ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի համար 1.5 միլիոն դոլար հատկացնելու նախաձեռնությունը
19 Հունիս 2019 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի եւ վերականգնման ծառայությունների համար 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը: Փոփոխության առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական:
«Լեռնային Ղարաբաղը ականների պայթյուններից քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների բարձր ցուցանիշ ունի: HALO Trust-ի տվյալներով վերջին տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների պայթյունների հետևանքով 400 խաղաղ բնակիչ է զոհվել: Իմ կողմից ներկայացրած փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը: Ես լի եմ վճռականությամբ աշխատելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի իմ գործընկերների, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և HALO Trust-ի հետ Լեռնային Ղարաբաղում համայնքների վերականգնումն ապահովելու հարցում»,- ասել է Քոքսը:
armenpress.am