Լիբանանում խուճապի մթնոլորտ չկա, բայց դեպի ՀՀ հայացքները շատացել են
29 Նոյեմբեր 2019 «Էրդողանի հոխորտալից հայտարարությունները ողջ աշխարհին են ծանոթ: Կարծում եմ՝ Անկարայի արտաքին քաղաքականության համար սպառնալիք է այն, որ ԱՄՆ վարչակարգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհարվածի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այսինքն, Էրդողանը նժարի վրա է դնում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու թուրք-ամերիկյան հարաբերությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից օրերս արված հայտարարությանը, թե ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ամոթալի քայլ է եւ դրա հեղինակները քայքայում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ասաց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ-ն եւս քաղաքական խաղի կանոններով է առաջնորդվում եւ Թուրքիային ճնշելու առիթի դեպքում բոլոր խաղաքարտերը չի օգտագործում:

«Ցուցարարները բողոքում են կառավարության ապաշնորհ գործունեությունից, կոռուպցիայից, պահանջում են թալանված գումարների վերադարձ»,-անդրադառնալով Լիբանանում շարունակվող` կենցաղային խնդիրների բարձրաձայնումից արդեն քաղաքական պահանջների հարթություն տեղափոխված զանգվածային ցույցերին՝ ասաց Շահան Գանտահարյանը:
Նրա գնահատմամբ՝ անորոշ իրավիճակը շարունակվում է, հանգուցալուծման ճանապարհները դեռեւս տեսանելի չեն: Ինչ վերաբերում է լիբանանահայերին եւ նրանց անվտանգությանն ուղղված պատգամավոր Էդմոն Մարուքյանի կոչին, Շահան Գանտահարյանը նկատեց. «Օրինաչափ կլինի, որպեսզի Հայաստանից հնչի անհանգստություն՝ ճգնաժամում հայտնված իր հայրենակիցների, ես կասեի՝ քաղաքացիների վերաբերյալ, որովհետեւ Լիբանանում երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո նկատելի է Հայաստանի քաղաքացիություն ստացածների թվի աճը: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ անվտանգության միջավայրի մտահոգություններով պայմանավորված՝ պետությունն իր քաղաքացիների տարհանման հարցով է զբաղվում»:
Ըստ Շահան Գանտահարյանի՝ հիմա Լիբանանում խուճապային իրավիճակ եւ զանգվածային արտահոսքի խնդիր չկա, բայց, ինչպես շեշտվեց, ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների եւ դեպի ՀՀ ներդրում անողների կամ բնակարան գնողների թիվը. «ՀՀ-Լիբանան միջպետական կապերի ակտիվացմանը զուգահեռ՝ սերտացել են լիբանանահայ համայնք-ՀՀ կապերը: Այսինքն, խուճապի մթնոլորտ չկա, բայց դեպի ՀՀ հայացքները շատացել են»: