Աջակցության գործիքները բավականաչափ հասկանալի չեն
17 Ապրիլ 2020 Կառավարությունը սեփական քննարկումների արդյունքում է որոշակի ծրագրեր բերում, և համատեղ քննարկումների բացը խնդիրներ է առաջացնում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:Տնտեսագետը գտնում է այս տեսանկյունից երեք շահառու կա պետությունը, գործատուն, աշխատողը և այս հարաբերակցության մեջ պետք է լինեն և' փոխըմբռնելի, և' համաձայնեցված լուծումներ. «Որքան էլ ժամանակը սուղ լինի, միևնույն է, պետք է լսելի լինեն նաև մյուս կողմերի գործատուների, աշխատողների շահերը ներկայացնող կազմակերպությունների և անձանց խոսքը: Պետք է համատեղ քննարկում լինի: Նման հարթակներ վաղուց ձևավորվել են, օրինակ եռակողմ հանրապետական հանձնաժողովը, որը հենց նմանատիպ իրավիճակներում համատեղ լուծումներ գտնելու հարթա էկ, սակայն դա չի կիրառվում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:

Այժմ պետք է նախագծվեն այնպիսի հստակ լուծումներ, որոնք միտված կլինեն զարգացման: Միևնույն ժամանակ պետք է տարանջատում լինի, քանի որ տնտեսագետի խոսքով ռեսուրսներն անսահմանափակ չեն և առաջնային պետք է ուղղվեն այս պահին համաճարակի տարածման կանխարգելմանը և այնպիսի վիճակի ստեղծմանը, որը բոլորի համար տանելի լինի, որպեսզի չունենանք զանգվածային սնանկացումներ, լուծարումներ, գործազրկության մեծ ծավալ: Պետությունն այստեղ պետբյուջեի համապատասխան ծախսերով իր անմիջական մասնակցությունը պետք է ունենա, սակայն ինչ վերաբերում է տարբերակմանը, այդ թվում օրինական կամ անօրինական աշխատող, հարկային պարտականությունները պատշաճ կատարած կամ չկատարած, Թադևոս Ավետիսյանի կարծիքով այս պահին դրանք արհեստական տարանջատումներ են. «Որքան էլ հիմնավորեն, որ ֆորմալ դաշտում աշխատող, օրինական տնտեսվարողներին և աշխատողներին են աջակցությունն ուղղում, կարծում եմ հավաքական իմաստով ճիշտ մոտեցում չէ: Կարելի է որոշակի առաջնահերթության հիմքով տարանջատել, օրինակ աջակցության չափը կապել որոշակի հարկային պարտավորությունները կատարելու պատշաճության հետ, օրինական աշխատանքի հետ և այլն, բայց սա ընդամենն առաջահերթության խնդիր է, այլ ոչ թե քեզ աջակցում ենք, իսկ քեզ չենք աջակցում»,-ընդգծեց տնտեսագետը հավելելով, որ նման կոշտ, անկանոն և արհեստական տարանջատումներով խնդիրներ ենք ստեղծում ապագայի համար, որի ժամանակ, ի դեպ, խնդիրները դեռ շարունակվելու են:
Թադևոս Ավետիսյանի կարծիքով աջակցության գործիքները բավականաչափ հասկանալի չեն ո’չ սոցիալական խմբերին, ո’չ էլ փոքր ու միջին բիզնեսի շահառուներին. «Հայտարարությունները, սպասումները, որոնք առաջացնում են պատկան մարմինները, երբ մարդը դրանից հետո դիմում և մերժվում է, սա մարդու մոտ առկա բացասական տրամադրությունն էլ ավելի է խորացնում: Այստեղ ևս պետք է զգույշ լինենք, որովհետև հոգեբանական գործոնը հատկապես ճգնաժամային իրավիճակում շատ ավելի կարևոր է և այն կարող է հանգեցնել կրճատման, լուծարման, գործունեությունը դադարեցնելու որոշումների, ինչն էական ազդեցություն կարող է ունենալ»,-ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով թեթև արդյունաբերության աշխատանքի վերսկսմանը Թադևոս Ավետիսյանը նկատեց դա մտահոգիչ է, քանի որ սա աշխատատար ճյուղ է և փակ տարածության մեջ աշխատում են բազմաթիվ մարդիկ և դժվար է ասել արդյոք պաշտպանիչ անհատական միջոցների կիրառությունը որքանով արդյունավետ կլինի. «Մյուս մտահոգությունս այն է, որ արդյոք ունենք պետական բավարար հսկողություն և վերահսկողություն, որպեսզի առկա նորմատիվները, սանիտարահիգիենիկ կանոններն այդ ձեռնարկություններում պահպանվեն: Ելույթներից հասկանում եմ, որ պետությունը մի մեծ պատասխանատվություն է դնում գործատուների վրա: Ինձ համար որպես ՀՀ քաղաքացի մեծ հաշվով կարևոր չէ ում մեղքով կարող են նոր օջախներ բռնկվել, եթե կա նման ռիսկ, բայց չէի ցանկանա, որ այսպիսի մինչև վերջ չհասկացված, մինչև վերջ ինստիտուցիոնալ և գործառնական լուծումներ չունեցող որոշումներ լինեին»,-ասաց տնտեսագետը:
Հարցին արդյոք վնասները մեծ կլինեն, եթե այս ոլորտը շարունակի չաշխատել ևս մի որոշ ժամանակ, Թադևոս Ավետիսյանը նկատեց ընդհանուր առմամբ ցանկացած ոլորտ մեծ վնաս է կրում և դրանք բոլորն էլ մեր ՀՆԱ-ի մեջ իրենց պատկառելի մասնաբաժինն ունեն. «Սակայն այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե առողջության վնասը պետք է հակադրենք տնտեսական վնասին, այլ պետք է տարանջատենք, որպեսզի թույլ չտանք այդպիսի հակադրում: Այս փուլում բոլորիս համատեղ ջանքերն ու գործողությունները, ռեսուրսները պետք է ուղղված լինեն համաճարակի կանխարգելմանը, դրանից հետո միայն հնարավոր է նույն համերաշխությամբ մեր ռեսուրսներն արդեն կոնսոլիդացնենք տնտեսական զարգացման լուծումների ապահովման, բնականոն կյանքին վերադառնալուն»,-ասաց տնտեսագետը:
Վերջինս հավելեց` ՀՅԴ Գերագույն մարմինը և տնտեսական հանձնախումբը մոտ մեկ ամիս առաջ հենց նմանատիպ հավաքական և ընդհանրական լուծումներ է առաջարկել կառավարությանը, սակայն այդ ուղղությամբ մանրամասն քննարկումներ չեն ընթացել և այդ լուծումներն ամբողջությամբ կյանքի չեն կոչվել:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան