«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պետությունը դուրս բերել անվտանգության ու զարգացման հանգրվան
28 Մարտ 2026
2026 թ. մարտի 16-ին Երևանում, պաշտոնական միջոցառմամբ ազդարարվեց նոր նախընտրական դաշինքի ձևավորման մասին՝ ի դեմս Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Առաջ կուսակցությունների։ Միաժամանակ Դաշինքն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանին։ Առաջ կուսակցությունը քաղաքական դաշտում իր կարևոր քննությունը հանձնեց 2025 թվականին Վաղարշապատում տեղի ունեցած Ավագանու ընտրություններում։ Երիտասարդ և ազգային դիմագիծ ունեցող այս կուսակցությունը տվյալ ընտրությունների ժամանակ Վաղարշապատ քաղաքում հաղթեց ՔՊ-ից առաջադրված հիմնական թեկնածուին, սակայն ընտրատարածքի մասշտաբով պարտվեց իշխանական թիմի կողմից ընտրատարածքի վերաձևման և այլ բնույթի նախընտրական ձեռնածություններին։ Այսօր արդեն այս կուսակցությունը Հանրապետության մասշտաբով քաղաքական կյանքում գործոն դառնալու հայտ է ներկայացնում։
Ինչ վերաբերում է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, ապա տվյալ դաշինքին մաս կազմելու համար տրամաբանական հիմք է ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի հաջող համագործակցությունը եզրափակմանը մոտեցող Ազգային ժողովի գումարման շրջանակում։ Եթե ավելի ետ գնանք հիշելով 2003-2008 թվականներին նախագահ Քոչարյանի և ՀՅ Դաշնակցության կոալիցիոն համագործակցությունը, կարող ենք վստահաբար ասել, որ առկա է արդյունավետ և փորձություն անցած գործակցության փաստը։
Դատելով մարտի 16-ի միջոցառման ժամանակ ներկայացված մոտեցումներից, ինչպես և ծրագրային բանաձևումներից՝ հաղթանակի դեպքում այս Դաշինքի գործունեությունն ունենալու է ազգային և սոցիալ-տնտեսական հիմնական ուղղվածություն։ Կարծես հայության մեծամասնության համար ըմբռնելի է դառնում, որ առաջիկա հունիսի 7-ին նշանակված քաղաքական միջոցառումը շատ հեռու է իշխանության պարզ ընտրության նպատակից և ունի բախտորոշ նշանակություն՝ ստեղծել հնարավորություն դուրս բերելու պետությունը գահավիժման ընթացքից դեպի զարգացման ու հզորացման մայրուղի կամ թույլ տալ, որ խորանա պետական ինքնիշխանության կորուստն ու թուրք-արևմտյան գաղութացման գործընթացը։
Պետք է հուսալ, որ նախորդող 8-ամյա դաժան դասից հետո ժողովրդի բացարձակ մեծամասնությունը զերծ կմնա 2021 թ. ընտրությունների վրա իշխած կրավորականության, վախի, պատրանքների ու բարդույթների ազդեցությունից և ընտրություն կկատարի առկա ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրային նպատակների, դրանք իրականացնելու ունակ կադրային հնարավորությունների միջև։ Մեծ հաշվով խնդիրն ապազգային ուժին իշխանությունից հեռացնելը և այն իրապես ազգային ու կարող ուժին վստահելն է՝ համապատասխան անձի առաջնորդությամբ։
Համապատասխան առաջնորդող անձի առումով, թերևս, յուրաքանչյուր ընտրող պետք է կողմնորոշվի ըստ հետևյալ սկզբունքների՝ ո՞վ է այն գործիչը, որը, ժառանգելով ազգային ու պետական կյանքի այսօրվա ծանր բեռը, կարող է երկիրն անդունդից դուրս բերել՝ քաղաքական – դիվանագիտական, կառավարչական և տնտեսական փորձառության ու կարողությունների շնորհիվ։ Ո՞վ է այն մարդը որը կնստի Ալիևի ու Էրդողանի, Պուտինի ու Թրամպի, Իրանի, Եվրամիության ու այլ երկրների առաջնորդների դիմաց և կկարողանա առաջ մղել ու պաշտպանել հայության շահերը՝ ունակ լինելով անհրաժեշտության դեպքում ոչ ասելու և առաջադրելու ազգի ու պետության շահերից բխող առաջարկներ։
Յուրաքանչյուր մարդու համար այլևս ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում անհնար է մատնացույց անել մի անկյուն, որի համար երաշխավորված է մշտական ու կայուն խաղաղությունը։
Քաղաքագետ լինել անհրաժեշտ չէ հասկանալու համար, որ եթե հանկարծ հարևան ու բարեկամ Իրանում կայունությունը խաթարվի, պատերազմի հրդեհը կտարածվի տարածաշրջանով մեկ։ Իհարկե դրանից անմիջապես կօգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք կփորձեն ոտքի հանել Իրանի ադրբեջանցիներին, թուլացած Իրանի և դիմադրությունից հրաժարված Հայաստանի հաշվին լուծել տարածքային ու աշխարհատարածքային կարևորագույն խնդիրներ։
Հավերժական խաղաղության մասին Հայաստանի այսօրվա իշխանության դատարկ հավաստիացումներին կանդրադառնանք այլ առիթով, իսկ այժմ ցանկանում ենք արձանագրել, որ մոտ ապագայում Հայաստանը պետք է ունենա այնպիսի ղեկավարություն, որն ունակ կլինի կարճ ժամանակում վերականգնելու հայկական փլուզված բանակը։ Ստեղծելու այնպիսի բանակ, որն առանց պատերազմական փոթորիկների մեջ մտնելու իր գոյությամբ կզսպի թշնամիների ագրեսիվ մտադրությունները։ Իհարկե, անհրաժեշտ կլինի նաև, որպեսզի փորձառության և կապերի շնորհիվ նոր ղեկավարությունը կարողանա Հայաստանը ներառել ռազմաքաղաքական իրական և հզոր դաշինքների մեջ։ Բազմակողմանի այդպիսի միջոցառումների շնորհիվ միայն Հայաստանը կկարողանա ձեռք բերել կայունության ներուժ ունեցող, երաշխավորված ու արժանապատիվ խաղաղություն։
Գաղտնիք չէ նաև, որ Հայաստանն այսօր միջազգային հարաբերություններում ընկալվում է ոչ թե որպես սուբյեկտ, այլ օբյեկտ, որի հաշվին կարելի է լուծել մասնավոր ու աշխարհաքաղաքական հարցեր։ Իր հերթին Հայաստանի ղեկավարությունն այս մեծ առևտրի մեջ ծախում է Հայաստանի շահերը՝ դիմացն ակնկալելով երաշխիքներ սոսկ սեփական իշխանությունը պահպանելու համար։ Ճիշտ այս մասին է վկայում նաև Եվրոմիության առաջնորդների ակնարկը Հայաստանում Մոլդովական սցենարը կիրարկելու մասին։ Իրենց «ապրանքի» գինը բարձրացնելու համար Հայաստանի իշխանությունները «էստի համեցեք» են ասում եվրոպացիներին, ամերիկացիներին, թուրքերին, ադրբեջանցիներին և ուրիշների։
Հայաստանը ներկայացնելով որպես մրցակցության ու բախման ասպարեզ (ըստ իրենց՝ հիբրիդային պատերազմի ռազմադաշտ) թվարկված երկրների, ինչպես նաև Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև՝ երկրի արկածախնդիր ղեկավարությունը կտրուկ մեծացնում է Հայաստանը մշտական առճակատումների և անկայունության գոտու վերածելու ռիսկը։
Հայաստանում ամենաուշը առաջիկա ընտրություններով պետք է իշխանության գա քաղաքական փորձառությամբ առաջնորդվող այնպիսի թիմ, որը մեր երկրի շուրջ փոխհարաբերությունները հակադրությունների ասպարեզից կտեղափոխի համագործակցության դաշտ, երբ, օրինակ, Եվրամիությունը Հայաստանը չի դիտարկի որպես գործիք Ռուսաստանի դեմ, ԱՄՆ-ն իր TRIPP-ով՝ Չինաստանի դեմ, Հայաստանը կդադարի լինել շահերի պարզաբանման առարկայի Ռուսաստանի ու հարևան թուրքական պետությունների միջև, Իրանը չի դիտի Հայաստանը որպես պոտենցիալ հակաիրանական հենակետ։ Փորձառու քաղաքական գործիչները կկարողանան վերականգնել Հայաստանի փոխլրացնող քաղաքականությունը՝ մեզ հետ շահեր ունեցող պետությունների հետ։
Այսօրվա իշխանությունը հնարավորինս պառակտել ու մասնատել է հայությանը, Սփյուռքն օտարվել է Հայաստանից, իսկ նոր սահմանադրության ընդունումից հետո Հայաստան-Սփյուռք զատումը կամրապնդվի իրավական հիմքերով։ Գալիք իշխանությունը պետք է ունակ լինի քաղաքական լայն կոալիցիաների, ազգային-հասարակական գործերին հասարակության ամենատարբեր շերտերին ընդգրկելով, Սփյուռքի հետ հարաբերությունների փորձառությամբ միավորել ողջ ազգն ու պետությունը և այդ միասնականությունը վերածելու անվտանգության ու առաջընթացի գլխավոր գործոնի։
Հայաստանը պետք է ղեկավարի հայ մարդը, վաղը և այսուհետ պետք է բացառվի հասարակական, քաղաքական դաշտերում այնպիսի «գործիչների» «ծլարձակումը», որոնք ներկան կզատեն անցյալից, ազգային արժեքներն ու սրբությունները կստորադասեն վերազգային գաղափարներին, կվերածվեն օտարի կամակատարների։ Հայաստանի ղեկավարը 2026-ի հունիսի 6-ից հետո պետք է դառնա հայ մարդ, ով ունի Հայոց Մայր եկեղեցու հետ գործակցության փորձառություն, ում համար թանկ են Արցախը, Արարատը, Վանն ու Մուշը, ազգային հիշողությունն ու ազգային արժանապատվությունը։
Առաջիկա շաբաթներին ականատես ենք լինելու նոր ուժերի և միավորումների մուտք գործելուն նախընտրական մրցասպարեզ։ Առողջ քաղաքական մրցակցությունն իհարկե ժողովրդավարական համակարգի կայացման գրավականն է, և հուսանք, որ իշխանության մոտ հասունացող պարտության գիտակցությունը չի ստիպի նրան հարամելու ամեն բան և փորձելու արհեստականորեն կանխել պատմական օրինաչափ շրջադարձը։ Կարծում ենք, որ ընդդիմադիրի դիմակ դնող նիկոլական փոքրաթիվ արբանյակներին բացառելով, քաղաքական ասպարեզ իջնող հին ու նոր սերունդը պետք է հնարավորություն ունենա դրսևորվելու և իր ջանքը ներդնելու հայրենի պետականության ամրապնդման ու զարգացման գործում, և դա այսօր իրական է թվում, եթե իսկապես առաջնորդության իրավունքը կրկին ստանձնեն իրապես ազգային ուժերը, իրական առաջնորդի գլխավորությամբ։ Միայն համապատասխան կարողությունների տիրապետող գործիչը կկարողանա վերը նկարագրված մարտահրավերները հաղթահարելով պետությունը սահուն կերպով դուրս բերել անվտանգության ու առաջանցիկ զարգացման ապահով հանգրվան։
