Հայաստանից արտագաղթը միայն հորդորներով չի դադարի
12 Նոյեմբեր 2019 Միայն սահմանահատումներով ներգաղթի մասին խոսելն ուղղակի հնարավոր չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` անդրադառնալով Հայաստանի Միգրացիոն ծառայության` ս.թ. նոյեմբերին հրապարակած տվյալներին, համաձայն որոնց`2019թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտագաղթը նվազել է:Ըստ հրապարակված ցուցանիշների`նշված ժամանակահատվածում սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9857, հավելաճը 2016թ.-ի համեմատ կազմել է 88.6 %:

«Սահմանահատումները միայն Հայաստանի բնակչությունը չի կատարում, օտարերկրյա քաղաքացիներ ևս Հայաստան են գալիս: Կարելի է մտածել, որ ինչ-որ դրական միտում, այնուամենայնիվ, ունենք, բայց միայն մեկ ցուցանիշը բավարար չէ` այդ եզրահանգման համար: Այս կամ այն վիճակագրության դրվագային ներկայացումները շատ քիչ են»,-նշեց Ավետիսյանը:
Վերջինիս խոսքով`առաջին հայացքից դրականորեն արձանագրվել է, որ 2019-ի 2-րդ եռամսյակում շուրջ 46.400-ով նվազել է գործազուրկների թիվը՝ նախորդ եռամսյակի համեմատ: «Այս առումով հատկանշական է նաև, որ շուրջ 51.500-ով նվազել են աշխատանքային ռեսուրսները: Այս ցուցանիշը կազմում է աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվերի հանրագումարը: Հետևաբար, եթե աշխատուժից դուրս բնակչության թվի նվազմանը համարժեք ավելացել է զբաղվածների թիվը, ապա ստացվում է՝ գործազուրկների թվի կրճատումն արձանագրվել է աշխատանքային ռեսուրսների (15-75 տարեկան առկա բնակչություն) նվազման հետևանքով»,-պարզաբանեց Ավետիսյանը:
Ըստ տնտեսագետի`պարզ չէ, թե Կառավարության կողմից ինչ իրական ծրագրեր են իրականացվում, որոնք միտված կլինեն ներգաղթի խթանմանը կամ արտագաղթի կանխարգելմանը, հստակ ռազմավարություն չկա: «Նոր ծրագրեր կամ, առնվազն, չեն իրականացվում, իսկ եթե անգամ մշակվում են, արդյունքը չկա: Օրինակ` հիմնական ծրագրերից մեկը` զբաղվածության ծրագիրը 2018թ.-ին թերակատարվել է 75%- ով, այսինքն` կատարողականն ընդամենը 25% է եղել, 2019թ.-ի առաջին տասն ամսվա տվյալներով էլ` թերակատարվել է շուրջ 55%-ով»,-ասաց նա:
Ավետիսյանի կարծիքով` երկրում տիրող միջավայրը ևս նպաստող չէ ներգաղթի համար: Նոր աշխատատեղերի ստեղծման, միջին աշխատավարձերի բարձրացման խոստումները չեն կատարվում, իսկ եղած աշխատատեղերում էլ աշխատանքի են անցում օտարերկրյա քաղաքացիները:
«Փաստ է, որ ունենք օտարերկրյա աշխատակիցների մեծ ներհոսք, որը ներքին շուկայի անհրաժեշտ պաշտպանության բացակայության պարագայում խնդրահարույց է, ներհոսքը խթան է մեր բնակիչների աշխատանքային միգրացիայի»,-ասաց տնտեսագետն` ընդգծելով, թե դժվար է պատկերացնել, որ արտագաղթը միայն հորդորներով կդանդաղի կամ կդադարի: