Մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության աշխատանքային այցն Արգենտինայի Հանրապետություն
29 Ապրիլ 2019 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը և ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հանդիպել է Արգենտինայում գործող մի շարք հայկական կառույցների ներկայացուցիչների հետ:
Առաջին հանդիպումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղի անդամների հետ էր: Այնուհետ հաջորդաբար հանդիպումներ են տեղի ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանի, «Արգենտինայի Հանրապետության Հայկական հաստատությունների» (IARA) ղեկավար կազմի, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համազգային նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և հեռանկարները, Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության ամրապնդումը, հայրենիք-սփյուռք հարաբերությունների հետագա խորացումը:
Առաջիկա օրերին նախատեսվում են պատվիրակության մի շարք հանդիպումներ Արգենտինայի Հանրապետության քաղաքական և ակադեմիական շրջանակների հետ:
nkr.am