Գազպրոմ Արմենիա ընկերության պարտքի ավելացումը մտահոգիչ է
28 Սեպտեմբեր 2019 Գազի՝ 30 տոկոսով թանկացման մասին լուրի արտահոսքով ռուսական կողմը նպատակ ունի շոշափել հայ հանրության տրամադրություններն ու հայկական կողմի բանակցությունների տակտիկան՝ բարձրացնելու կամ չբարձրացնելու դեպքում. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:Նրա դիտարկմամբ՝ սա առևտրային բանակցություններում կիրառվող գործիքներ են, որոնց ի պատասխան հայկական կողմը «լուռ ու մունջ նստած է», քանի որ չունի էներգետիկ քաղաքականություն և կոմպետենտ թիմ: Տնտեսագետը կանխատեսում է՝ արդյունքն այն կլինի, որ տարեվերջին հապշտապ կկնքվի ինչ-որ պայմանագիր, ինչը արվեց անցյալ տարվա դեկտեմբերին:

Տնտեսագետը նկատում է, որ 30 տոկոսով թանկացման մասին արտահոսքը պատահական չէր նաև այն առումով, որ ռուսական կողմը ոչ միայն Հայաստանի համար է նախատեսում բարձրացնել գազի գինը, այլև մյուս գործընկերների հետ է բանակցում այս ուղղությամբ: «Բելառուսի դեպքում ևս զգալի տեղաշարժեր կան և բելառուսական կողմը կարծես չի կարողանա պահել իր 125 դոլար՝ 1000 խմ հաշվով սակագինը, քանի որ մերժել է ռուսական կողմի՝ իր տարածքում ռազմաբազա ստեղծելու ծրագիրը»,-ասաց նա:
Հայաստանում, ըստ նախկինում հաստատված տեղեկատվության, ձևավորվել էր խումբ, որը պետք է բանակցեր ՌԴ-ի հետ՝ գազի երկարաժամկետ գին սահմանելու մասին: Սուրեն Պարսյանի համար հստակ է, որ որևիցե նախնական պայմանավորվածություն, ձեռքբերում չունենք. «Հայկական և ռուսական կողմերը չեն խոսում արդյունքների մասին, այլ տարբեր աղբյուրներից տեղի են ունենում տեղեկատվության արտահոսքեր՝ ըստ էության նպատակ ունենալով ճշտելու ազգաբնակչության հնարավոր արձագանքները, տեսակետները»:
Անդրադառնալով 2019 թ հունվարի 1-ից սահմանի վրա 15 դոլարով գազի գնի բարձրացմանը, տնտեսագետն ընդգծեց, որ այդ բարձրացումը որևիցե ձևով չանդրադարձավ գազի սակագնի վրա, բայց նաև տեղի չունեցավ Գազպրոմ Արմենիայի խնայողությունների կամ աշխատողների թվի կրճատման հաշվին:
«Գազպրոմ Արմենիա ընկերությունը չի կրճատել իր աշխատողների թվաքանակը և Գազպրոմ Արմենիա ընկերությունը չունի խնայողություններ: Ավելին, վերջին 3-4 տարիներին ինքն անընդհատ վնաս է կուտակել և չունի շահույթ»,-արձանագրեց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանի համոզմամբ, այս տարվա ընթացքում 15 դոլարի բարձրացումը ուղղակի ձևավորվել է որպես պարտք այդ ընկերության համար և տարվա վերջին այդ պարտքը կկազմի 30 միլիոն դոլար, այսինքն, Գազպրոմ Արմենիա ընկերության պարտքը 30 միլիոնով կավելանա, ինչը լուրջ մտահոգություն է մեր գազամատակարարման համակարգի համար:
«Գազպրոմ Արմենիան բակի կրպակ չէ, որի սնանկացումը որևիցե ազդեցություն չունենա տնտեսության վրա, սա լուրջ ռազմավարական, բնական մոնոպոլիա է և սա պետք է գործի առողջ, արդյունավետ և հետագայում մենք պետք է գտնենք լուծումներ: Այսինքն, ուղղակի և անուղղակի եղանակով այդ գումարը վճարելու է հայ սպառողը՝ դա տեղի կունենա սուբսիդավորման միջոցով, գազի սակագնի բարձրացման միջոցով և այլն: Նաև կանխատեսելի է, որ եթե այս տարվա ընթացքում բարձրանա գազի սակագինը ևս որոշակի տոկոսով, ապա նոր հաշվարկների ժամանակ միանշանակ հաշվի է առնվելու նաև այս տարվա հունվարի 1-ի բարձրացումը. սա, անշուշտ, չի կարող անտեսվել Գազպրոմ Արմենիա ընկերության դեպքում, քանի որ նրա համար սա պարտք է: Այսինքն, 15 դոլարը և, հետագա հնարավոր բարձրացումը ևս անմիջականորեն կդրվեն գազի սակագնի վրա և հայ սպառողը կվճարի ոչ միայն այդ պարտքը, այլև դրա տույժերը»,-մտահոգություն հայտնեց Սուրեն Պարսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/wBF15bUdKKQ