Իրանի հետ մեր գազամուղը որոշակիորեն լուծում է էներգետիկ անվտանգության խնդիրը
27 Մարտ 2020 Համաշխարհային շուկայում նավթի գների նվազումը շարունակվում է: Մասնավորապես, այսօրվա տվյալներով նավթային ֆյուչըրսների առևտրում առաջնային տեղ զբաղեցնող ամերիկյան ֆյուչըրսային բորսայում՝ Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange)-ում, WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.70%-ով և կազմել 24.16 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.19%-ով և կազմել 27.29 դոլար:365News-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե համաշխարհային շուկայում նավթի գնանկումը որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ Հայաստանում գազի գնի վրա, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների միջև էներգետիկ ռեսուրսների միասնական շուկա ստեղծելու հեռանկարների շուրջ:

-Համաշխարհային շուկայում նավթի գնի անկում է նկատվում: Արդյո՞ք նավթի գնանկումը կարող է ազդել Հայաստանում գազի գնի նվազման վրա:
-Մեծ հաշվով՝ իհարկե, որովհետև մենք նավթ արդյունահանող երկիր չենք, ներկրում ենք, և եթե նավթի գները նվազում են և դա կայուն նվազում է, ոչ թե տատանվող կարճաժամկետ գնային փոփոխություններ, ապա դա միանշանակ պետք է ազդի նաև մեր շուկայում նավթի վաճառքի վրա: Ուղղակի նավթի շուկայում այդպես չի, որ ամեն օր գնում են տակառներով նավթը և տեղափոխում, Հայաստանում վաճառում: Էդտեղ ֆյուչըրսներով են գնում, այսինքն՝ որոշակի ժամկետային պայմանագրեր են կնքվում և այդ պայմանագրերով որոշակի քանակներ պարտավորվում ես ներկրել: Իսկ եթե գինը փոխվում է, մենք արդեն պիտի սպասենք հաջորդ պայմանագրին: Համաշխարհային շուկայում՝ բորսաներում, ամեն օր նավթի գինը հաստատվում է, փոխվում, բարձրանում, իջնում կամ մնում է նույնը, բայց ներկրողներ ունեն պայմանագրեր, ներկրողներն ունեն պայմանագրեր և այդ պայմանագրերով ներկրումն իրականացնում են, իսկ այդ պայմանագրերի պարտավորությունների չկատարումը ինքը էական տույժեր է ենթադրում: Պայմանագրերի գործողության ժամկետը, որպես կանոն, մինչև մեկ տարով է լինում, ժամկետի լրանալուց հետո, եթե մենք ունենք արդեն նավթի համաշխարհային շուկայում գնանկում, բնականաբար, նույն պայմանագրերը կկնքվեն ավելի էժան, և մենք հնարավորություն կունենանք նաև շուկայական մրցակցության արդյունքում գների նվազման:
Ինչ վերաբերում է գազի գնին, գազը լրիվ այլ է՝ այն բնական մենաշնորհ է համարվում, և այստեղ բանակցություններում բազմաթիվ գործոններ կան գնի վրա ազդող: Բացի այն, որ գինն արտահայտված է կայուն արտարժույթով, նաև կարևոր է ազգային արժույթի հետ փոխհարաբերակցությունը, իսկ հիմա մենք ունենք ազգային արժույթի արժեզրկում, և սա, օրինակ, կարող է բացասաբար անդրադառնալ գազի գնի վրա, որովհետև մենք գազը ներկրում և գազի համար վճարում ենք կայուն արտարժույթով՝ ԱՄՆ դոլարով:
-ԵԱՏՄ երկրներին վաճառվող գազի գնի համեմատության տեսանկյունից Հայաստանին վաճառվող գազի գինը որքանո՞վ է շահեկան:
-Ամեն դեպքում, Ռուսասատանը Հայաստանի Հանրապետությանը վաճառում է գնի նվազագույն տիրույթում, եթե ոչ ամենանվազագույն գնով. Բելառուսին և Հայաստանին առաջարկվող գինը, որպես ռազմավարական գործընկերներ, էապես ավելի բարենպաստ գին է:
-Գազի սահմանվող գինն ավելի շատ տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական որոշման հետևանք է:
-Երկուսն էլ՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական: Քաղաքական, որովհետև գազը բնական մենաշնորհ է և ներմուծման գինը՝ թե ինչ գնով կվաճառի արտահանողը և մենք սահմանին ինչ գին կունենանք, սա բանակցությունների արդյունքում է պարզ դառնում: Պատկան մարմինները, պաշտոնյաները բանակցում են գազի գնի շուրջ և տևական ժամանակ է, արդեն բանակցում են, որպեսզի պայմանագիր կնքեն երկարաժամկետ: Տնտեսական է, որովհետև գազի գինը օդից չի ձևավորվում: Ի վերջո, գազի շուկան ևս առաջարկի և պահանջարկի փոխազդեցությամբ է, և գումարած դրան նաև մի շարք տնտեսական գործոններ կան, որ ազդում են գազի գնի ձևավորման վրա: Գազը էներգետիկ ռեսուրս է և դրա գնագոյացումը շուկայում ենթարկվում է տնտեսական կանոններին, բայց քանի որ ինքը բնական մենաշնորհ է և կարևորագույն տնտեսական գործոն, նաև սոցիալական, այստեղ նաև քիչ չէ քաղաքական կոմպոնենտի դերը:
-ԵԱՏՄ երկրները բանակցում են 2025 թվականից էներգետիկ ռեսուրսների միասնական շուկայի ստեղծման շուրջ: Միասնական էներգետիկ շուկայի ստեղծումը բարերա՞ր ազդեցություն կունենա Հայաստանի վրա:
–Այդպիսի համաձայնագիր կա, բանակցությունները դեռ գնում են, ու դա ձեռնտու է նաև Հայաստանի Հանրապետության համար և, մեծ հաշվով, այն ԵԱՏՄ անդամ երկրների համար, որոնք չունեն նավթային ռեսուրսներ: Բայց դա քննարկումների փուլում է, և այդտեղ մի կարևոր դրույթ ևս կա, որ վճարումը կատարվի, այսինքն՝ պայմանագրի գինը արտացոլվի ռուսական ռուբլով, ոչ թե կոշտ արժույթով կամ ԱՄՆ դոլարով: Սա ևս շատ կարևոր է, բայց սա ևս բանակցելու գործընթաց է, որովհետև ակնհայտ է, որ վաճառողին ձեռնտու է ավելի կայուն արտարժույթով վաճառել: Գնորդին ձեռնտու է, որ հնարավորինս ավելի թույլ արժույթով գնի և ավելի երկար ժամկետում ունենա արտոնյալ գին, իսկ վաճառողին էլ, որ ավելի ճկուն վիճակ ունենա, որ հնարավոր գների բարձրացման դեպքում համաշխարհային շուկայում կարողանա նաև իր ռեսուրսը որոշակիորեն ավելի թանկ գնով վաճառի: Այդպիսի գաղափարներ, փաթեթներ և փաստաթղթեր կան, որոնց շուրջ բանակցում են, բայց այստեղ ևս մեծ է նաև քաղաքական կոմպոնենտի դերը, որովհետև այդ երևույթները ունեն նաև քաղաքական ազդեցություններ, և թե ինչ կունենանք, ցույց կտա արդեն բանակցությունների արդյունքը:
-Անդրադառնանք իրանական գազին: Որքանո՞վ է կարևոր Իրանի հետ համագործակցությունը իրանական գազի ներկրումն ավելի մեծ քանակով իրականացնելու համար՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից:
-Իրանը մատակարարում է գազ և մենք ունենք Իրանի հետ ենթակառուցվածք, որով գազ ենք ստանում: Բայց գիտենք նաև, որ այդ խողովակի տրամաչափը և հնարավորությունը, թողունակությունը չի կարող բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը: Բայց, որպես էներգետիկ ռեսուրս չունեցող երկիր, որքան մեր ձեռքբերումները լինեն տարբերակված, այսինքն՝ մենք ունենանք այլընտրանքային հնարավորություններ, այնքան մեր վիճակը լավ կլինի և բանակցությունների սեղանի շուրջ: Իրանի հետ այդ գազամուղը որոշակիորեն լուծում է այլընտրանքի խնդիր և որոշակիորեն լուծում է նաև էներգետիկ անվտանգության լայն իմաստով խնդիրը:
Զրուցեց Հայկա Ալոյանը