Կիրո Մանոյան. Խորհուրդ կտայի, որ մարդ չգա Հայաստան փրկիչի հոգեբանությամբ
22 Փետրվար 2019 Սփյուռքի նախարարության կարևորության մասին բազմիցս ենք բարձրաձայնել` դեռևս մինչև նման նախարարության ստեղծումը։ Խոսել ենք նաև նախարարության բացերի մասին, բայց այս կերպ վերացնել նման կառույցը, այնքան էլ ճիշտ չենք համարում:Այս մասին «Հայատան-Սփյուռք․ հարաբերությունների փոփոխություն, աշխատանքային նոր ձևաչափ» վերտառությամբ քննարկմանը ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ ճիշտ չէր Սփյուռքի կառույցների հետ այս հարցը չքննարկելը:

«Սփյուռքում կան կառույցներ, որոնք պահում են Սփյուռքի հիմնական կռվանը և շարունակում են պահել, և առնվազն կարելի էր նրանց հետ խորհրդակցել: Մենք ասել ենք՝ պարտադիր է, որ լինի Սփյուռքի հետ հարաբերվող մեկ պետական կառույց, որ պետք է վերացնել նախարարությունը: Հասկանալի է և դա երևում է, որ վարչապետն ուզում է անմիջական առնչություն ունենալ, չգիտեմ որքանով ինքը ժամանակ կունենա մոտիկից այդ բոլոր հարցերով զբաղվել: Մեկ այլ կետ, որ կա կառավարության ծրագրում, իսկ վարչապետն ԱԺ-ում մի քիչ ավելի փակագծերը բացեց, խոսքը Սփյուռքը ներկայացնող կառույցի ձևավորման նախաձեռնության մասին է: Ճիշտ չի լինի, որ պետությունն ինքը նախաձեռնի Սփյուռքը ներկայացնող կառույցի ձևավորումը, դա երրորդ պետության կողմից կընկալվի որպես 5-րդ շարասյուն, բայց պետությունն անելիք ունի նման կառույցի ձևավորման մեջ՝ զուտ աջակցության տեսքով»,-նշեց Մանոյանը:
Դաշնակցական գործիչը հիշեցրեց, որ ժամանակին առաջարկել են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովը վերածել համազգային խորհրդի, և որ այն օրակարգային հարց էր դարձել, բայց քանի որ տարբեր պատկերացումներ կային, խնդիրը ձգձգվեց և չլուծվեց:
«Մենք ասել էինք, որ եթե պիտի Սփյուռքի կառույց լինի, ապա դա պետք է լինի համամասնական ընտրություններով՝ ընդգրկելով ամբողջ Սփյուռքը, որը հեշտ գործ չէ, բայց այս դեպքում կառույցը կունենար հեղինակություն»,-նշեց նա:
Հանդիպմանը ներկա «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն իր հերթին նշեց, որ պետք է այս հարցում հստակ տեսլական լինի:
«Այսօր բացառիկ հնարավորություն կա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր օրակարգ մշակելու, հատկապես երբ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, իսկ Սփյուռքը մշակութային վերափոխման մարտահրավերի առջև է կանգնած: Այս պահը պետք է շատ ճիշտ օգտագործել: Այդ իսկ պատճառով պիտի լինի տեսլական, երկրորդ՝ Սփյուռքը և պետությունը համատեղ պիտի ձևավորեն օրակարգը, կառույցը, ինչպես Կիրո Մանոյանը նշեց, և նոր միայն հասկանալ, թե ինստիտուցիոնալ որ լուծումներն են օպտիմալ»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ մինչև հիմա հայրենադարձության մասին օրենք ՀՀ-ում չկա:
«Պարզ չէ, թե ով է հայրենադարձը, ինչպես է պետությունը նկարագրում, ինտեգրման ինչ մեխանիզմներ կան, պետությունն ինչ ֆունկցիաներ և պարտականություններ է իր վրա վերցնում»,-նշեց Մարաշլյանը:
Այստեղ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրացրեց.
«Ես խորհուրդ կտայի, որ մարդ չգա Հայաստան փրկիչի հոգեբանությամբ: Ես չեմ ուզում, որ Հայաստան գա մեկը, ով կասի՝ ես եկել եմ ձեզ փրկելու, եթե ոչ, ուրեմն՝ թողնում եմ և գնում: Ես Հայաստան եկել եմ վայելելու համար, միակ տեղն է աշխարհում, որ զգում եմ իմն է: Ապրելը և աշխատելը Հայաստանում ինքնին օգուտ է, եթե կարողանում ես ավելին անել, շատ ավելի լավ: Անպայման չի գալ շատ մեծ բան անելու, որովհետև հիասթափվելը շատ արագ կարող է լինել: Լավ մթնոլորտ է ստեղծվել, բայց տեսնում ենք, որ դա շատ արագ մաշվում է, քանի որ կան սխալներ և ո: Չհիասթափվենք, եկել ենք այստեղ օգուտ բերելու, որքան կարող ենք, բերենք: Մեզ լավ զգալու համար ենք եկել»,-ամփոփեց Մանոյանը: