Պոպուլիզմը ոչինչ չի փոխում ժողովրդի կյանքում
15 Հոկտեմբեր 2019 Թավշյա հեղափոխությունը, թեև Եվրոպայում ևս ընկալվեց իբրև ժողովրդավարական արժեքների առաջընթաց, բայց այս պահին նկատելի է, որ Հայաստանում բարեփոխումները արագ ընթացք չունեն. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանըՙ Ստեփանակերտում:Դատարանների դռնելը շրջափակելուՙ վարչապետի կոչը, նրա խոսքով, Եվրոպայում լավ տպավորություն չթողեց, որովհետև եվրոպացինարի համար անհասկանալի է այդ երևույթը և ազդեց նրանց մոտեցման վրա:

Մեկ-երկու անընդունելի արարքով, իհարկե, երկրի հանդեպ վերաբերմունք չի ձևավորվում, բայց Գասպար Կարապետյանի դիտարկմամբ, տպավորությունների կուտակում կարող է լինել, որի վերջը հնարավոր է ակնկալածից տարբեր եզրակացությունները լինեն:
«Գոնե Եվրախորհրդարանի շրջանում, մեզ համար հասկանալի է, որ մարդիկ գոհ չմնացին, որովհետև Եվրոպա այդ մեկը հասկանալի չէՙ դատարանների դռները փակել կամ դատավորների սենյակներում պրպտումներ անել, կոմպյուտերները փնտրել, այս ամենը Եվրոպայում չկան»,-ասաց նա:
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի ընթացքի վրա այս զարգացումները, թերևս, բացասաբար չազդեն, քանի որ նախՙ ժամկետներ կան, որոնք պահպանվում են, ապաՙ Եվրոպայում էլ հասկանում են, որ հեղափոխությունից հետո պետք է ժամանակ տալ նոր իշխանություններին, որ հասկանանՙ ինչ պետք է անեն: Կառավարությունը բոլորվին նոր անձերից է բաղկացած և արդար էր ժամանակ տալը, ասաց Գասպար Կարապետյանը, բայց այդ ժամանակամիջոցը, հասկանալի է, որ անվերջանալի չի կարող լինելՙ մի քանի ամիս, առավելագույնըՙ 1 տարի:
«Երբ հայտարարվեց, որ Եվրոպան 170 միլիոն եվրո պիտի տա, այդպես չի տա որևէ մեկը, այդպես ասելը պոպուլիզմ է, ոչինչ չի փոխում ժողովրդի կյանքում: Մարդկանց կյանքի վրա հիմնական ազդեցություն կունենա, երբ գա»,-նշեց Գասպար Կարապետյանը:
Նա ուզում է հավատալ, որ այդպես էլ կլինի, քանի որ, ի վերջո, Մայր հայրենիքի կառավարությունն է. «Ես կուզեմ հավատալ, որ մեր կառավարությունը պետք է հաջողի, որովհետև պետք է հաջողի մեր ժողովրդի սիրույն: Ո՛չ որպեսզի ինքը կարողանա լավ երևալ կամ ապագայում քվե ապահովել, դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում էՙ հաջողություն ժողովրդի սիրույն և կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ այդ ուղղությամբ աշխատի»:
Գասպար Կարապետյանը խոսել է նաև դրսի և ներսի դաշնակցականների հարաբերությունների, 30 երկրից 150 պատվիրակ Արցախՙ համաժողովի տանելուՙ ՀՅԴ նախաձեռնության հաջորդ քայլի մասին:
Ի՞նչ բարդույթ ունեն ՀՀ իշխանությունները. Գասպար Կարապետյանը՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքն արժևորելու մասին
«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բանտերը լցրել էր իմ կուսակցական ընկերներով, Հունաստանում դեսպան, շատ պարկեշտ մարդ Արման Կիրակոսյանը զանգեց, ասաց՝ կարո՞ղ ես կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումները: Կարող էի ասել՝ նախագահիդ կանչիր, թող քեզ դասավորե, բայց չարի. նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի համար կազմակերպեցինք, որպեսզի մեր պետությանը օգնենք»,- պատմեց Գասպար Կարապետյանը:
Ներկայիս կառավարության անդամների հանդեպ ևս ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի վերաբերմունքը նույնն է: «Ես վարչապետին ճանաչել եմ 2010 թ.-ից, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր, Եվրոպական հարցերի հանձնաժողովի պատվիրակության կազմում նաև մեր գրասենյակ էր եկել: Ամեն կառավարություն իր աշխատելու ոճն ու ձևն ունի: Շատ անգամ հարաբերությունները անձերի հարց է. չկա ուղղություն Եվրոպայում, որ մեր կառույցների հետ գործակցություն չլինի: Երբ պատվիրակություններ կգան՝ խորհրդարանական կամ նախարարների, միշտ ունենք սերտ գործակցություն: Կասեն՝ ընկե՛ր Գասպար, այս հարցը ունենք, եթե կարող եք ձեր ծանոթություններով օժանդակեք, որ պատգամավորները ներկա լինեն: Սա նշանակում է՝ կառավարությունները հասկացել են Հայ Դատի գրասենյակների դերը»,-ասաց Գասպար Կարապետյանը:
ՀՀ-ում Դաշնակցության գործունեությունը կապված չէ անպայմանորեն ԱԺ-ում ներկա լինելու հետ՝ ընդգծում է նա, թեև արձանագրում, որ խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում կուսակցությունն ունենում է հավելյալ կարողություններ, որպեսզի իր հասկացողությամբ կարողանա առաջ տանել իր ժողովրդի ապագան. «Անշուշտ, սա պետք է կարողանանք բացատրել և հասկացնել ՀՀ բնակչությանն ու Սփյուռքին»:
ՀՅԴ-ն՝ իբրև արտախորհրդարանական քաղաքական ուժ, ունի իր այլընտրանքային՝ մասնագիտական հանձնախմբերը, որոնք տնտեսական, ֆինանսական, իրավական, սոցիալական, քաղաքական հարցերի մասին վերլուծություններ են կատարում և իրենց տեսակետը ներկայացնում գործող իշխանություններին: «Բոլոր հարցերի համար Դաշնակցությունը ներկա է, ունի իր տեսակետը, կհարգվի՝ լավ, չի հարգվի՝ պատասխանատուի մեղքն է»,- ասաց նա:
Այս առիթով Գասպար Կարապետյանը մի պատմություն հիշեց. «Բոլորը գիտեն, որ թե՛ Երևան, թե՛ Ստեփանակերտ եկող՝ Եվրոպայի պատվիրակություններն այնպես չէ, որ անցնում են, ճանապարհին լույս տեսնում ու ներս գալիս, չէ՞, մեկը նրանց բերում է: Ո՞վ է այդ բերողը՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն են: ԱԺ նախագահներից մեկին մի անգամ հետևյալն ասացի՝ դուք կտառապեք բարդույթով. եթե ասեք՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն է բերել, ի՞նչ է ձեր վնասը, Դաշնակցությունը մի քանի տոկոս ավելի՞ կունենա, թո՛ղ ունենա: Շատ երկրների կառավարություններ կուզենային, որ Դաշնակցության նման ընդդիմություն ունենային, որը ոչ թե գոռում է, այլ հարցը լուծելու իր տեսակետն է արտահայտում»:
Գասպար Կարապետյանը խոսեց նաև «դրսի ու ներսի» դաշնակցականների հարաբերությունների մասին:
Արցախում աշխարհի լրատվամիջոցների ֆորում կստեղծվի՝ «Պրո-Արցախ» շարժման արդյունքներով
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ միջազգային հարթակում հայությունը Արցախին մենակ չի թողնելու»,- ասաց Գասպար Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ 30 երկրից 150 քաղաքական գործիչներ ու մտավորականներ, որոնք Արցախում են՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» ֆորումին մասնակցելու, միաձայն հռչակագիր ընդունեցին, որ ստեղծվի մի կառույց՝ քարտուղարությունով, որպեսզի, մտադրությունների ու նախաձեռնությունների մասին միմյանց տեղեկացնելով, համագործակցաբար աշխատեն:
Հաջորդ քայլը պետք է լինի աշխարհի լրատվամիջոցների համար միասնական հարթակ ստեղծելը: Գասպար Կարապետյանի խոսքով՝ այդ հարթակի կենտրոնական գրասենյակը կարող է լինել Արցախում, իսկ ցանցին, բացի հայկական լրատվամիջոցներից, պետք է միանան տարբեր երկրների հեղինակավոր ու մեծ դիտողականություն ունեցող լրատվամիջոցներ:
Գնահատելով համաժողովի ընթացքը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահն ասաց, որ շատ լավ գործակցություն է եղել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի միջև: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի համաշխարհային ընդգրկումը, փորձառությունը, գիտելիքները առանցքային դեր են խաղացել, որպեսզի մասնակիցները Արցախ գան:
«Լավ էր, որ այսքան այլազանություն և բարձր մակարդակ կար: Ադրբեջանը պետք է հասկանա, որ, իբրև առյուծ ներկայանալով, ասդին-անդին հոխորտալով, «սև ցուցակներով» ոչնչի չի հասնի. մարդը հազիվ ամբիոնից իջած՝ Ադրբեջանն այդ քաղաքի քաղաքապետին բողոք էր ուղարկել, արդյունքն ի՞նչ եղավ՝ այդ մարդը 3-րդ անգամ է Արցախ գալիս, այս անգամ ընտանիքն էլ հետն է բերել»,- ասաց նա:
Նույն ապարդյուն քայլն է նաև հենց Գասպար Կարապետյանի հասցեին Ադրբեջանից հնչող հոխորտանքը, թե՝ «Գասպարին ինտերպոլով ձերբակալելու ենք, Բաքու բերենք»: Դաշնակցական գործիչը պատասխանում է՝ Գասպարը վախեցա՞վ, որ Ինտերպոլին դիմեցիք, դադարե՞ց աշխատել, ո՛չ:
Առավել մանրամասնՙ տեսանյութում
https://youtu.be/3IiXCSgCiVM