասիրություն վաճառել Սփյուռքին…»:
Պատկերացնո՞ւմ եք չէ, թե ինչ աստիճանի այլասերված միտք պետք է ունենա մարդը նման բան ասելու համար: Իսկ «գլխավոր ցեցի» համար այլևս վայրահաչի սահմաններ չկան: Եվ ամենաահավորն այն է. «Երբ կեղծ խոսքերը հասնում են իրենց բարձրակետին և հագեցնում օդը, հասարակ մարդը սկսում է հավատալ, որ ձեռք է բերել մի խիստ կարևոր բան: Մինչդեռ նրա գլխում ընդամենը աղբ են լցրել»։ Վախի և շփոթի մեջ ապրող հասարակությանը կարելի է կերակրել նաև աղբով, ինչը որ ցեցերն անում են: Ռուսների մասին մի հանրահայտ խոսք կա՝ «Բացի հիմարներից և ճանապարհներից, Ռուսաստանում կա ևս մեկ փորձանք. այն է՝ հիմարները ցուցանում են, թե որ ճանապարհով պետք է գնան մյուսները»:
Սա նաև մեզ է պատուհասել: Անկախության հոգեբանական հիմքն, ասես, ջախջախվել է, և մարդիկ կարծես սկսել են վախենալ բուն անկախությունից: Նրանք կորցրել են նպատակը: Մի դաոսական գողտրիկ առակ լավագույնս արտահայտում է մեր վիճակը: «Վանական համալիրներից մեկում աշակերտը հարցրեց ուսուցչին,- ուսուցիչ, ինչպե՞ս հասնեմ իմ նպատակին,- ուսուցիչն էլ թե՝ «դեն նետիր քո ունեցած բոլոր ավելորդ բաները»:
– Բայց ես ինչպես հասկանամ, թե ի՞նչն է ավելորդ, ինչը՝ ոչ:
Ուսուցիչն ասաց, որ կյանքը մի օր դա կհուշի: Այսպես օրեր անցան, աշակերտը չէր կռահում, թե ինչն է ավելորդ: Մի օր նրանք երկուսով գնացին լեռները որսի: Հանկարծ նրանց վրա հարձակվեց վագրը: Ուսուցիչը հանգիստ մնաց տեղում կանգնած, իսկ աշակերտը լեղաճաք եղած փախավ, ընթացքում դեն նետելով սուրը, վրայի վանականի ատրիբուտները: Աշակերտը մի կերպ բարձրացավ ծառը ու այդ կերպ փրկվեց: Վագրի հեռանալուց հետո նա իջավ, մոտեցավ ուսուցչին և հարցրեց,- «Կասե՞ք, թե ինչու վագրը հատկապես իմ ետևից վազեց՝ ձեզ անգամ չնկատեց:
-Վագրը քեզ հետապնդեց, – ասաց նա, – որովհետև տեսավ քո վախը, նույնիսկ, երբ դու նետել էիր քո վրայի ավելորդ բաները: Հենց այդ վախն է քո ունեցած ամենաավելորդ բանը»: Այս վախերն են, որ շեղում են մեզ մեր նպատակից, դարձնում խոցելի՝ պոտենցիալ զոհ: Մեր հասարակության մի մեծ հատված վախենում է ոչ միայն թուրքերից, այլև բուն անկախությունից: Եվ սա արտահայտվում է թե՛ գիտակցված ձևերով, և թե՛ ենթագիտակցորեն: Պարզ է չէ՞, որ այս ուղղությամբ աշխատում է քպական մի հզոր քարոզչական մեքենա, որն ուղղորդվում է Անգլիայից, Անկարայից ու Բաքվից:
Ակնհայտ է, Նիկոլը իշխանության է բերվել Արցախը հայաթափելու, թուրանական միջանցքը բացելու և ռուսներին Հարավային Կովկասից դուրս հանելու համար: Ահա, թե ինչու են ականապատված նրան իշխանությունից հեռացնելու բոլոր ճանապարհները: Նիկոլին հեռացնելը դժվար է այն պարզ պատճառով, որ նա Թուրքիայի ու Ադրբեջանի ստվերն է Հայաստանում, իսկ ստվերը չի կարելի ջախջախել խոսքով, քարով, մուրճով, կամ որևէ այլ ձևով: Կամ պետք է ստվեր ստեղծող առարկան վերացնես, կամ էլ՝ լույսի աղբյուրը բերես այն դիրքին, որն այլևս ստվեր չի առաջացնում: Պետությունը, հայրենիքը և անկախությունը հենց այդ լույսի աղբյուրի նշանակությունն ունեն: Պետք է խորությամբ գիտակցել իրավիճակի օրհասականությունը և պինդ կառչել մեր անկախությունից: Այո, արդեն ուշ է, որպեսզի հետ վերադառնանք ամեն բան ճիշտ սկսելու համար, բայց ուշ չէ առաջ գնալը ամեն ինչ ճիշտ ավարտելու նպատակով: Հնարավորությունները բազմապատկվում են, երբ մարդիկ օգտվում են դրանից։
Միշտ հիշեք թունավոր նետով խոցված Սասունցի Դավթի վերջին խոսքերը. «Իմ ցեց իմ անձից է, Էդ իմ սերմն էր, որ ինձի սպանեց»։
Իրական թշնամին թաքնված է յոթ գոմշի կաշվի ետևում և վախենում է բացեիբաց մեր դեմ կռվել։ Նա մեզ ներսից կրծող ցեց է դարձնում մեր սերմը կրող խառնածիններին ու զոմբիներին՝ ուղեղներն անջատած ու ինքնուրույն մտածելու, վերլուծելու կարողությունն ու մարդկային հատկանիշները կորցրած հայերին։
Ցեց մի՛ դարձեք,
Ցեց մի՛ ծնեք,
Ցեց մի՛ դաստիարակեք։
Մանվել Մկրտչյան