Պարզ ֆինանսական գործընթաց է, ճիշտ չէ ուռճացված տրամադրություն ստեղծել
28 Սեպտեմբեր 2019 Ուռճացված տրամադրություն ստեղծել, թե սա դարի լավագույն գործարքն է, քանի որ մարման ժամկետը եկել էր, և կարողացել ենք վերաֆինանսավորել, մեղմ ասած, ներկայացման ճիշտ ուղի չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2013թ.-ին ՀՀ կառավարության թողարկած 500 մլն դոլարի եվրոբոնդերի՝ արժեթղթերի մարման համար նոր եվրոբոնդեր են թողարկվել, այսինքն` նոր գումարի ներգրավում է կատարվել` հին պարտքը մարելու համար:
«Սրանք պարզ ֆինանսական հոսքերի գործընթացներ են, որոնց շուրջ աղմուկն անհասկանալի է, մեկը մյուսով փակում ենք ու վերջ: Լավ կլիներ, որ եվրոբոնդերի թողարկման համար նշվեին այլ տեսակի հիմնավորումներ` բացի վերաֆինանսավորման հանգամանքը: Եթե արտարժույթային կապիտալի ներհոսք ապահովելու համար եվրոբոնդեր թողարկվեր` համաշխարհային տնտեսության զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու կամ, գոնե, նվազեցնելու նպատակով, կարելի էր մտածել, որ կա վերլուծություն, մասնագետներ, քաղաքականություն, և դրանց օգտագործման հստակ ծրագիր, կամ եթե հիմնավորվեր, որ հիմա նպաստավոր շրջան է, որպեսզի արտարժույթային կապիտալի ներհոսքն ապահովենք»,-մեկնաբանեց Արմեն Գրիգորյանը:
Տնտեսագետի խոսքով` դրական է, որ ավելի էժան ծախսով դուրս կգանք, բայց սա էլ, ըստ Գրիգորյանի, իր բացատրությունն ունի:
«Ցանկացած պարագայում, եթե մի որևէ երկիր առաջին անգամ է թողարկում եվրոպարտատոմսեր, պետք է պատրաստ լինի ավելի շատ գումար տալու, եթե միտք ունի մտնել այդ շուկա: Սա հետագայում դինամիկ էժանանալու հնարավորություն ունի, որն էլ տեղի է ունեցել»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով նոր եվրոբոնդերի` նախորդի փոխարեն ավելի ցածր տոկոսադրույքով թողարկմանը՝ տնտեսագետն ասաց. «Պարզ մաթեմատիկորեն 4.2%-ը փոքր է 6.25%-ից, բայց չէ՞ որ միջազգային ֆինանսական կազմակերպություններն ավելի էժան փող կարող են տալ՝ 0.5-2%-ով: Ինչո՞ւ կառավարությունը չի վերցնում ավելի ցածր %-ով վարկեր Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, որ գնում է ամենապարզ ճանապարհով, այն է` թողարկել և վաճառել եվրոպարտատոմսեր: Միջազգային ֆինանսական շուկաների հետ աշխատելու համար պետք է ունենալ անհրաժեշտ ռեսուրսները՝ մասնագետներ և հստակ քաղաքականություն, որոնց պակասի մասին, արդեն մեկ տարի է, ասում ենք»,-ամփոփեց ՀՅԴ ԳՄ Ֆինանսների հանձնախմբի նախագահը: