Այնպես չէ, որ երեկ պաշտոն են ստացել, և այսօր ինչ ուզեն` պետք է փոխեն
02 Փետրվար 2019 Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ պատրաստվում է նախաձեռնել ՀՀ օրհներգի փոփոխություն: Սիմոնյանը ցանկանում է, որ Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգի երաժշտությունը դառնա հիմն, որն, ի դեպ, Սովետական Հայաստանի հիմնն էր:Yerkir.am-ի հետ զրույցում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ հիմնի փոփոխության հարցն օրակարգային չէ ըստ էության: Նրա խոսքով` մարդիկ պարզապես չգիտեն ինչ անել, ու ուզում են հիմնից փոփոխությունը սկսել: «Խոսքը միայն հիմնի մասին չէ, այլ նաև խորհրդանիշերի, որը համակարգ է ու կամաց-կամաց այն կփլուզվի: Սա կամ տգիտության, կամ էլ` մեր խորհրդանիշերի դեմ դավադրության հետևանք է` ուրիշ բացատրություն չկա: Չնայած ինչու չկա`հարցի էությունը գուցե չեն հասկանում, գուցե աղմուկ են ուզում բարձրացնել կամ էլ` ուղղորդում են նրանց: Ելույթներում այնպիսի բաներ են ասում, օրինակ` Ալեն Սիմոնյանն ասում է` Խաչատրյանի ստեղծագործության տարբերակի մեջ շարական կա, ինչ-որ մասնագետների են հղում կատարում, թե իբր` հիմնը մեր հոգեբանությունը չի արտահայտում: Ինչ-որ կիսագրագետ մարդիկ այդ գաղափարները լցրել են սրա-նրա գլուխը, և առանց անհարմար զգալու` հիմա այդ մասին են խոսում»,-ասաց Ալվրցյանը:

Նրա գնահատականով` Ալեն Սիմոնյանի անփորձությունից է գալիս այս ամենը, քանի որ նա` որպես կարևոր պետական պաշտոնյա, իրավունք չունի նման անլուրջ խոսակցություն առաջ քաշել ու դառնա ուրիշի խոսափողը: Ալվրցյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանն այն Ազգային ժողովի փոխնախագահն է, որը 2018-ին ընդունել է մեր հիմնը: «Եթե անգամ հիմնը փոխելու խնդիր առաջանա, Սիմոնյանը դարձյալ խոսելու իրավունք չունի: Պետք է խորհրդարանը հանձնաժողով ստեղծի` համապատասխան մասնագետներից բաղկացած, որոնք էլ պետք է քննարկեն այդ հարցը, այն ներկայացնեն ժողովրդին, հանրաքվեի դրվի ու որոշեն` ինչ է արվելու: Այնպես չէ, որ երեկ պաշտոն են ստացել, և այսօր ինչ ուզեն, պետք է փոխեն: Փոփոխությո՞ւն եք ուզում` օրենքները վերափոխեք, ու այնպիսի օրենքի դրույթ մտցրեք, որ թույլ չտրվի երկիրը պարգևավճարների տեսքով թալանվի»,-ասաց Ալվրցյանը:
Նրա գնահատմամբ` երկրում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել, և եթե ամեն մարդ քնում-արթնանում է որպես ապագա վարչապետ ու նախագահ, ու կարող են սրբապղծություններ անել` հերոսների, եկեղեցու հանդեպ, ապա ամեն ինչ հնարավոր է:
Ալվրցյանի հավաստմամբ` նոր ուժերը չեն հասկանում, որ իրենք պետության ղեկավարն են, ոչ թե հասարակական կազմակերպությունների:
«Ավելին ասեմ` խորհրդանիշերի հանդեպ հակակրանքը գալիս է այն բանից, որ այն մտել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարան, որն իր հիմնական մասով դաշնակցական էր: Շատերն անգամ ասում էին դաշնակցական հանրապետություն, և Ազգային ժողովը հիմնականում դաշնակցականներից էր բաղկացած, որոնք էլ ընտրել են խորհրդանիշերը: Հակադաշնակցական պայքարի այս բովում նման դրսևորումներ են լինում` այն, ինչ ստեղծել է Դաշնակցությունը, պետք է մի կողմ դնել: Բավական է հիշել, թե Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցում ինչպիսի աղմուկ բարձրացվեց ու պնդում էին, թե այն չպետք է տեղադրվի»,-ասաց Ալվրցյանը:
Նա հավելեց նաև, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանն էլ դեմ էին, քանի որ Մանուկյանը դաշնակցական էր: Ըստ Ալվրցյանի` ստացվում է այնպես, որ պետության հիմնադրի հանդեպ որևէ հարգանք ու պատիվ չկա, բայց նրանցից յուրաքանչյուրը կոստյումակրման արարողություն է անցկացնում:
Հարցին, թե Արամ Խաչատրյանի գործն, այո, շատ լավն է, կամ ժամանակին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունն էր քննարկվում, որը չգիտես ինչպես դուրս մնաց «հնարավոր» տարբերակների ցանկից, սակայն այդ նույն սկզբունքով` աշխարհում կան մի շարք լավ ստեղծագործություններ, և ի՞նչ է` դրանք բոլորը պետք է հերթով մեր հիմնը դառնան` Ալվրցյանը պատասխանեց, որ հիմնը երգեցողության, խոսքի մակարդակով չի որոշվում, այն պատմական արժեք է: «Որպես հիմն ծառայում են այն երգերը, որոնք պատմականորեն ինչ-որ դերակատարություն են ունեցել: Շատ երկրներ չեն ունեցել նման ստեղծագործություններ, և պետություն ունենալուց հետո են իրենց հիմնը ստեղծել, իսկ մեր դեպքում հակառակն է եղել: Ավելին` մեր հիմնը մասնակցել է պետության ստեղծման գործընթացին: Հիմնը ժողովուրդն ինքն է ընտրել, և խորհրդարանին ոչինչ չէր մնում անել, քան` ժողովրդի ընտրությունը վավերացնել ու օրենքի ուժ տալ: Ո՞վ ասաց, որ հիմա իրավունք ունի որևէ մեկը մեր ժողովրդի պատմական իրավունքը վերանայել»,-ասաց Ալվրցյանը:
Նա նշեց նաև, որ Արցախյան ազատամարտի ժամանակ էլ ժողովուրդն այդ հիմն էր երգում, և հազարավոր երիտասարդներ են թաղվել այդ հիմնի ներքո: Հիմնը, Ալվրցյանի խոսքով, հազարավոր զինվորներ է առաջնորդել դեպի պատերազմ: «Հիմա ո՞վ է այդ մեկը, որ պետք է ժողովրդի որոշումը փոխի: Սա ցույց է տալիս, որ նրանք հարցի խորքերը չեն հասկանում, և իրենք մեղավոր չեն, որ չեն հասկանում` մեղավոր են նրանք, ովքեր նման մարդկանց բերել ու պաշտոն են տվել»,-իր խոսքն ամփոփեց Ալվրցյանը: