Եթէ չլինէր Դաշնակցութիւնը, չէր լինի Հայաստանը, ոչ էլ Արցախը
18 Հունիս 2020 Այս տարւայ Մայիս 28 ին, ինքնամեկուսացման պայմանների մէջ գտնւելով, չկարողացանք պատշաճ ձևով տօնել ու յիշել Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերը որոնց շնորհիւ ունենք այսօր մի փոքրիկ Հայաստան:Վեց դարերի ստրկութիւնից, 1915-ի Ցեղասպանութիւնից յետոյ, երբ տասնեակ հազարաւոր անտուն, անտեղ, հիւանդ ու անապաստաններ կային, ՀՅ Դաշնակցութիւնը իր շուրջ համախմբելով մտաւորականների, գործիչների ու իրական յեղափոխականների, յանձն առած տեր լինելու իր ժողովրդի ճակատագրին, լծւեց կենաց մահու պատերազմի ու յաղթահարելով անսահման ու բազմատեսակ դժւարութիւններ, 1918-ին կերտեց Հայաստանի առաջին հանրապետութիւնը: Այդ օրւանից մինչև օրս ՀՅ Դաշնակցութիւնը իր ողջ շարքերով, իր կուսակցական կառոյցով լծւել է Հայաստանին ու հայութեանը օգտակար լինելու աշխատանքին։

Երկու տարի Հայաստանի առաջին հանրապետութիւնը ղեկաւարեց սովի ու հիւանդութիւնների դժւարին պայմանների մէջ:
1920ից յետոյ սկսեց կազմակերպել սփիւռքը` հիմնելով դպրոցներ, մշակութային կառոյցներ ու հայապահպանման միջոցով նախ հայը պահեց հայ:
1960ական թւականներին, ՀՅ Դաշնակցութիւնը եղաւ սփիւռքեան այն քաղաքական ուժը, որը տարբեր ամբիոններից հնչեցրեց Հայոց ցեղասպանութեան հարցը, նրան հատկացնելով իր կարևոր քաղաքական տեղը: Ժնևից Պրուքսէլ, այնտեղից Փարիզ, Յունաստան և այլ եվրոպական երկրներ, հասնելով Ամերիկա, Քանադա ու Հարաւային ամերիկաներ, ջանք թափեց ճանաչել տալու համար հայոց դէմ կատարւած Ցեղասպանութիւնը: Այս տարիներին և մինչև օրս ՀՅ Դաշնակցութիւնը դարձաւ Հայաստանի ու աշխարհով մէկ ցրւած հայութեան դիւանագիտութեան անպաշտօն թևը: Երբ հռչակւեց Հայաստանի երկրորդ հանրապետութիւնը, բնականաբար մեծ խանդաւառութեամբ հաստատւեց Հայաստանում իր կարողականութիւնը և իր տարիների փորձառութիւնը տրամադրելով հայրենիքին ու հայութեան:
Սակայն շուտով, Լևոն Տէր Պետրոսեանի տխրահռչակ հրամանով, կասեցվեց ՀՅ Դաշնակցութեան գործունեութիւնը Հայաստանում:
Սակայն աչքը յառած հայրենիքին, մէկ վայրկեան անգամ, Դաշնակցութիւնը չվարանեց իր կազմ ու պատրաստ շարքերը ուղղել դէպի Արցախ, ազատագրելու այն բոլոր տարածքները, որոնք ևս հայրենիք են մեզ համար: Հերոսաբար ու խիզախ կերպով ազատագրւեց Շուշին, դաշնակցական ջոկատների կողմից, վերջ տալով Ստեփանակերտի վրայ տեղատարափ կրակոցներին:
Այսօր Հայաստանի մէջ ունենք հազարաւոր գաղափարակից ընկերներ: Սփիւքի մէջ ունենք վերջին տեխնոլոգիաների տիրապետող բժիշկ ու ճարտարագէտ, այլ ու այլ մարզերի մէջ մասնագէտ ընկերներ, որոնց արժէքը իմացողը և համախմբողը եթէ լինէր, աշխարհի ամենաուժեղ պետութիւններից մէկը կարող էինք դառնալ:
Այո, հստակ կարող ենք ասել թէ` եթէ չլինէր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, չէր լինի մեր այսօրուայ փոքրիկ ու չքնաղ Հայաստանը:
Եթէ չլինէր Հայ Յեղափոխան Դաշնակցութիւը, չէր լինի այսօրուայ Արցախը և իր աննման տղերքը, որ վահան դարձած ծառացել են թշնամու առջև:
Բարեբախտաբար կայ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որ իր ողջ կառոյցով կազմ ու պատրաստ ծառայում է հայութեան ու հայ ժողովրդին աշխարհի մէջ ամեն տեղ: Դեռ շատ անելիքներ ունի Դաշնակցութիւնը, քանի դեռ կան Հայաստանի մէջ անարդարութիւն, աղքատութիւն, սոցեալական անհաւասարութիւն, տնտեսական դժւարութիւն, Սփւռքի մէջ՝ համայնքերի պաշտպանութիւն, Հայ դատի հետապնդում և անվարան առօրեայ պաքար ձուլման և ապաքաղաքականացման դէմ:
Դաշնակցութիւնը չի մօռացել նաև Արևմտահայաստանը: Այո, վստահաբար դեռ շատ անելիք ունի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:
Մարիեթ Կարապետեան
Ֆրանսիա