Օրգանական քիմիայի ինստիտուտի վերաբերյալ կառավարությունը միակողմանի որոշում է կայացրել
11 Ապրիլ 2019 Այսօր՝ ապրիլի 11-ին կառավարության շենքի առջև Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն ընդդեմ կառավարության մարտի 29-ի որոշման (դրանով ինստիտուտի մասնաշենքերից մեկը 25 տարվա վարձակալության հիմքերով տրամադրվել է «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» դեղագործական ընկերությանը) ցույց էին անում:Հարցի առնչությամբ բողոքող գիտնականները նաև մասնագիտական, տեղեկատվական աջակցության համար դիմել էին ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ. այսօր կառավարության առջև բողոքող քիմիկոսների կողքին էր ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հանդիպել են ինստիտուտի կոլեկտիվի հետ, ուսումնասիրել կառավարության որոշումը, դրա իրավական կողմն ու տնտեսագիտական հիմնավորվածությունը: «Ըստ էության` կառավարության որոշումն իրականացվել է հապճեպ, այն խորապես չի ուսումնասիրվել, ինչի հետևանքով, ցավոք, տուժում են կոլեկտիվի շահերը: Կոլեկտիվը պայմանագրեր ունի տարբեր կազմակերպությունների հետ, որ կենտրոնի լաբորատորիաները կարող են օգտագործվել նրանց ծառայությունների համար, բայց կառավարությունը, այդ լաբորատորիաները հանձնելով մասնավոր ընկերության, արդեն իսկ կնքված պայմանագրերի իրականացումը կասկածի տակ է դնում»,- նշեց Պարսյանը:
Անդրադառնալով հարցի մյուս կողմին` տնտեսագետը նշեց, որ մասնավոր ընկերություններից ստացված շահույթը նախկինում կոլեկտիվին էր բաժին հասնում կամ դրանով ՊՈԱԿ-ի որոշակի ծախսեր էին հոգում: Այս որոշմամբ, ըստ Պարսյանի, գումարը գնալու է պետական բյուջե:
«Կոլեկտիվի պահանջն արդար է` թողնեն հանգիստ աշխատել: Նրանք հետաքրքիր մարդիկ են, հետաքրքիր գաղափարներ ունեն, որ կարող են կյանքի կոչել: Կառավարության այս որոշմամբ վնասվում է նաև պետության շահը` մեկ քառակուսի մետրի համար սահմանվել է 750 դրամ վճար: Բայց ներկայումս այդ տարածքը երկու անգամ ավելի թանկ գնով է վարձակալության հանձնված` 1500 դրամով: Բացի այդ` «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ»-ից բացի, Հայաստանում մի շարք դեղագործական ընկերություններ կան, որ գուցե կցանկանային մասնակցել մրցույթին: Այս նախադեպը մրցակցային շուկայում լուրջ խնդիր կարող է առաջացնել: Եթե ուղղակի որոշվել է, որ այդ շենքը` երեք հարկով, տրամադրվում է «ԱԶԱԴ»-ին, հստակ է, որ կանխակալ տրամադրվածություն կա այդ ընկերության նկատմամբ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ թեև վերոնշյալ ընկերությունը պարտավորվել է 300 մլն դրամի չափով գումար ներդնել, սակայն ներդրումային նախագիծ չի ներկայացրել, թե որտեղ է ծախսվելու այդ գումարը:
Սուրեն Պարսյանն ասաց նաև, որ կառավարությունում, չգիտես` ինչու, այնպիսի տրամադրվածություն ունեն, որ պետական սեկտորը միշտ անարդյունավետ է գործում, և ամեն ինչ պետք է վերցնել ու տալ մասնավոր հատվածին: «Այս կոլեկտիվը,- շեշտեց նա,- հակառակն է ապացուցում: Ինստիտուտի լաբորատորիաներով ունեն 400 հազար դոլարի պատվեր, կառավարության հույսին չեն: Նշեմ, որ «ԱԶԱԴ»-ը տարիներ շարունակ նույն հարցով դիմել է կառավարություն` թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Կարեն Կարապետյանի կառավարությունների ժամանակ, բայց միշտ մերժում է ստացել, որովհետև գործադիրը, նախևառաջ, առաջնորդվել է գիտական կոլեկտիվի շահերով: Ըստ իս` կառավարությունը միակողմանի որոշում է կայացրել, որում բացակայում են գիտահետազոտական ինստիտուտի ու կոլեկտիվի շահերը»:
Ինչո՞ւ է տարածքն արտոնյալ պայմաններով տրվում արտասահմանյան ՍՊԸ-ին
Կարծում եմ, որ կառավարության որոշումը պիտի չեղարկվի և հաշվի առնվեն կոլեկտիվի շահերը»,- այս մասին կառավարության դիմաց հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով Մնջոյանի անվան Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիային:
Տնտեսագետի խոսքով` կենտրոնում ստեղծագործ կոլեկտիվ է աշխատում և նա կարող է պետությանը մեծ շահ բերել:
«Խնդիրն այն է, որ այս մարդկանց հնարավորություն տրվի, որպեսզի աշխատանքները կարողանան շարունակել իրենց կենտրոնում: Կառավարությունը չի բարեհաճել նաև ներկայացնել, թե կենտրոնը տեղափոխելու դեպքում ո՞վ է հոգալու ծախսերը, նրանց համար համապատասախան լաբորատորիա ո՞վ է կառուցելու, որպեսզի այս մարդիկ չկանգնեն փաստի առաջ»,- ասաց Սուրեն Պարսյանը:
Տնտեսագետի խոսքով` կենտրոնի տնօրենը բացասական դիրքորոշում է հայտնել մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը ևս «Ազադ» ՍՊԸ-ին հանձնելու համար, սակայն նրա այդ դիրքորոշումը վերջնական եզրակացության մեջ տեղ չի գտել, նույնիսկ հատուկ կարծիքի ձևով:
Սուրեն Պարսյանը նշեց, որ իր կարծիքով, կենտրոնի տնօրենի կարծիքը պարզապես անտեսվել է, ինքն այս խնդիրը բարձրացրել է նաև կառավարության անդամների մոտ:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչ արձագանք է ստացել, տնտեսագետը պատասխանեց.
«Առաջին անգամ, երբ հարցը բարձրացվել է, այն դուրս է բերվել օրակարգից: Այս անգամ, կառավարությունը կենտրոնի մասնաշենքը վարձակալության հանձնելու կետը ներառեց չզեկուցվող հարցերի մեջ և որոշումն անցկացրեց գաղտագողի»,-ասաց տնտեսագետը` հավելելով, որ «Ազադ» դեղագործական ՍՊԸ-ին, մասնաշենքի երրորդ հարկը տրամադրված է 800. 000 դրամով, բայց մյուս երկու հարկերի ավելացման դեպքում արդեն վճարելու են 1. 200.000 դրամ:
Տնտեսագետի պնդմամբ , այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է արտոնյալ պայմաններով տարածքը տրվում արտասահմանյան «Ազադ» ՍՊԸ-ին, եթե կան բազմաթիվ այլ դեղագործական ընկերություններ, որոնք տարածքների կարիք ունեն:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ