Դեպքերի զարգացումը շուկայի հարահոսին թողնելը սոցիալական պետությանը հարիր գործելակերպ չէ
08 Ապրիլ 2020 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը կարծում է, որ զուտ ներմուծումը խրախուսելով, պետությունը չի կարող պայքարել առաջին անհրաժեշտության ապրանքների, պարենի սպասվող թանկացումների դեմ: Պետք է կիրառել ավելի կոշտ մեթոդներ: «Միայն ներմուծողների վարկավորումը բավարար չէ գների աճը զսպելու համար: Ներմուծման կրճատումը միայն մեր երկրի խնդիրը չէ, այլ երկրներ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով սահմանափակել են արտահանման համար թույլատրելի քանակները: Կան հավելյալ ծախսեր, կան տրանսպորտային բարդություններ, ճանապարհների հետ կապված ձգձգումներ, որոնք բերելու են առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման»,- ասում է նա:
Թադեւոս Ավետիսյանն առաջարկում է սոցիալական պետության կողմից կիրառման երկու գործիք՝ սուբսիդավորել ներմուծողին նվազագույն քանակների համար, ինչպես նաեւ ժամանակավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների իրացման քանակական սահմանափակումներ մտցնել: «Պահանջարկի ու առաջարկի խախտված հարաբերակցությունը բերում է նրան, որ մարդիկ, սպասելով թանկացումների, հոգեբանական գործոնի ազդեցության տակ ավելի շատ գնումներ են անում,- ասում է տնտեսագետը,- գների բարձրացումը որոշակի մակարդակից հետո կարող է, իհարկե, բերել սպառման քանակի կրճատման, բայց դա կունենա սոցիալական վատ հետեւանքներ: Կտուժեն հատկապես սոցիալապես անապահովները: Մեր իշխանությունները հույս ունեն, որ շուկան կինքնակարգավորվի: Սա մոտեցում չէ, պետությունը պետք է կարգավորիչ դեր ունենա, պետք է պաշտպանի սոցիալապես անապահով խավը: Ճիշտ կլիներ որոշակի ապրանքատեսակների վրա սահմանափակումներ դնել, ինչը, թերեւս, այլընտրանք կարող էր դառնալ սկսվող թանկացումների համար: Ոչ թե հաթաթա տալ, վերջում էլ մեղքը ներկրողի վրա դնել»: Հաթաթա տալը եւ դեպքերի զարգացումը շուկայի հարահոսին թողնելը, ըստ Թադեւոս Ավետիսյանի, սոցիալական պետությանը հարիր գործելակերպ չէ:
Սյուզան Սիմոնյան
hraparak.am