Ոչ մի մեծ պատմություն չի կերտվում ժխտողականության հիման վրա. Մակրոնը՝ Ցեղասպանության ճանաչման մասին
30 Հունվար 2020 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Ավանդական դարձած միջոցառմանը ներկա է եղել նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական եւ տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ հոգեւոր հայրեր:
Որպես պատվավոր հյուր՝ ընթրիքին մասնակցել է նաեւ թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Ֆրանսիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է այդ գործին: Էմանուել Մակրոնն ուրախությամբ նկատել է, որ արդեն մեկ տարի է, ինչ կատարված է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր դարձնելու իր խոստումը:
«Պայքարը, որ հայերը մղում են Ցեղասպանության ճանաչման համար, պայքար է նաև լռության, մոռացության դեմ: Իսկ ճշմարտության հարցում գոյություն ունի եղբայրություն հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև»,- ասել է Մակրոնը:
Ի դեպ, նա նախորդ տարի եւս մասնակցել է հայ համայնքի ամենամյա ընթրիքին: Հենց այդ օրն էր Մակրոնը հայտարարել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: