Դատարանների նկատմամբ այս չքողարկված հարձակումն ազդակ է, որ ինչ-որ բան է նախապատրաստվում
18 Սեպտեմբեր 2019 Ինչքան կառավարության քայլերը լինեն ոչ կշռադատված, վիճելի, այդքան իշխանությունից դուրս եկող մարդկանց թիվը կավելանա և ինչքան նախկին խոստումներից հրաժարումները շատ լինեն, այդքան պրոցեսը կարագանա. նման համոզմունք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ոստիկանապետի հրաժարականներին:«Իշխանական ուժն ինքը մոնոլիտ չէ, որովհետև ձևավորվեց «Մերժիր Սերժին», «Իմ քայլը» և տարբեր քաղաքական հոսանքների, ՀԿ-ների միաձուլման եղանակով և բնականաբար, այդ ուժը դեռևս պետք է բյուրեղանա՝ իրենցից պետք է առանձնանան գաղափարական տարբեր մոտեցումներ ունեցող հոսանքներ և այլ քաղաքական ուժեր, նաև նրանցից կառանձնանան նրանք, ովքեր վարվող քաղաքականությունից են շատ դժգոհ: Այս իրավիճակը նման է 89-90 թթ-ի ՀՀՇ-ի հետ: ՀՀՇ-ն ինքը ստեղծվեց որպես Ղարաբաղ կոմիտեի հետևորդ, Ղարաբաղի պայքար, հետո անկախություն, բայց հետո, երբ ՀՀՇ-ն բյուրեղացավ, դարձավ կուսակցություն, հերթով նրանից սկսեցին այլ կուսակցություններ պոկվել: Այս պրոցեսը շատ բնական է: Նաև կարծում եմ, որ շատերը նույնիսկ գաղափարական խորքային տարաձայնություն չունեն, բայց ևս դժգոհ են վարվող քաղաքականությունից, և իրենց ակնկալիքները բավարարված չեն: Ակնկալիքների մի մասը իռացիոնալ են եղել, մի մասն էլ պարտադրված են եղել «կախարդական փայտիկ» ունենալու խոստումով»,-մանրամասնեց Խաչատրյանը:

Բացի այդ, դաշնակցական գործիչը նկատեց, որ երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդիմություն էր, ասում էր՝ մենք դեմ ենք ՀԱՊԿ-ին, մենք դեմ ենք ԵԱՏՄ-ին, դեմ ենք կուտակայինին, իսկ երբ դարձան իշխանություն, իրենց մոտեցումները 180 աստիճանով փոխվեցին, ինչպես Ամուլսարի հարցում է:
«Որովհետև այլ ակնկալիքներ էին առաջանում և այս տարբերությունները՝ խոստումներից հրաժարվելը, ոչ հաջող քայլերը, իհարկե կբերեն նրան, որ պատգամավորների մի մասը, չեմ կարող ասել՝ փոքր, թե մեծ, կսկսի դուրս գալ, մանավանդ՝ հաշվի առնելով, որ պատգամավորերի մեջ կան մարդիկ, ովքեր ժամանակին այլ կուսակցությունների անդամ են եղել, թեկուզ և ասում են, որ ֆիկտիվ են եղել. կարող են հիշել, որ այստեղ էլ են ֆիկտիվ»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանը, խոսելով Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներից, ասաց, որ կարող է ենթադրություններ անել՝ ելնելով Վանեցյանի հայտարարությունից, որ իրականցվող քաղաքականության հետ կա որոշակի անհամաձայնություն. «Մանավանդ «կանգ ա՛ռ» կոչը նշանակում է, որ գեներալ Վանեցյանը համաձայն չի եղել երկրի ընթացքի հետ: Մենք էլ այս ամառ, երբ կազմակերպեցինք մեր հավաքը, նույն կոչն էր հնչում՝ «սփաթվե՛ք» , «կանգնե՛ք», որովհետև այն ուղղությամբ, որ երկիրը տանում եք, հղի է անկանխատեսելի վտանգներով»:
Հարցին, թե այն պահանջները, որոնք դրվում էին ուժայինների առջև, Վանեցյանի պարզաբանումից կարո՞ղ ենք եզրակացնել, որ անիրականանալի են, թե՞ այլ խնդիրներ ևս կային, Խաչատրյանը նշեց, որ ԱԱԾ-ն զբաղվում է խնդիրների լայն սպեկտրով և այստեղ չենք կարող ասել՝ անհամաձայնությունը վերաբերում էր դատաիրավական «բարեփոխումների՞ն», Արցախի հարցի՞ն, արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ այդ ամեն ինչին միասին:
«Ոստիկանապետի մասով մամուլում շրջանառվում է նյութը, որ խոսքը հիմնականում Ամուլսարի շրջափակումը ուժային եղանակով լուծելուն է վերաբերում, որին գեներալ Օսիպյանը համաձայն չի եղել»,-ասաց նա` միաժամանակ նկատելով, որ ենթադրել է` թե՛ գեներալ Վանեցյանը և թե՛ գեներալ Օսիպյանը, հավանաբար, այդքան էլ խանդավառված չէին ԼՀԿ-ի օրենսդրական նախաձեռնությամբ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է. այն նախատեսում է, որ ոստիկանական բարձր պաշտոնի կարող է նշանակվել 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի:
«Այսինքն՝ պրոֆեսիոնալ սպաներին կարող են գալ փոխարինելու ինչ-որ կոմիսարներ: Դե ես ենթադրում եմ, որ իրենք դրանից պետք է դժգոհած լինեին, կարծում եմ, որ դա շատ վտանգավոր օրենք է: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն քաղաքականացնելուն միտված շատ անընդունելի օրենսդրական նախաձեռնություն է և շատ հետաքրքրական է, որ այդ օրենսդրությամբ հանդես է եկել ԼՀԿ-ն, որը ԱԺ-ում հանդես է գալիս որպես ընդդիմություն»,-ասաց նա:
Իսկ այս պարագայում, ըստ Արթուր Խաչատրյանի, որպես պատասխանատու քաղաքացիներ՝ մարդիկ չպետք է պասիվ հանդուրժեն այն ընթացքը, որը երկիրը կարող է վտանգել:
«Գոնե քաղաքական ուժերը, ՀՅԴ-ն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու է այս ընթացքը կասեցնելու համար: Մենք տեսնում ենք, որ ռիսկային քայլեր են տեղի ունենում, խնդիրներ են առաջնում, որոնք երկրի համար որևէ լավ բան չեն բերի: Մենք կողմ ենք խորքային դատաիրավական բարեփոխումներին, դատարանների անկախությունը երաշխավորելուն, պրոֆեսիոնալիզմը բարձրացնելուն, բայց մենք դեմ ենք, որ դատարանները փորձում են ենթարկեցնել քաղաքական իշխանություններին, փոխանակ կտրեն այդ արատավոր պրակտիկան, որ ժամանակին եղել է: Ընդհակառակը, մի քաղաքական ուղղվածություն ունեցող պաշտոնյայի փոխարեն ուրիշի են ուզում դնեն, ասում են՝ հանուն բարու կարելի է օրենք խախտել, բայց այդ օրենքը եթե մի անգամ խախտես, երկու անգամ խախտես, հետո սովորություն է դառնալու»,-ասաց նա:
Խաչատրյանի գնահատմամբ՝ երկու ուժայինների ղեկավարների հրաժարականն արդեն ազդակ է որևէ գործընթաց սկսելու. «Դատարանների նկատմամբ այս չքողարկված հարձակումն արդեն ազդակ է, որ ինչ-որ բան նախապատրաստվում է. թե՛ վարչապետի , թե՛ ԱԺ նախագահի ելույթը և թե՛ «Իմ քայլը» խմբակցության ելույթը ենթադրում է որոշակի մեսիջ դատական իշխանություններին, և այս ամեն ինչը նախանշաններ են, որ ինչ-որ գործընթացներ ՀՀ-ում սկսել են և կարող են հասնել իրենց գագաթնակետին»: