Ելքը քաղաքական ուժերի միավորման մեջ է
22 Մայիս 2020 Ամբողջ հանրապետությունը հարցնում է, թե ի՞նչ է անում կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որովհետև փետրվարի վերջերից սկսած կառավարոթյան գործողությունները կատարելապես անտրամաբանական են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է անում կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար և վարակակիրների թվի աճին զուգահեռ ինչո՞ւ են սահմանափակումները նվազեցվում:Խաչատրյանը նշեց՝ երբ առաջին վարակակիրը բացահայտվեց ու մարդկանց մեկուսացրին 5 աստղանի հյուրանոցում, ասում էին՝ ամբողջ աշխարհն է զարմացած, մեր օրինակն են բերում: «Դա մարտի 1-ին էր և այդ օրն էլ վարչապետը ծաղկեպսակ դնելուց հետո գնաց Ծաղկաձոր․ ցույց էր տալիս, որ անվտանգ է: Ուղերձը հասարակությանն այն էր, որ անվտանգ է, ոչ մի վտանգավոր բան չկա կորոնավիրուսի մեջ: Հետո եղան հայտարարություններ, թե դա ընդամենը մի սովորական գիրպ է, թեյ խմեք, դիմակների ծակոտկենությունն ավելի մեծ է, քան վիրուսի չափը: Այն կնոջն էլ, որ Իտալիայից եկավ ու գնաց նշանդրեք, վարակեց մարդկանց, չի կարելի մեղադրել, որովհետև նրան ասել էին, որ դա ընդամենը գրիպ է, և ո՞վ գրիպի դեպքում չի գնում իր տղայի նշանդրեքին: Ուղերձը, որ գնացել էր, սխալ էր, ջինը շշից դուրս էր եկել և մարդկանց մտքի մեջ մեխել էր, որ դա մի փոքր բան է»,- հայտարարեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի վերջին ուղիղ եթերն էլ նույն ուղերձն էր պարունակում․ եթե դուք ինչ-որ բան այն չանեք, մայիսի վերջին կլինի 10 հազար հիվանդ, հունիսի 12-ին 20 հազար և այլն. «Հիմա փոխանակ կառավարությունն իրավիճակի բարդացմանը զուգընթաց սանձերը ձգի, մի բան էլ սահմանափակումները վերացնում է, պատասխանատվությունը դնում է քաղաքացիների վրա: Այն ժամանակ, երբ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ սա համավարակ է, Հայաստանում դեռ հանրահավաքներ էր անցկացվում, մարդիկ դա հիշում են: Արտակարգ դրություն սահմանեցին, տեղաշարժը սահմանափակեցին, բայց ո՞վ դրան հետևեց, ոչ ոք»,-շեշտեց նա:
Խաչատրյանի խոսքով՝ ասում են՝ մեզ մոտ պետք է լինի արտակարգ դրություն, տեղաշարժը սահմանափակվի, բայց ոչ ոք դրան չի հետևում: «Ասում են՝ ժողովուրդ, դու ինքդ գնա, արա, չի կարելի այդպես անել: Ճապոնիայի վարչապետն ասաց՝ ժողովուրդ, խնդրում եմ, սահմանափակեք ձեր շփումները, գործատուներ, խնդրում եմ, կրճատեք աշխատանքային ժամերը: Ճապոնական հասարակությունը, գործատուները լսեցին իրենց ղեկավարությանը, մեզ մոտ դա չարվեց, մշակութային տարբերություն կա, իհարկե: Այս մշակութային տարբերության պայմանների մեջ հույսը դնել քաղաքացու բարձր սոցիալական պատասխանատվության վրա, ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա:
Անդրադառնալով քաղաքական զարգացումներին, և հարցին՝ արդյո՞ք իշխանության ներսում պառակտումը հավանական է և կլինե՞ն մարդիկ, որոնք կգործեն Փաշինյանի քաղաքական վեկտորից դուրս, Խաչատրյանն արձագանքեց. «Չեմ կարող ասել, բայց այն, որ իշխանության ներսում տեսնում ենք հրաժարականներ, փոխնախարարների, ԲՈԿ նախագահի, նախարարի, այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ իշխանության ներսում կան լուրջ խնդիրներ, թե մինչև որ աստիճան ջուրը կտաքանա, չեմ կարող ասել, բայց որ կսկսեն տարբեր մարդիկ դուրս գալ այդ ընդհանուր տանիքի տակից, փաստ է, որովհետև նախ բոլորը չեն ցանկանա ձախողման պատասխանատվությունը կրել և երկրորդ՝ ինչքան կառավարությունն ավելի կոնկրետացնի քաղաքականությունը, այդքան այդ քաղաքականությունից դժգոհողների քանակը մեծ կլինի»:
Նա նշեց, որ սպասելի էր իշխանափոխությունից այսքան կարճ ժամանակ անց դժգոհությունների այս մեծ ալիքը, որովհետև մարդիկ ունեին ակնկալիքեր և ակնկալքիների մեծ մասը շատ սուբյեկտիվ էին, իրական չէին: Մյուս մասն էլ, ըստ նրա, գալիս է նրանից, որ վարչապետն ասաց՝ ահա ձեզ կախարդական փայտիկ, մարդիկ էլ ասացին՝ եթե դու ունես կախարդական փայտիկ և ես էլ ճանապարհ եմ փակել, որ դու վարչապետ դառնաս, արի ու լուծիր խնդիրս:
«Կարծում եք խորհրդարանական կոլափսը Հայաստանում երբ եղա՞վ՝ այդ ծեծկռտուքի ժամանա՞կ․․․ոչ: Դա եղավ այն ժամանակ, երբ խորհրդարանն իրեն վարկաբեկեց, երբ 37 պատգամավոր ստորագրեցին օրենքի նախագիծ, մեկ ամբողջ օր այդ օրենքի նախագիծը պաշտապանեցին, վերջը դրեցին քվեարկության, և այն 0 ձայն հավաքեց: Այն պատգամավորը, որը զեկուցում էր իր օրենքը, իր օրենքին դեմ քվեարկեց: Մեր խորհրդարանի դեգրադացիայի գագաթնակետն այդ օրն էր, հիմա մարդը նայում ու ասում է՝ ես էլ կարող եմ մի թուղթ ստորագրել, հետո իմ ստորագրությանը դեմ քվեարկել, ինչո՞վ է նա ինձնից լավը և, իհարկե, ակնկալիքներ կառաջանան, որովհետև ինքն է քայլել, ես էլ եմ քայլել»,- շեշտեց նա:
Այս ամենի ելքն Արթուր Խաչատրյանը տեսնում է քաղաքական ուժերի միավորման մեջ: «Քաղաքական ուժերը պետք է շարունակեն իրենց կոնսուլտացիաները, հանդես գան որոշակի պլատֆորմում: Մենք հստակ ասել ենք, թե որոնք են մեր մոտեցումները, պատրաստ ենք գնալ այն քաղաքական ուժերի հետ, որոնք կընդունեն այդ մոտեցումները: Իհարկե, կան ուժեր, որոնց հետ մենք սկզբունքորեն չենք համագործակցի, կներկայցնենք մեր այլընտրանքային մոտեցումը և հույս ունեմ, որ ժողովուրդը կգիտակցի, որ այս ճանապարհը, որ կառավարությունը ընտրել է, մեզ տանում է դեպի անդունդ»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/CEN6UZCC7fc