Հարկային վարչարարության խստացումը ապախթանում է տնտեսական զարգացումը
23 Հոկտեմբեր 2019 Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հարկահավաքության քաղաքականության մասին։«Կոռուպցիան տեսանելիորեն նվազել է հարկային վարչարարության մեջ տարբեր ոլորտներում․դա շատ դրական է, բայց միայն դա բավարար չէ», - ասել է Թադևոս Ավետիսյանը։

«Անընդհատ թմբկահարել այդ ցուցանիշները և անընդհատ նույն ուղղությամբ գնալ հնարավոր չէ․հարկային վարչարարությունը մի օր այլևս չի կարողանալու լրացուցիչ հարկային մուտքեր ապահովել։ Հարկային վարչարարության խստացումը, եթե հարկման համակարգը արդյունավետ չէ, ապախթանում է տնտեսական զարգացումը` առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի զարգացումը, սա է խնդիրը»,– նշում է Ավետիսյանը։
Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նախևառաջ և զուգահեռաբար պետք է ունենալ արդյունավետ հարկման համակարգ։
«Միայն կոռուպցիան բացառելով և ասելով` դե մնացածը ինքներդ կողմնորոշվեք և անընդհատ վճարեք հարկեր՝ բավարար չէ»,–ասում է նա։
Ավետիսյանը նշում է, որ սոցիալ-տնտեսական կարգ ունեցող պետությունը պետք է նաև իր հարկային համակարգով խթանի ներառական սոցիալական զարգացումը։ Առաջնային պետք է խթանի ցածր եկամուտ ունեցողների ավելի արագ եկամուտների աճը, քան բարձր եկամուտ ունեցողներինը։
Որպես հաջորդ կարևոր պայման Ավետիսյանը նշում է, որ պետությունը պետք է իր ծախսային քաղաքականությամբ հստակ իրականացնի սոցիալական զարգացման, տնտեսական զարգացման ծրագրել, այլ ոչ թե հարկերը հավաքի և չծախսի՝ պատճառաբանելով, որ դեռ ծախսելու համար արդյունավետ սխեմա չկա։
«Անցնում են տարիներ և չծախսված գումարները, տնտեսությունից վերցված և չվերադարձված գումարները ապախթանում են տնտեսական աճը, դրանք կաշկանդում են նոր աշխատատեղերի ստեղծումը, դրանք կաշկանդում են սոցիալական խնդիրների լուծումը, ինչպես նաև ապագա հարկային մուտքերը»,–նշում է Ավետիսյանը։
Ըստ Ավետիսյանի` չի կարելի դրվագային 1–2 հաջողված իրողություններ վերցնել անընդհատ և ամբողջությամբ տարածել ողջ տնտեսական համակարգի վրա և նորից ու նորից սպասումներ առաջացնել։