Օգնություն կարիքավոր ընտանիքներին
03 Ապրիլ 2020 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը ապրիլի 2-ին 24 ընտանիքների սննդամթերք է բաշխել։Ծրագիրն իրագործվել է շնորհիվ երկու նվիրատուների, որոնք իրենց վրա էին վերցրել անհրաժեշտ սննդամթերքի փաթեթները պատրաստելու ծախսերը։

Մարդկային կուտակումներից խուսափելու համար Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակն ինքն է կազմակերպել սննդամթերքը կարիքավոր ընտանիքների բնակարանները հասցնելու գործընթացը։
«Հայաստանում հաստատված բազմաթիվ հայրենադարձ ընտանիքներից զանգեր ստացանք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված պայմաններում նեղ կացության մեջ են։ Նրանց մի մասը նոր է հաստատվել Հայաստանում եւ աշխատանքի խնդիր ունի, մի մասն էլ, տեղի օրենքներին եւ պետության տրամադրած օժանդակության ծրագրերից օգտվելու միջոցներին անծանոթ, դիմեցին մեր գրասենյակ։ Շնորհիվ մեր զույգ նվիրատուների` հնարավոր եղավ անմիջականորեն արձագանգել թե՛ հայրենադարձ, թե՛ կարիքավոր այլ ընտանիքների»,- հայտնեց Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի գործավար Արազ Գայմագամյանը։
«Այս աշխատանքը մեր գրասենյակի առաքելության մաս չի կազմում, բայց մի քանի նվիրատուներ եւս մեզ հայտնել են իրենց պատրաստակամությունը` օժանդակելու կարիքավոր ընտանիքներին։ Եթե նվիրատվություններն իրականացվեն, ապա, մեր ուղեկից միությունների հետ գործակցաբար, կփորձենք նեցուկ կանգնել կարիքավոր ընտանիքների` տեսախցիկներից նույնքան հեռու, որքան այս անգամ»,- հավելեց հանձնախմբի ատենապետը։