Հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին
27 Հոկտեմբեր 2019 «Հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին եւ դա անթաքույց հնչում է իշխանությունը ներկայացնող անձի շուրթերից», այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:«Քրեական գործում կա առանձնացված մաս եւ այն գտնվում է իրավասու մարմինների լիազորությունների ներքո: Այս մասով ընթացքը երբեք չի կասեցվել, սակայն ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել ներքաղաքական այս իրավճակում հրապարակ նետվող այն թեզերի վրա, որոնցով, փաստորեն, հրապարակային գործարք է առաջարկվում ոճրագործին եւ դա անթաքույց նաեւ հնչում է իշխանության ներկայացուցչի շուրթերից: Անձինք էլ կան, որ քսան տարի լռել են, եւ այսօր ունենալով բարձր, պատասխանատու պաշտոն, հրապարակային հնչեցնում են մի բան, որն, ըստ էության, հանցագործի, ոճրագործի հետ գործարքի առաջարկ է: Ես նկատի ունեմ նույն Արման Բաբաջանյանին: Տարբեր առաջարկները խոսում են այն մասին, որ մարդիկ փորձում են օրակարգում կեղծ թեզեր առաջ քաշել եւ շեղել պետության եւ հանրության ուշադրությունը անվտանգության համակարգերից»,-ասել է Արծվիկ Միանսյանը:

Լրագրողի հարցին, թե գործարք ասելով ինչ ի նկատի ունի, Մինասյանը պարզաբանեց. «Այսինքն տվեք անուններ եւ փորձենք ձեզ օգտակար լինել, մինչդեռ թե՛ քրեական գործի, թե՛ նախաքննության, թե՛ դատավարական ընթացքը ամբողջությամբ այսօր արխիվացված նյութերը վեր հանելու դեպքում, շատ մանրամասն կարող են դիտարկել օտարերկրյա այնպիսի ներգրավումը, որը, չգիտես ինչու, պետական իրավասու մարմիններն անտեսել են եւ փորձում են դա փոխարինել Նաիրի Հունանյան կոչվող անձնավորության ինչ-որ հայտարարություններով, ինչ-որ դիմումներով: Սա խոսում է այն մասին, որ իմ խորին համոզմամբ եւ մեր վերլուծությամբ, Հայաստանում շարունակում է չգիտակցված մնալ անվտանգության համակարգերն ամեն օր ուժեղացնելու օրախնդիրը»:
Արծվիկ Մինասյանի խոսքով` նույն գործի դատաքննության ընթացքում հնչել են տարբեր երկրների հատուկ ծառայությունների անուններ, որոնց մասին նույն մարդիկ լռում են:
«Թուրքական ծառայության անուն է հնչել, տարբեր կասկածների մեծ փաթեթ է ձեւավորվել, որտեղ են այդ մարդիկ, որ դրանք թողած հանկարծ որոշել են Նաիրի Հունանյան ոճրագործի հետ հանդիպել, նրա առաջարկները քննարկման առարկա դարձնել եւ այդքանից հետո էլ վերադառնալ 27-ից հետոյի այն վիճակին, երբ հասարակությունը սարսափած սպասում էր, թե Նաիրին էլ ո՞ւմ անունը կտա: Հիմա այսօր մեր ամբողջ պետականության գործը նորից բերում կապում են այդ իրավիճակի հետ, սա դատապարտելի ընթացք է: Սա ճիշտ ընթացք չէ, սա մեր պետականությունը թուլացնելու ընթացք է»,-ասել է դաշնակցական գործիչը:
«Պետության եւ իշխանության գլխավոր խնդիրը հենց սա՛ պետք է լինի. տարբերել առաջնայինը երկրոդականից եւ պետականությունը երբեք սակարկման առարկա չդարձնել»,- հավելել է Արծվիկ Միանսյանը:
Արսեն Բաբայանը քաղաքական բանտարկյալ է
«Արսեն Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում», այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Արսեն Բաբայանը թիրախում հայտնվեց, երբ ակտիվացրեց իր գործունեությունը: «Օգտվելով այս իրավիճակից, նաեւ Հրայր Թովմասյանի անձով եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, սկսվեց քաղաքական հետապնդում եւ հիմա Արսեն Բաբայանը քաղաքական բանտարկյալ է` եվրախորհրդի սահմանած չափանիշներով: Այսպես շարունակվելու դեպքում մենք կունենանք քաղաքական բանտարկյալների մեծ քանակ»,-ասել է Արծվիկ Մինասյանը:
Ըստ դաշնակցական գործչի՝ քաղաքական իշխանությունն իր նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չի առնում, տրիվիալ մոտեցումներ է կիրառում: «Նույնիսկ տարրական իրավական ընթացակարգերն են խախտվում: Մեկին գումարած մեկը որ հավասար է երկուսի ձեւակերպումն էլ է խախտվում: Իրենց համար մեկին գումարած մեկը հավասար է տասի: Իրավապահ մարմինների ու իշխանությանը ծառայող առանձին անձանց համար մեկին գումարած մեկը կարող է նաեւ զրո լինել եւ այսպես շարունակ: Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ իրավաբանությունը մղվել է մի կողմ եւ մարդկանց ցանկությունը ամեն գնով վրեժխնդիր լինել դարձել է իրենց համար վարքագծի կանոն: Սա հասարակությունը վերարթնացնելու ընթացք է ձեւավորում: Սա ժողովրդավարության հետ կապ չունեցող, բռնապետություն հաստատելու ընթացք է», ասել է Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: