Կարաիբեան ծովը՝ Իրան-ԱՄՆ դիմակայութեան նոր փուլի թատերաբեմը
20 Մայիս 2020 Աշխարհի հետ Իրանի առեւտրատնտեսական յարաբերութիւնները հնարաւորինս սահմանափակելու ԱՄՆ քաղաքականութեան էպիկենտրոնն այս օրերին Իրանի եւ Վենեսուէլայի միջեւ էներգետիկ առեւտուրն է, ինչն էլ Կարիբեան ծովը կարող է վերածել Թեհրանի եւ Վաշինգտոնի դիմակայութեան հերթական փուլի թատերաբեմի:Փաստօրէն Իրանի եւ Վենեսուէլայի միջեւ առեւտրային կապն Իսլամական Հանրապետութեան վրայ ԱՄՆ-ի՝ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան հերթական թիրախն է:
Լարւածութեան նոր փուլի մեկնարկը տրւեց ընթացիկ ամսւայ սկզբին, երբ Արեւմտեան ԶԼՄ-ները յայտարարեցին, որ իրանցի մասնագէտների կողմից Վենեսուէլայի նաւթամշակման կենտրոնների վերազինման դիմաց Կարակասը Թեհրանին ոսկու ձուլակտորներով է վճարել, եւ որ այժմ էլ նման կերպ է վճարում Իրանի կողմից առաքւող վառելանիւթի դիմաց:

Այս համատեքստում ԱՄՆ-ը յայտարարեց, որ իր ռազմանաւերին գործուղում է Կարաիբեան ծով, որպէսզի թոյլ չտայ Իրանին եւ Վենեսուէլային շրջանցելու սահմանւած պատժամիջոցները: Միեւնոյն ժամանակ Իրանն էլ ԱԳ նախարարի եւ քաղաքական հարցերով նրա տեղակալի մակարդակով շտապեց յայտարարել, որ դէպի Վենեսուէլա ուղություն վերցրած իրանական լցանաւերի դէմ ցանկացած սպառնալիք հանդիպելու է համաչափ, համարժէք եւ վճռական պատասխանի, եւ դրա հնարաւոր հետեւանքների պատասխանատւութիւնը կրելու է Վաշինգտոնը:
Իրանը եւ Վենեսուէլան տեւական ժամանակ է, ինչ յայտնւել են ԱՄՆ տոտալ պատժամիջոցների նշանակետում: Գաղտնիք չէ, որ երկու երկրներն էլ փորձում են ընդլայնելով երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնները, ինչ-որ կերպ թօթափել ամերիկեան պատժամիջոցների մամլիչ ճնշումը: Իրանը Վենեսուէլային ապահովում է նաւթամշակման կենտրոնների համար անհրաժեշտ սարքաւորումներով եւ վառելանիւթով, որոնց դիմաց Վենեսուէլան Իրանին վճարում է ոսկու ձուլակտորների տեսքով:
Իրանական փորձագիտական շրջանակներն ընդգծելով պատժամիջոցների ճնշման ներքոյ յայտնւած երկու երկրների յարաբերութիւնների կարեւորութիւնը նշում են, որ Թեհրանի եւ Կարակասի միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների ամրապնդումը կարող է «հակաթոյնի» էֆեկտ ունենալ ամերիկեան պատժամիջոցների պայմաններում, յատկապէս, երբ դրանք տեղի են ունենում փոխանակման տեսքով՝ շրջանցելով միջազգային պրակտիկայում ընդունւած արտարժոյթով /հիմանակում՝ դոլար/ վճարումները:
Իհարկէ նրանք շտապում են զգուշացնել նաեւ, որ վճարումների նման համակարգն ունի իր սահմանափակումը, որը հիմնականում պայմանաւորւած է Վենեսուէլայի ոսկու պաշրաների սահմանափակութեամբ: Որպէս այլընտրանք նրանք առաջարկում են հետեւել չինական օրինակին, եւ վճարումների համար օգտագործել ազգային արտարժոյթները:
Յիշեցնենք, որ Չինաստանը աշխարհի ամենաակտիւ երկրներից մէկն է, որը գործարքները կարգաւորելու համար օգտագործում է դրամական համաձայնագրերը՝ առանց դոլարի ցիկլի անհրաժեշտութեան:
Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով միջազգային էներգետիկ շուկաներում կտրուկ նւազել է նաւթի եւ նաւթամթերքների պահանջարկը, գների աննախադէպ անկումը եւ առաջարկի ու պահանջարկի միջեւ հաւասարակշռութեան խախտումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաւթ արտահանող երկրների համար, որոնք ոչ միայն տնտեսական լուրջ կորուստներ են կրել, այլ, նաեւ, կանգնել են նաւթի եւ նաւթամթերքների պահեստաւորման խնդրի առջեւ:
Բացառութիւն չէ նաեւ Իրանը, որի նաւթի եւ նաւթամթերքի արտահանման ծաւալներն առանց այն էլ նւազագոյնի էին իջել ԱՄՆ պատժամիջոցների արդիւնքում:
Նման պայմաններում նաւթամթերքի արտահանումը Վենեսուէլա ոչ միայն կարող է մասնակիօրէն լուծել դրա պահեստավորման խնդիրը, այլեւ կարող է որոշակի եկամուտի աղբիւր դառնալ Իրանի համար, որի կաթւածահար տնտեսութիւնն այս օրերին յայտնւել է չափազանց բարդ պայմաններում, ինչը կարող է սոցիալ-քաղաքական լրջագոյն հետեւանքներ ունենալ երկրի եւ համակարգի համար:
Չմոռանանք, որ Իրանը եւ Վենեսուէլան երկուսն էլ մեծապէս տուժում են ԱՄՆ-ի տոտալ պատժամիջոցներից:
Վենեսուէլայի նաւթարդիւնաբերութեան եւ մատակարարման համակարգերը բազմաթիւ թերութիւններ ունեն, որոնք կարող են կարգաւորել իրանցի բարձր որակաւորում ունեցող մասնագէտները: Միւս կողմից ԱՄՆ-ը ձգտում է զրոյականի հասցնել արտաքին աշխարհի հետ Իրանի առեւտրատնտեսական յարաբերութիւնները /ինչը, պէտք է խոստովանենք, որ մեծ հաշւով ստացւել է/, իսկ Թեհրանը փորձում է ելքեր գտնել ստեղծւած փակուղային իրավիճակից: Այնպէս, որ երկկողմ յարաբերութիւնների ամրապնդումը եւ անխափան ընթացքը կենսական նշանակութիւն ունի թէ՛Իրանի, թէ՛ Վենեսուէլայի համար:
Ներկայ դրութեամբ այս յարաբերութիւնները կարող են ժամանակաւոր փրկօղակի դեր կատարել երկու երկրների չափազանց տկարացած եւ ճգնաժամային տնտեսութիւնների համար, դառնալով ցաւազրկող միջոց, որը կարող է թմրեցնել Թեհրանի եւ Կարակասի տնտեսութիւնների բորբոքւած ներւերը, նրանց որոշակի մանեւրի հնարաւորութիւն ընձեռելով:
Հէնց այս հանգամանքն էլ խոստանում է Կարիբեան ծովը վերածել թէժ կէտի, որտեղ կարող են բախւել երեք երկրների՝ մի կողմից՝ Իրանի եւ Վենեսոէլայի, իսկ միւս կողմից՝ ԱՄՆ-ի շահերը, եթէ, իհարկէ, Վաշինգտոնը վճռակամ լինի իր սպառնալիքները խօսքից գործի վերածելու գործում:
Արամ Շահնազարեան
Alikonline-ի պատասխանատու-խմբագիր