Առանց արդարության վերականգնման հնարավոր չէ հասնել հիմնավոր խաղաղության
28 Մարտ 2026
Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, էթնիկ զտում էր, ու դա անարդարության դրսևորում էր, հետևապես էթնիկ զտման մասին խոսելը արդարությունը վերականգնելու ձգտման մասին է, որը բխում է մեր ժողովրդի կենսական շահերից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմաբան Խաչատուր Ստեփանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արցախցիների նկատմամբ կատարվածն անվանելով էթնիկ զտում՝ մենք ոչ մի տեղ չենք հասնելու, և պետք է դուրս գալ այս խոսույթից։
«Էթնիկ զտում իրականացնողը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ նախևառաջ արդարությունը վերականգնելու համար»,- ասաց պատմաբանը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե եթե մենք այս խոսույթը շարունակենք, իրենք էլ մեզ կարող են մեղադրել էթնիկ զտում իրականացնելու մեջ, պատմաբանն ընդգծեց, որ համեմատության մեջ դնելը այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, և Խորհրդային Միության վերջին տարիներին՝ նախապես փոխադարձ պայմանավորվածությամբ և փոխհատուցումից հետո ադրբեջանցիների՝ այլ բնակավայրեր տեղափոխվելու միջև, թե մեթոդական, թե բարոյական, թե քաղաքակրթական առումով սխալ է։
Նրա դիտարկմամբ՝ էթնիկ զտման մասին խոսելը նշանակում է արդարության ձգտել, իսկ առանց արդարության վերականգնման խաղաղություն չի կարող լինել։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է միայն խոսել, այլ պետք է նաև գործողություններ լինեն՝ արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանություն, վերականգնում և այլն, բայց նախ պետք է խոսել դրա մասին, բացատրել, որ այո, տեղի է ունեցել էթնիկ զտում, և այդ անարդարությունը սրբագրելը շատ կարևոր է վերջնական խաղաղության հաստատման համար։
Դիտարկմանը, թե վերադարձի իրավունքի մասին խոսույթն առհասարակ այս իշխանությունները համարում են վտանգավոր խաղաղության համար, կարծում են, որ սա պատերազմ հրահրելու խոսույթ է, Ստեփանյանն ասաց, որ ինքը պնդում է՝ ոչ, այդ խոսույթը չի վտանգում խաղաղությունը։ «Ավելին, այդ խաղաղությունը դեռ չկա, ըստ էության, որովհետև իրենք նույնպես խոստովանում են, որ այդ խաղաղությունը դեռ երաշխավորված չէ։
Մյուս կողմից էլ, ես պատրաստ եմ հիմնավորել, որ առանց արդարության վերականգնման հնարավոր չէ հասնել հիմնավոր խաղաղության հաստատման․ սա հասարակագիտական աքսիոմա է»,- ասաց նա։
Պատմաբանը նաև ընդգծեց, որ ակնհայտ է՝ եթե այսօր այս իշխանությունները պատրաստ են ժխտել այն, ինչ կատարվել է Արցախում, մի օր էլ կարող են հանգիստ խոսել Ցեղասպանության ժխտման մասին, մի օր էլ կարող են հաստատված խաղաղությունը վկայակոչել ու տոլերանտ լինել ադրբեջանցիների վերադարձի օրակարգի նկատմամբ։ «Իսկ ինչու ոչ․ ո՞վ կարող էր 3 տարի առաջ պատկերացնել, որ մի օր մենք կխոսենք Արցախի վերջնական հայաթափման մասին, երբ 2021 թվականին բոլոր մտահոգ մարդիկ խոսում էին Արցախի կորստի մասին, և մենք դա անհավատալի էինք համարում։ Այդ օրերին մեզ համար նաև անհավատալի կթվար Ցեղասպանությունից հրաժարվելու քաղաքականության հնարավորությունը ՀՀ իշխանությունների կողմից, մինչդեռ այսօր նրանք արդեն բացահայտ պաշտոնապես հայտարարում են այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ցեղասպանության միջազգային ճանաչման հարց չկա։
Բայց իրենց խոսելն ու ասելը, կարծում եմ, քիչ է»,- ընդգծեց նա։
