Աշխատանքային միգրանտների հարցում Հայաստանը չունի հստակ քվոտավորում
01 Նոյեմբեր 2019 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է զբաղվածության, միգրացիոն աշխատուժի հետ կապված հարցերին, ինչպես նաև խոսել գործազրկության խնդրի մասին:
«Ցանկացած երկրի պարագայում առկա է աշխատաշուկայում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտություն, մինչդեռ Հայաստանը օտարերկրացիների աշխատանքի կարգավորման անարդյունավետ համակարգ ունի: Թեև թղթի վրա կան որոշակի կարգավորումներ, սակայն իրականության մեջ դրանք միայն խնդիրներ են ստեղծում, հետևաբար, մենք ունենք կիսատ համակարգ, չունենք հստակ քվոտավորում»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
«Ներկայում առաջացել է նաև քվոտաների սահմանափակման խնդիր, որովհետև առանձին երկրներից էապես ավելանում է միգրանտների ներհոսքը հիմնականում բանվորական մասնագիտությունների գծով, ինչը բացասաբար է ազդում մեր երկրի սոցիալապես անապահով ընտանիքների անդամների զբաղվածության խնդրի լուծման վրա»,-նշեց Ավետիսյանը:
Տնտեսագետը նշեց, որ ցանկացած երկրի պարագայում առկա է աշխատաշուկայում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտություն, մինչդեռ Հայաստանն օտարերկրացիների աշխատանքի կարգավորման անարդյունավետ համակարգ ունի:
Ավետիսյանի համոզմամբ՝ պետությունն այստեղ անելիք ունի, բայց ոչ այն գործիքակազմով, որն այսօր կա, և այդպես էլ շարունակում է խնդրահարույց համակարգը գործել: Տարիներ շարունակ գործում է միայն օտարերկրացիների աշխատանքային թույլտվությունը, որը, սակայն, լոկ գործատուի համար նախատեսված որոշում է: Թույլտվությունը կարելի է տալ մեկ օրով կամ մեկ ամսով, այնուհետև հետաձգել ըստ հայեցողության, սակայն այստեղ նշված հայեցողությունն, ըստ տնտեսագետի, կարող է բերել տարբեր ռիսկերի:
«Այս խնդրահարույց համակարգը գործարկվեց 2019 թվականի հունվարից: Չակերտավոր պատասխանատուները ժամանակ չունեցան հանգամանորեն անդրադառնալ խնդրին կամ չկարողացան գտնել համարժեք լուծումներ, ինչի համար ունեին տևական ժամանակ»,-նշեց Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետը գտնում է, որ պետք չէ մեր երկրի դռները փակել աշխատանքային միգրանտների առջև, սակայն պետությունը պետք է խթանի հատկապես բարձր մասնագիտացում ունեցողների ներհոսքը: Մյուս կողմից, պետք է պաշտպանել ներքին աշխատաշուկան, որովհետև այսօր Հայաստանում կա գործազրկության բարձր մակարդակ, ինչն էլ սոցիալական խնդիրներ հարուցող գլխավոր պատճառներից մեկն է: