Իսրայելը մինչև բանակցությունները սկսվելը փորձում է իրականացնել իր խնդիրը՝ հատկապես Լիբանանի հարավային հատվածում
28 Մարտ 2026
Լիբանանի դեմ Իսրայելի ամբողջ գործողություններն այս պահին կենտրոնացած են երկրի հարավի վրա, չնայած Բեյրութի հարավային արվարձանները մերթընդմերթ հրթիռակոծվում են, բայց ամբողջ գործողությունները կենտրոնացված են երկրի հարավային ուղղությամբ։
Իսրայելն իր առաջ խնդիր է դրել անվտանգության գոտի ձևավորել և դա անել, քանի դեռ Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնության չեն եկել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում հրապարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։
Նա ասաց, որ կա նաև որոշակի տեղաշարժ, դանդաղ, բայց կա, իսրայելական զորքերն առաջ են եկել։
«Ներքաղաքական առումով կա որոշ մտահոգություն։ Լիբանանի իշխանությունների վերջին քայլի պատճառով, քանի որ Իրանի դեսպանին մինչև կիրակի ժամանակ տվեցին երկիրը լքելու համար, ճանաչեցին պերսոնա նոն գրատա, սա միանշանակ չի ընդունվել, տարբեր տրամագծորեն հակոտնյա դիրքորոշումներ կան այս խնդրով, բայց միաժամանակ զսպվածության որոշ մոտեցումները զգալի են, որպեսզի այս իրավիճակում նաև ներքին լարվածությունը չխորանա ու բախումների չհանգեցնի», – ասաց Կանդահարյանը։
Վերլուծաբանը նշեց, որ Իսրայելը կարծես անհանգիստ է, որովհետև ենթադրյալ բանակցություններ կամ շփումներ կան Իրանի ու ԱՄՆ-ի միջև։ Իսրայելը, հավելյալ ժամանակ տալու առումով Թրամփի հայտարարությանը զուգահեռ, կարծես մինչև բանակցությունները սկսվելը փորձում է իրականացնել իր խնդիրը՝ հատկապես հարավային հատվածում։
Մտահոգությունները խորն են հատկապես սոցիալական, տնտեսական խնդիրների և նաև տեղահանվածների երևույթը նկատի ունենալով, որովհետև հսկայական թվով գաղթականների հետ գործ ունենք՝ մոտ մեկ միլիոն երեք հարյուր հազար։ Մի ամբողջ շրջան արդեն գրավել են։
Եթե Իրան-Միացյալ Նահանգներ գծի վրա որոշ երկխոսության կամ բանակցությունների մասին խոսք կա, ապա Լիբանանի դեպքում նման բան չկա, դեռևս անորոշ է, շատ ավելի անհեռանկար է, թե այդ ամենն ինչի կհանգեցնի։ Նաև բավական ջանք կա, որպեսզի ներքին լարվածություններ չառաջանան։
Վերլուծաբանը տեղեկացրեց նաև, որ Արամ Առաջին վեհափառի հրավերով խորհրդակցություն է անցկացվել հայ քաղաքական երեք կուսակցությունների, համահայկական մարմինների և լիբանանյան կառույցների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է իրավիճակը, պատերազմական իրավիճակի հետևանքները հաղթահարելու առումով։
«Բնականաբար նաև զգոնության ու սթափության կոչ է արվել հայերին՝ որևէ կերպ չներքաշվելու, հետ մնալու ներքաղաքական լարվածությունների մասով։ Բայց նաև, որովհետև տարածաշրջանային պատերազմ է, քննարկվել է նաև արաբական տարբեր երկրներում և Իրանում հայ համայնքի իրավիճակը, Իրանի դեպքում նաև կրած նյութական վնասները, անվտանգային խնդիրները, պատերազմի հետ կապված հանգամանքները, և նաև կոչ է արվել համակարգված ձևով հետևելու, խորհրդակցելու հետևողական ձևով։ Նաեւ հայկական բարեսիրական միություններին կոչ է արվել, որպեսզի միասին աշխատեն առաջիկա մարտահրավերները միասնաբար դիմագրավելու համար», – եզրափակեց Կանդահարյանը։
