Տեղի է ունեցել ՀՅԴ-«Երկիր ծիրանի» հանդիպում
04 Հուլիս 2019 Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունները։Այսօր, հուլիսի 4-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ, որին մասնակցում էին կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Գործադիր մարմնի անդամներ Արամ Ենոքյանը, Մարինա Կրիմլյանը եւ Քաղաքական խորհրդի ղեկավար Գուրգեն Ներսիսյանը։ ՀՅԴ–ն ներկայացնում էին ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Շաղիկ Մարուխյանը եւ Արթուր Խաչատրյանը։

Կողմերն անդրադարձան Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումներին, իրենց մտահոգությունը հայտնեցին երկրի արտաքին եւ ներքին ճակատներում առկա մարտահրավերների առնչությամբ՝ անընդունելի համարելով ազգային պետական ուղեգծից շեղման տեսանելի միտումները։
Երկու կուսակցությունների կարծիքով էլ անթույլատրելի են երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը եւ հատկապես Արցախի շուրջ ազգային միասնականության ոգին ջլատող դրսեւորումները։
Կողմերը քննարկեցին նաեւ ազգային պետական շահերից բխող միասնական օրակարգերի ձեւավորումն ու նրանց շուրջ համագործակցության հնարավորությունը։