Հայաստանին չեն պատժի, եթե փորձաքննությունը վտանգներ պարզի
10 Սեպտեմբեր 2019 Առաջին հարվածը ստանալու է Որոտանը, այնուհետև ջրաղբյուրները՝ թե՛ ստորգետնյա, թե՛ մակերևութային, ինչու չէ՝ նաև Սևանը. ELARD-ի այս մտավախությունները Yerkir.am-ի հետ հարցազրույցում մեջբերեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:Նա ընդգծեց, որ եթե միջազգային անկախ փորձաքննությունը հաստատի, որ երկրաբանության և ջրաբանության ուղղություններով կան վտանգներ և դրանք հաղթահարված չեն, որևէ միջազգային արբիտրաժ չի կարող Հայաստանին պատժել:
Դաշնակցության դիրքորոշումն այն է, որ հանքի փորման աշխատանքները որևէ ձևով չպետք է շարունակվեն, մինչև միջազգային հեղինակավոր որևէ կազմակերպություն ամբողջական հետազոտություն չիրականացնի:

Իսկ այդ ընթացքում «Լիդիանը» պետք է հետևի, որ այսօրվա վնասակար ազդեցությունները ավելի շատ չտարածվեն, որովհետև, Մինասյանի խոսքով, այսօր էական խաթարումներ են տեղի ունեցել՝ լանդշաֆտը էականորեն ձևախեղվել է և կան քիմիական գործընթացներ:
Արծվիկ Մինասյանը վկայակոչեց ELARD-ի հետազոտության մտահոգիչ տվյալները, ասենք, գոլորշիացման գերագնահատումը. տեղումները «Լիդիանի» նշածից ավելի շատ են լինելու, գոլորշիացումը՝ քիչ:
«Եվ հետևաբար, հաշվարկները, որ դուք կատարում եք, թե այսքան կգոլորշիանա, այսքանը մենք պոմպերով դուրս կմղենք, իրականությանը չեն համապատասխանում, տեղումները լինելու են շատ, գոլորշիացումը քիչ, ձեր պոմպերն էլ փորձարկված չեն»,-ընդգծեց Մինասյանը:
Երկրաբանական ուսումնասիրությամբ՝ հրաբխային այդ զանգվածի ծակոտիներն այնքան շատ են, որ հավելյալ պայթյունները էլ ավելի են մեծացնելու դրանք և ծակոտիների միջոցով հեղուկը շատ ավելի արագ է հասնելու ջրային ավազաններին:
«Այդ դեպքում ձեր կանխատեսումը, հարգարժան «Լիդիան», որ ասում եք՝ տեղումների արդյունքում աղտոտված ջուրը 130 տարի հետո նոր կհասնի ջրային հատվածին, իրականում այդպես չէ, շատ ավելի շուտ է հասնելու»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ ԳՄ անդամն, իհարկե, կարևորում է ծրագրի տնտեսական և սոցիալական լուրջ ցուցանիշները, բայց ասում է՝ այդ ձեռբերումները բավարար չեն այս կամ այն որոշումը կայացնելիս. «Միանշանակ պատասխանը «ոչ» է, որովհետև եթե շրջակա միջավայրի վրա ազդեցությունը այնքան բացասական է, որ ազդելու է մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի, համայնքների, կենսաբազմազանության վրա, հանքի շահագործումն արդարացված չէ»:
Արծվիկ Մինասյանը նաև անդրադարձավ «Լիդիան» ընկերությանը հանքի շահագործման թույլտվություն տալու շրջանի իրադարձություններին:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/_fA0Pu5rynU