Անհամաձայնությունները պետք է քննարկել փակ դռներից ներս
05 Սեպտեմբեր 2019 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անհամաձայնություն կա, վտանգավոր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Նա նշեց, թե դժվարանում է ասել՝ որ հարցերի մասին է խոսում վարչապետը, ինչ նկատի ունի անհամաձայնություն ասելով: Հարցին, թե Արցախը Հայաստանի հետ բոլոր հարցերում համաձա՞յն է, նա ասաց, որ չկա մի հարց, որի շուրջ հնարավոր չէ նստել, քննարկել ու համաձայնության գալ:
Վահրամ Բալայանը ենթադրեց, որ գուցե Արցախի ներկայիս իշխանությունների ու Հայաստանի նախկին իշխանությունների համագործակցությունն է Փաշինյանին ստիպել նման հայտարարություն հնչեցնել:
«Ես լսել եմ, որ անհամաձայնություններ կան: Նույնիսկ մամուլում կարդացել եմ, որ պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը, բայց ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ անհամաձայնություն կա»,- ասաց նա:
Միաժամանակ, արցախցի պատգամավորը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի այս միտքը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից: «Ես դեմ եմ նման հայտարարություններին: Արցախի իշխանություններին մի քանի ամիս է մնացել: Խոսել, լրագրողների ուշադրությունը հրավիրել, Ադրբեջանի ձեռքին խաղաթուղթ տալ… Ընտրությունները կլինեն, առաջ կշարժվենք, ի՞նչ կարիք կա նման հայտարարությունների: Բաքուն կարող է հազար ու մի բան ընթերցել նման մտքերի տակ, ասել՝ այ տեսեք, թե ինչեր է ասում Հայաստանը: Սա վատ է: Ցավոք, մենք չենք կարողանում երկու երկրների հանգամանքը լավ օգտագործել: Ի՞նչն է խանգարում համատեղ հանդես գալ միջազգային հանրության առջև ու առաջ շարժվել: Չենք կարողանում օգտագործել սա»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Բալայանը նկատեց, որ եթե կան որոշակի անհամաձայնություններ, դա պետք է փակ դռներից ներս քննարկել, համաձայնության գալ: