Ստեփանակերտում կազմակերպվել է ՀՅԴ պատանեկան ճամբար
12 Հուլիս 2019 Հայ Յեղափոխական Դաշնակցության Ամերիկայի արևելյան շրջանի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների աջակցությամբ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N2 հիմնական դպրոցում հուլիսի 8-ից մեկնարկել է երկշաբաթյա պատանեկան ճամբարը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ճամբարի ընդհանուր պատասխանատու Մայքլ Գոլոգոսյանն ասել է, որ ճամբարին մայրաքաղաքի դպրոցներից մասնակցում են մոտ 240 պատանիներ: «Ճամբարի սկիզբն ամեն օր ազդարարվում է առավոտյան ժամը 10:00-ին՝ Արցախի օրհներգով և ավարտվում 16:00-ին՝ «Մշակ, բանվոր» քայլերգով:

Ճամբարն ունի հագեցած օրակարգ, որը հետաքրքիր ու բովանդակալից է դարձնում արցախցի պատանիների ամառային առօրյան: Նրանց հնարավորություն է տրվում տարբեր դպրոցների իրենց հասակակիցների հետ առավել շատ շփվելու և նոր գաղափարներով ու առաջարկություններով կիսվելու: Ճամբարի ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ժամանցային տարբեր խաղեր, պատանիները սովորում են ազգագրական երգեր ու պարեր, կատարում ձեռքի աշխատանքներ, բարելավում հայոց պատմության ու անգլերենի իրենց իմացությունը և այլն: Ամերիկահայ և Ավստրալիահայ 19 խմբապետերը փորձում են ուրախ ու հիշարժան դարձնել ճամբարականների առօրյան: Պատանիները բաժանված են 3 խմբի՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, որոնց միջև տեղի են ունենում մրցութային տարբեր խաղեր: Այս ամիս նախատեսված է նաև երկշաբաթյա ճամբար կազմակերպել Ասկերանում: Մենք կարևորում և անհրաժեշտություն ենք համարում պատանիների շրջանում նմանատիպ միջոցառումների անցկացումը և վստահ ենք, որ այն կկրի շարունակական բնույթ»,-մասնավորապես ասել է Մ. Գոլոգոսյանը:
Ճամբարի մասնակից Նարեկ Մկրտչյանն էլ իր շնորհակալությունն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ իրենց առօրյան հագեցած ու բովանդակալից դարձնելու համար:
«Մեծ հաճույքով ու ոգևորվածությամբ եմ հաճախում ճամբար: Այստեղ ձեռք եմ բերել նոր ընկերներ, բարելավել ունեցածս գիտելիքները, սովորել ազգային երգեր ու պարեր:Նման ճամբարները մեզ՝ պատանիներիս ոգևորում և նոր լիցք են հաղորդում, որպեսզի մեր ունեցած ներուժը կենտրոնացնենք հայրենիքի հզորացման ու բարգավաճման գործում:
Կցանկանայի, որ ծրագիրը կրի շարունակական բնույթ և իմ բոլոր հասակակիցներն էլ հնարավորություն ունենային մասնակցելու նման տպավորիչ ու հետաքրքրություններով լի ճամբարին»,-մասնավորապես ասել է նա: