Պետք է վերականգնել գործազրկության նպաստը և ակտիվացնել հանրապետական եռակողմ հանձնաժողովը
26 Մարտ 2020 Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ— ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հայտարարված արտակարգ դրության և մի շարք սահմանափակումների հետևանքով տնտեսվարողներին ու աշխատողներին հասցված վնասները թեթևացնելու կառավարության քայլերի վերաբերյալ, մեղմ ասած մտահոգիչ էին: Տպավորությունն այնպիսին էր, ասես վարչապետը տեղեկացված չէր աշխատաշուկայում առկա վիճակից և անգամ չգիտեր, որ Հայաստանում կան ստվերից դուրս, գրանցված օրավարձով աշխատողներ: Հետևապես ինչպե՞ս է հնարավոր նման պայմաններում խելամիտ որոշումներ կայացնել:

— Որպեսզի երևույթի մասին կարողանանք լիարժեք դատողություն անել, երկու ասպեկտ առանձնացնեմ՝ նախ խնդրի իրավական կողմը և փաստացին՝ այն, ինչ ունենք մեր երկրում, և որը մեկ օրվա խնդիր չէ: Իրավական առումով նշեմ, որ աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է աշխատանքային պայմանագրի և տեսակները, և բովանդակությունը, որպես հիմնական բովանդակություն, էական պայման, սահմանոմ է վարձատրության հնարավոր ձևերը: Աշխատավարձը մեր երկրում, ինչը նաև միջազգային իրավունքով է հաստատված, կարող է լինել ամսական, պաշտոնային դրույքաչափով, օրական, անգամ ժամային: Բացի դրանից, մենք ունենք նաև աշխատավարձի մեկ այլ ձև՝ գործավարձ: Սրանք բոլորն օրենքով սահմանված են, և գործատուն ու աշխատողը ազատ են ընտրելու այս վարձատրության ձևերից մեկը:
Ես համոզված եմ, որ Հայաստանում կան աշխատողներ, որոնք աշխատում են ժամավարձով կամ օրավարձով, նաև գործավարձով: Ինչու եմ սրանում համոզված: Գիտեք, որ Հրայր Մարուխյան հիմնադրամն ունի աշխատողների իրավունքների պաշտպանության գրասենյակ, որն անվճար ծառայություններ է մատուցում այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային իրավունքները խախտվել են, և մենք 800 և ավելի դիմողներ ենք ունեցել երկուսուկես տարվա ընթացքում: Բազմաթիվ են եղել վեճերը, դրանց 50 տոկոսից ավելին վերաբերել են վարձատրության հարցերին: Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ օրվարձով և ժամավարձով աշխատելու դեպքերում հիմնականում պայմանագրեր եղել են, իրավական առումով և գործնականում օրավարձը, ժամավարձը, գործավարձը զուգահեռաբար գործում են ամսական աշխատավարձի հետ:
Ինչ վերաբերում է ֆորմալ, ոչ ֆորմալ աշխատողներին և նրանց տրվող վարձատրությանը, ասեմ, որ ցավոք մեր երկրում խնդիր է ոչ միայն անօրինական աշխատանքը՝ առանց պայմանագրի, այլև ոչ ֆորմալ կամ անօրինական վարձատրությունը: Այսօր էլ մենք գործ ունենք այդ փաստի հետ: Շատ աշխատողներ, որոնք անգամ եթե աշխատանքային պայմանագրեր ունեն, բացի օրինական երևացող վարձատրությունից՝ ունեն նաև չերևացող վարձատրություն: Նման դեպքում եթե պետությունը փոխհատուցման կամ հարկադիր պարապուրդի ժամանակ վարձատրման հարց է բարձրացնում, պետք է իմանա, որ իրականում իմ նշած դեպքերը շատ են մասնավոր հատվածում, պայմանագրում գրված աշխատավարձի չափն իրականը չէ և եթե հատուցումների համար դրա վրա են հիմնվելու, ապա մարդիկ միանշանակ տուժելու են:
Խնդիրն առավել սրվում է, եթե մարդն աշխատում է առանց աշխատանքային պայմանագրի: Այս դեպքում կարևոր չէ, թե ինչ ձևով է վարձատրվում: Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող շատ քաղաքացիներ նաև վարձատրությունը ամսական են ստանում: Այսինքն՝ խնդիրը ոչ թե վարձատրության ձևն է, այլ պայմանագիր չունենալը և իդենտիֆիկացված՝ նույնականացված չլինելը, պետական պաշտոնական տեղեկատվական համակարգերում նրանց վերաբերյալ տվյալների բացակայությունն է: Այս դեպքում խնդրին չպետք է վերաբերենք այնպես, որ եթե տվյալները չկան, հետևաբար պետությունն ազատ է այդ մարդկանց աջակցելուց: Այլ պետք է ամրագրենք, որ այդ երևույթի առկայությունը լավ չէ, եթե աշխատողը գիտակցված է գնացել այդ քայլին, նորից վատ է: Դա ողջունելի չէ ոչ գործատուների, ոչ աշխատողների առումով և հորդորը, նաև պետական վերահսկողությունը պետք է միտված լինեն այդ անօրինական աշխատանքն օրինական դարձնելուն: 2017 թվականից սկսած՝ մեր հանրապետությունում այս ուղղությամբ բավականաչափ աշխատանք է կատարվել, և օրինական աշխատողների թիվն էականորեն ավելացել է, իսկ ստվերային զբաղվածությունը կրճատվել է: Այդ գործընթացը շարունակական է: Բայց փաստն այն է, որ այսօր էլ ունենք ստվերում աշխատողներ: Մյուս կողմից էլ ստվերում աշխատանքը և ոչ ֆորմալ զբաղվածությունը միայն գործատուների և աշխատողների խնդիրը չէ, միայն նրանց մեղքով չէ: Նաև պետության մեղքը կա: Ի վերջո պետական վերահսկողությունն է գործոն դրա կրճատման համար: Նաև խթանիչ համակարգերի ստեղծման ու գործարկման անհրաժեշտություն կա, ինչը օբյեկտիվորեն պայմաններին կստեղծի, որպեսզի մարդիկ առավելապես օրինական աշխատանք գտնեն և գործատուները առավելապես օրինական աշխատողներ ունենան: Խնդիրը բոլորինս է, և եթե երկրում առկա է ստվերային զբաղվածության ինչ-որ տոկոս, ապա այսպիսի խնդիրները հատկապես սրվում են ֆորսմաժորային վիճակներում և պետք է նաև դրանք հաշվի առնելով՝ ճգանաժամային վիճակներից դուրս գալու ելքեր գտնել:
Կառավարությունն ինչ-որ լուծումներ առաջարկել է և պարտավորություն ստանձնել, որ նորից աջակցության այլ ձևեր կառաջարկի: Ես առաջարկոմ եմ նախևառաջ վերականգել գործազրկության նպաստը: Նախկինում այն կար, բայց չէր ծառայում իր բուն նպատակին՝ փոքր չափի պատճառով, ինչպես նաև մեխանիզմի տրամադրման: 2014 թվականից այն չի գործում: Բայց հիմա դրա վերագործարկումը կարող է ստեղծված վիճակի համար խնդրի լուծման միջոց դառնալ: Այն մարդիկ, որոնք ստվերում են աշխատել, ամեն դեպքում նրանց մի մասը գրանցված է անապահովության համակարգում, մի մասն էլ զբաղվածության ծառայությունում որպես գործազուրկներ, և նման ձևով նրանք որոշակի օգնություն կստանան: Ինչպես նաև այն մարդիկ, որոնք այս օրերին աշխատանք կկորցնեն, կարող են գրանցվել որպես գործազուրկներ և գործազրկության նպաստ ստանալ:
Ես դեմ եմ, որ նման աջակցությունը միանվագ, մեկանգամյա լինի, ինչպես հայտարարեց կառավարությունը, որ աշխատանքը կորցրած և երեխաներ ունեցող գործազուրկներին վճարելու է 100 հազար դրամ: Սա արդյունավետ մոտեցում չէ: Գործազրկության նպաստը պետք վերականգնվի և տրվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդիկ աշխատանք չեն գտել և այս օրերին դարձել են գործազուրկ ՝անկախ այն հանգամանքից՝ օրինական աշխատողնե՞ր են եղել, թե անօրինական: Գործազրկության նպաստը պետք է փոխկապակցված լինի երկու գործոնի հետ՝ նվազագույն կենսապահովման զամբյուղի կամ գոնե նվազագույն աշխատավարձի և գործազուրկի ընտանեկան վիճակի: Անձը, որը չունի երեխա և անձը, որն ունի երեխաներ: Այս դեպքում ևս առանձին մոտեցում պետք է լինի, գործազրկության նպաստը կարող է զուգակցվել նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստի հետ: Ես օրվա իշխանություններին հորդորում եմ այս մասին ևս մտածեն: Այս առաջարկը չի հնչեցվել և սրա մասին գոնե պաշտոնապես որևէ տեսակետ չկա, բայց սա միջազգային փորձով ապացուցված դրական ճանապարհ է: Նաև պետության պարտավորությունն է, դրական պարտավորությունը, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից, այնպես չէ, որ պետությունը վերականգնելով գործազրկության նպաստը՝ ոչ թե խորհրդանշական, այլ իրատեսական, խնդիր լուծելու չափով, լավություն է անում իր քաղաքացիներին:
— Առայժմ կառավարության քայլերը միտված են նրան, որ աշխատողների վարձատրութան բեռը նա թողնում է տնտեսվարողների, գործատուների վրա՝ ընդամենը պարտքով գումար առաջարկելով աշխատողներին աշխատավարձեր տալու նպատակով: Բայց արդյո՞ք այն պայմաններում, երբ գործատուն զրկված է եղել հասույթ ստանալու հնարավորությունից, պարտքով տված գումարն ավելի չի վատթարացնի իրենց վիճակը, և որքանո՞վ է ճիշտ ու բարոյական ամբողջ բեռը, պատասխանատվությունը թողնել տնտեսվարողների վրա:
— Գործատուներն ունեն սոցիալական պատասխանատվություն, բայց սոցիալական պատասխանատվության և սոցիալական աջակցության գործառույթն առաջնային պետությանն է, պետության գործառույթն է, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Երբեք չի կարելի այդ հավասարակշռությունը խախտել, գործատուների վրա բեռի անհամաչափ ավելացումը նշանակում է, որ մեր երկրում ներդրումային միջավայրը կվատացնենք և կունենանք մի իրավիճակ, երբ գործատուները ստիպված կլինեն գնալ զանգվածային ազատումների: Այսինքն՝ պետությունն այդ քայլով կխթանի բացասական գործընթացը: Պետության ուսերից ճնշումը գործատուների ուսերին տեղափոխելով՝ մենք նման պայմաններ ենք ստեղծում:
Որպեսզի նման իրավիճակից հնարավոր լինի խուսափել, պետք է եռակողմ փոխըմբռնում: Այս իմաստով մեկ այլ առաջարկ անեմ, որը մինչև այժմ չի դիտարկվել ու հնչել: Զարմանալիորեն մինչև այս պահը չի ակտիվանում հանրապետական եռակողմ հանձնաժողովը սոցիալական գործընկերության մակարդակում: Հանձնաժողովն այն հարթակն է, որը ժամանակին ստեղծվել է հենց նաև նման իրավիճակներում խնդիրների խելամիտ լուծումներ գտնելու համար: Հորդորում եմ, որ պետության նախաձեռնությամբ եռակողմ հանձնաժողովն ակտիվացվի և նաև իրավիճակից բխող օբյեկտիվ վերլուծություններ արվեն: Այս հարթակում գործատուները, գործատուների հանրապետական ներկայացուցիչները, արհմիությունների ներկայացուցիչները և պետությունը կարող են նստել մի սեղանի շուրջ և օրակարգից բխող որոշումներ կայացնել: Դա ավելի արյունավետ կլինի, քանի որ հաշվի կառնվեն բոլոր կողմերի՝ և աշխատողների, և գործատոների, և պետության շահերը, և կարող են համաձայնեցված լուծումներ գտնել: Այդ գործիքը և այդ հաթակը ցավոք չեն օգտագործում, այն մեծ ներուժ է, որը չօգտագործելով՝ էական կորուստ կունենանք: Սա նաև լավ առիթ է, հնարավորություն, որպեսզի այդ հարթակների դերը մեր կյանքում բարձրանա: Դա կապահովի սոցիալական երկխոսություն, սոցիալական գործընկերություն, որի բոլոր իրավական հիմքերը կան, նոր բան պետք չէ անել, ամեն ինչ առկա է, ստեղծված է, ընդամենը պետք է ցանկություն ունենալ, և այդ ցանկությունը պետք է բխի պետությունից: Պետությունը պետք է շահագրգիռ լինի այդպիսի հարթակներում խնդիրները քննակելու և համաձայնեցված լուծումներ գտնելու հարցում:
Իմ առաջարկները բխում են միջազգային փորձից, և շատ պետություններ դրա շնորհիվ կկարողանան հնարավորինս քիչ վնասներով հաղթահարել առկա և սպասվող դժվարությունները:
— Պետական ֆինանսական միջոցներով աշխատողներին, գործատուներին աջակցելը որքանո՞վ եք իրատեսական համարում՝ հաշվի առնելով, որ մեր երկրում 600 հազարից ավելի շատ աշխատողներ ունենք:
— Միանշանակ ցանկացած ֆինանսական աջակցության հնարավորություն սահմանափակ է ցանկացած պետության համար: Բայց նաև այնպես չէ, որ մենք որևէ հնարավորություն չունենք: Մանավանդ ճգնաժամային իրավիճակներում պետք է միջոցներն ու ռեսուրսները հստակ համապատասխան լինեն սահմանված օբյեկտիվ առաջնահերթություններին: Նաև պետք է հստակ ռազմավարություն լինի, թե ինչ նպատակ ենք դնում և ինչպես ենք պատկերացնում այս իրավիճակից դուրս գալը, ռազմավարական ծրագիր է հարկավոր ունենալ: Համոզված եմ, որ այսպիսի արդյունավետ կառավարման պարագայում բավականաչափ ռեսուրսներ կլինեն՝ առավելագույն արդյունքներ և նվազագույն կորուստներ ունենալու համար:
— Արդեն տվյալներ կա՞ն գործազրկության թվերի ավելացման մասին, թե դեռևս միայն կանխատեսումներ են:
— Դեռ պատկեր չկա, բայց համոզված եմ, որ աճ կլինի և բավականին մեծ: Դրանից թերևս հնարավոր կլինի խուսափել պետության կողմից աջակցման ծրագրերի արդյունավետության միջոցով. որքան դրանք խնդիրներ լուծող լինեն, այնքան հնարավոր կլինի մեղմել գործազրկության աճը: Պետության ծրագրերի, աջակցության, մոտեցումների և դրանից բխող գործատուների վարքագծի, դրանից էլ բխող սոցիակալան վիճակի միջև ուղիղ կապ կա:
— Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային օրենսգրքում լրամշակումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է առաջարկում: Որքանո՞վ այդ լրացումները կարող ենք թեթևացնել աշխատողների և գործատուների վիճակը: Դուք նախագծի առաջին տարբերակը քննադատել էիք:
— Այն նախագիծը, որն ի սկզբանե դրվել էր շրջանառության մեջ, քննադատել եմ, հստակ փաստարկներ և հիմնավորումներ ներկայացրել և պետք է նշեմ, որ նախագիծ մշակողները գոնե մասնագիտական մակարդակում այդ փաստարկներին ու իմ հորդորներին, առաջարկներին անդրադարձել են: Լրամշակված տարբերակն ավելի խնդիր լուծող է: Բայց դա չի կարող համարվել վերջնական և այսօրվա առաջացած խնդիրներին համարժեք, մասնագիտական քննարկումների անհրաժեշտություն կա, նոր լուծումներ առաջարկելու: Այդ նախագիծը ևս թերի է: Ինչի մասին հրապարակայնորեն հայտնել եմ իմ տեսակետը և իմ պատրաստակամությունն եմ հայտնել ու հայտնում մասնագիտական առումով աջակցելու աշխատանքային օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներին: Քանի որ հարցը վերաբերում է 600 հազար մարդու: Մեր գրասենյակը աջակցության պատրաստ է, չնայած նրան, որ բազմաթիվ անգամներ հայտնել ենք պատրաստակամություն, բայց անհասկանալի պատճառներով նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել: Մինչդեռ դա բխում է նախևառաջ լիազոր մարմնի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան շահերից. մասնագիտական ռեսուրսը հենց այնպես թափված չէ, և այնպես չէ, որ այդ նախարարությունը առնվազն գոնե քաղաքական որոշումներ կայացնելու մակարդակում լիարժեք կարողություններ ունի: Սա փաստ է: Իսկ մեզ պետք է, որ ցանկացած նախագիծ, օրենք ոչ թե խնդրահարույց լինի, այլ խնդիրներ լուծող: Առանց այդ էլ խնդիրները շատ են ոլորտում և շատ արագ ավելանում են:
Եվս մեկ անգամ նշեմ՝ ոչ թե պետք է եղած խնդիրները դիտակել և փորձել դրանց հետևից ընկնելով լուծումներ տալ, այլ գլոբալ առումով պետք է իրավիճակը վերլուծել և առաջանցիկ, ըստ կանխատեսման լուծումներ առաջարկել օր առաջ: Դրա հնարավորությունը կա, եթե լուրջ մասնագետներ աշխատեն և դիտարկեն միջազգային փորձը, եղած կարգավորումները:
Զրուցեց Թագուհի Ասլանյանը
livenews.am