Գազի սակագնի բարձրացման դեպքում սոցիալական և տնտեսական էական բացասական հետևանքներ են լինելու
03 Ապրիլ 2020 Պետք է վերլուծություն իրականացվի, թե որքանով է «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից գազի սակագնի բարձրացման՝ ՀԿԾՀ-ին ուղղված հայտը հիմնավոր. ի վերջո, գործ ունենք բնական մենաշնորհի հետ, և գնագոյացումը բոլորովին այլ կերպ է կատարվում, քան մրցակցային շուկայում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանն ու դրա վերաբերյալ ընթացող բանակցություններին:
Տնտեսագետի խոսքով՝ սպասելի էր, որ գազի սակագնի բարձրացման ռիսկ կա, որովհետև դեռևս 2017 թ., երբ սակագնի բարձրացման հայտ ներկայացվեց, զիջումներ էին կատարվել սոցիալական որոշակի խմբերի համար, և փոխհամաձայնեցվածություն կար: «Ակնհայտ էր, որ հետո դրան որոշակի անդրադարձ պետք է լիներ. արտոնությունները, որպես կանոն, լինում են ժամանակավոր: Այդ անդրադարձն այս պահին առկա է»,-նշեց նա:
Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այսօրվա ղեկավարությունը իշխանափոխությունից առաջ հայտարարում էր, որ սպառողի համար գազի սակագնի իջեցման հնարավորութուն կա՝ որոշ խնդիրներ լուծելու դեպքում:
«Նշում էին էֆեկտիվության բարձրացման, ծախսերն ու կորուստները կրճատելու և մի շարք այլ ռիսկեր վերացնելու ճանապարհով վերջնական սպառողի համար գազի սակագինն իջեցնելու հնարավորությունը: Այժմ ակնհայտ է, որ այս ընթացքում նշված շղթայում որևէ լուրջ բան չի փոխվել, և դա ընդամենը ոչ հիմնավոր ենթադրություն էր, կամ կային հիմքեր, բայց գործողություններ չարվեցին ու չեն արվում, իսկ, թե ինչու չեն արվում, արդեն այլ հարց է»,-ասաց տնտեսագետը:
Վեջինիս համոզմամբ՝ գազի սակագնի բարձրացման դեպքում սոցիալական և տնտեսական էական բացասական հետևանքներ են լինելու: «Ըստ հայտի՝ բավականաչափ բարձրացում է ենթադրվում, ինչից շատ առարկայական հետևանքներ են բխելու: Պետք է հաշվի առնել, որ գազի գինը ձևավորվում է ԱՄՆ դոլարով. դրա բարձրացումն ու մեր ազգային արժույթի՝ արդեն սկսված արժեզրկումը ևս մեծ հետևանք է ունենալու»,-ասաց նա:
Վերջինս ընդգծեց նաև, որ ՌԴ-ն ՀՀ-ին բավականին էժան գնով է գազը վաճառում. «Հայաստանը գազը թանկ է գնում միայն Բելառուսից, բաց եթե հաշվի առնենք, որ գազը ՀՀ է հասնում Վրաստանով, ոչ թե ուղիղ ՌԴ-ից, ապա էականորեն էժան է»,-նշեց նա:
Անդրադառնալով բանակցությունների ընթացքին՝ Ավետիսյանը նշեց, որ գազի վերջնական հաստատվող սակագինը գնահատման ինդիկատորն է, ինչն օրերի հարց է: «Քաղաքական և այլ տարբեր որակումներ կան բանակցությունների վերաբերյալ, բայց միայն դրանց ավարտից հետո պարզ կլինի՝ որքանով էին արդյունավետ, և որքանով են հայ-ռուսական հարաբերությունները նպաստելու միջազգային շուկայից ավելի արտոնյալ սակագին ունենալու համար՝ որպես ռազմավարական գործընկեր»,-ամփոփեց Թադևոս Ավետիսյանը:
Նշենք, որ 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ-ի դիմաց դառնալով 165 դոլար։ Հենց այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ բնակիչների համար գազի սակագինը մնալու է անփոփոխ: