Այս նախագիծը բացասական ազդակ է ավանդատուների ու ներդրողների համար
14 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ծանոթ է «Բանկային գաղտնիքի մասի» ՀՀ օրենքի փոփոխության նախագծին։ Նա Tert.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ բանկային գաղտնիքի մասին դրույթները երաշխավորված են ոչ միայն մեր ազգային օրենսդրությամբ, այլև մի շարք միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով։«Երբ նման դրույթ է նախատեսվում օրենսդրության մեջ, համաձայն որի, փոխկապակցված անձինք կարող են ենթարկվել այդ սահմանփակմանը, այսինքն՝ նրանց բանկային տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ պետական մարմիններին, հետագայում սա դատական քաշքշուքների տեղիք կտա ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական դատարանում»,- ասաց նա։

Տնտեսագետն այս նախագիծը բացասական ազդակ է համարում ավանդատուների ու ներդրողների համար, քանի որ պաշտոնատար անձի՝ այս դեպքում քննիչի կամ դատախազի ցանկությամբ կարող է ցանկացած մարդու բանկային տեղեկատվությունը հասանելի լինել իրավապահ մարմիններին։
«Պաշտոնատար անձինք պարզապես կարող են կասկածյալ կամ մեղադրյալ ընտրել, միջնորդել, զանգել մեկին, կամ գումար փոխանցել մեկի անունով ու դրանից հետո այդ անձինք տեղեկատվությունը կարող են այդ անձից վերցնել։ Այդ մարդը չի իմանա, որ այդ գումարը գալիս է այդ հաշվից, բայց դրանից հետո կարող է այդ անձի ամբողջ բանկային տեղեկատվությունը հասնալի լինել իրավապահ մարմիններին։ Ստացվում է՝ պաշտպանված չես այլ անձանց կողմից ոտնձգություներից, սա լուրջ խնդիր է, որը կարող է նպաստել ստվերային գործարքներին կամ կանխիկ գործարքների ակտիվացմանը։ Այսինքն, եթե խնդիր կա թաքցնելու իրար մեջ փոխկապակցվածությունը, ապա ինքը կանխիկ կտա այդ փողը»,- նշեց Սուրեն Պարսյանը։
Վերջինս հասկանում է օրենքի հեղինակների հետապնդած նպատակները, սակայն այն կարող է ի չիք դառնալ կանխիկ փոխանցումների միջոցով։ Նրա կարծիքով՝ իրավապահների առջև խնդիր է դրված, որ հայտնաբերեն միմյանց հետ փոխկապակցված նախկին իշխանավորներին։
«Իրավապահների ենթակայության տակ գտնվող գործի քննությունը բավականին երկարում է, քանի որ չեն տիրապետում բանկային տեղեկատվությանը։ Ըստ էության՝ սա իրենց համար մեխանիզմ կդառնա, որ գործընթացներն արագ իրականացնեն, որ այս կամ այն անձի մասով տեղեկատվություն հավաքագրեն՝ նրան որպես մեղադրյալ, կասկածյալ ներգրավելու համար։ Այս նախագծի միջոցով արագ տեղի կունենան այդ տեղեկատվության հավաքման գործընթացները, սա իրականում ավելի շատ իրավական ու քաղաքական նպատակներ է հետապնդում, քան ֆինասնական ու տնտեսական։ Օրենքի հեղինակները պետք է հասկանան, որ հոնքը դզելու փոխարեն աչքն էլ կհանեն»,- շեշտեց Պարսյանը։
Սուրեն Պարսյանը չի բացառում, որ այս նախագծից հետո ՀՀ-ից մարդիկ ավանդները կհեռացնեն։
«Բանկային գաղտնիքի մասին նախագծով կսկսվի ռեզիդենտ անձանց ավանդները ՀՀ-ից հանելու ու ավելի ապահով երկիր տեղափոխելու գործընթաց։ Մի պարզ օրինակ բերեմ․ ենթադրենք, որ ես կասկածյալ կամ մեղադրյալ եմ, որը 100 դրամ է փոխանցում ձեր հաշվին։ Սրանից հետո Ձեր բոլոր հաշիվներն իրավապահ մարմիններին հասանելի են լինում, այսինքն՝ դուք տեղյակ չեք գործընթացներին, որ պաշտպանվեք, չէ՞ որ Ձեր հաշվին կարող է փոխանցում լինել առանց Ձեր իմացության»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը։