Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում և գիտակցում է Դաշնակցության արժեքը, տեղը և դերը
07 Փետրվար 2020 Կուսակցական շինարարություն, ծրագրի հիմնադրույթների ներկայացում և այլն, այդ ամենն արվել է քարոզարշավի քողի տակ, որը մենք բնութագրել ենք որպես նախընտրական վաղ քարոզարշավ և որոշակի մտահոգություն ենք հայտնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր և Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք մտահոգություններ կան այն կապակցությամբ, որ մեկ տարուց ավելի է՝ նախագահի տարբեր թեկնածուներ հանդիպումներ են ունենում առանց պաշտոնական քարոզարշավի մեկնարկի:«Այդ մտահոգությունների շարքում հիմնականում պետք է շեշտադրենք քաղաքական դաշտի տրոհումը և հասարակության մեջ բևեռացման առաջացումը: Նկատելի է որոշակի բևեռացում տարբեր քաղաքական տեսակետներ ունեցող շրջանակներում, որը կարող է նույնիսկ հասցնել լուրջ հակադրությունների, սա է մեր մտահոգությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի իր ֆավորիտ թեկնածուն, որը Արայիկ Հարությունյանն է, և հարցին, թե մրցակցությունն ինչպես է պահպանվելու այն առումով, որ նա խորհրդարանական մակարդակով ընդունելության էր արժանացել, նաև վարչապետն էր ընդունել, և արդյո՞ք ՀՀ-ն կարող է գործուն միջամտություն ունենալ, Դավիթ Իշխանյանը նշեց, որ, այո՛, կա մրցակցային պայքար, բայց այդ պայքարն անհավասար է:
«Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից նախընտրած թեկնածուի հանգամանքին, այստեղ որոշակի իմիտացիոն քայլեր են ձեռնարկվել, որոնց արդյունքում հասարակության և մեր ընտրողների ենթագիտակցության մեջ փորձում են արմատավորել հենց այդ փաստը, որ ՀՀ իշխանություններն ունեն իրենց նախընտրած թեկնածուն»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ առաջիկա նախագահական ընտրություններում որպես ՀՀ իշխանությունների, անմիջապես վարչապետի ընդունելի թեկնածու միայն Արայիկ Հարությունյանի անունը չէ, որ շոշափվում է:
«Խոսում են Մասիս Մայիլյանի մասին, ժամանակին խոսվում էր նաև Սամվել Բաբայանի մասին, որ նա կարող է ՀՀ իշխանությունների կողմից հովանավորյալ թեկնածու լինել, եթե հնարավորություն ունենար առաջադրվելու, նաև Ռուսլան Իսրայելյանի մասին: Չեմ ուզում անունների շուրջ քննարկումներ անել, ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր թեկնածուներին, բոլոր թեկնածուների հետ ունենք նորմալ հարաբերություններ: Այստեղ խնդիրը այս կամ այն անձը չէ, խնդիրն այլ է. ՀՀ իշխանությունները պետք է, բնականաբար, Արցախի իշխանությունների հետ ունենան բնականոն գործունեություն և իրենց առանձնահատուկ վերաբերմունքը չցուցադրեն այս կամ այն թեկնածուի նկատմամբ: Եթե անցյալում ունեցել ենք այդպիսի վերաբերմունք, պետք է ասել այդ վերաբերմունքը ճիշտ չէ, բոլոր թեկնածուներն էլ պետք է ընդունելի լինեն Հայաստանի իշխանությունների կողմից, և որ թեկնածուն էլ, որ ընտրվի, պարտավոր է սահուն գործունեություն ապահովել Հայաստանի հետ»,- ընդգծեց նա:
Հարցին՝ Փաշինյանի և Արցախի նախագահի թեկնածուների հետ հանդիպմանը մտահոգիչ որևէ հայտարարություն հնչե՞լ է, Դավիթ Իշխանյանն ասաց, որ այդ հանդիպումը ինքը չի դիտարկել որպես նախագահի թեկնածուների հետ հանդիպում: Ըստ նրա՝ այդուամենայնիվ մեկ հայտարարություն է արել ՀՀ վարչապետը, որն էլ Իշխանյանի համար մտահոգիչ է:
«Նա ասաց՝ եթե Արցախում նախընտրական քարոզարշավի ընթացքը և նախընտրական գործընթացները չընթանան ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին համահունչ, ես ստիպված կլինեմ ուղղակի կոչով դիմել Արցախի ժողովրդին: Ի՞նչ էր դրա տակ թաքնված: Ես ունեմ որոշակի մտահոգություններ, դա ուղղակի միջամտություն է: Սակայն դրա կարիքը չի լինի՝ հաշվի առնելով Արցախում ձևավորված ընտրական համակարգը և մեր ընտրությունների ընդհանուր պատմությունն անցյալ 20-25 տարիների ժամանակահատվածում»,- շեշտեց բանախոսը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք վարչապետի՝ Դաշնակցությանը հեռացող գնացքի հետ համեմատությունը կարո՞ղ է ազդել Դաշնակցության Արցախի կառույցի վրա՝ նա պատասխանեց. «Հայաստանի վարչապետի կողմից այդ անհիմն և ոչ իրական թեզերով քննադատությունը Դաշնակցության հասցեին միմիայն կարող է իր հեղինակությունն արժեզրկել և ոչ թե Դաշնակցության: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը շատ լավ հասկանում և գիտակցում է Դաշնակցության արժեքը, տեղը և դերը: Արցախում այս 25 տարիների ընթացքում մենք կարողացել ենք մեր ժողովրդին Դաշնակցության սկզբունքները և նրա դերակատարությունը, առաքելությունը ճիշտ ներկայացնել ու մատուցել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/SwESm8foFTU