Խախտելով Սահմանադրությունը՝ վարչապետը չի կարող երկիրը տանել ժողովրդավարության
27 Հունիս 2020 Բոլորս էլ պետք է իմանանք, որ ժողովրդավարության այբուբենը հարգանքն է Սահմանադրության նկատմամբ, պետք է հարգել Սահմանադրությունը, եթե ցանկանում ենք երկիրը տանել դեպի ժողովրդավարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ , ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:«Կարելի է հասկանալ, որ իշխանությունները ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրությունում: Եթե որևէ իշխանություն կարծում է, որ կարիքը կա Սահմանադրությունում որոշ կետեր փոխելու, իր իրավունքն է, դա բնական է, բայց կան պայմաններ, որոնք ևս պետք է ընդունի»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր այդ պայմանները չեն հարգվում, և Սահմանադրության փոփոխությունները ճիշտ ձևով տեղի չեն ունենում․ «Կա կարգ, կա օրենք, և պետք է այդ օրենքներն այս իշխանությունները հարգեն, որպեսզի փոփոխություններն ընդունելի լինեն ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև՝ միջազգային հանրության կողմից»:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ շատ կարևոր է միջազգային հանրության կարծիքն այսօր Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ, որովհետև այն միջազգային ընտանիքի մաս է կազմում: «Եթե իշխանությունները խախտեն ընդհանուր ժողովրդավարական այբուբենը Սահմանադրության միջոցով՝ չհարգելով այն՝ միջազգային ընտանիքը վատ կեցվածք կընդունի Հայաստանի նկատմամբ: Հակասահմանադրական քայլերը չեն կարող նպաստ բերել Հայաստանին»,- ասաց նա:
Նրա նկատառմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի այդ ամենը, քանի որ վերջին տարիներին մի քանի անգամ է փոխվել Սահմանադրությունը: «Պետք է հարգի կարգը, նույնիսկ եթե դժվարություններ ունենա, որովհետև հասկանալի է, որ 20 տարի է, որ երկիրը ղեկավարվում էր մի ուժի կողմից, և երբ ինքը եկավ իշխանության, չէր կարող մեկ վայրկյանում փոխել Սահմանադրությունը»,- ասաց նա:
Ֆրանսահայ գործչի խոսքով՝ իրենք սփյուռքում նկատում են, որ Հայաստանում իրավիճակը լարված է և ցանկանում են, որ վարչապետը երկրում անպայման զարգացնի ժոովրդավարությունը: «Խախտելով Սահմանադրությունը՝ նա չի կարող երկիրը տանել ժողովրդավարության, և եթե շարունակի նույն քայլերն անել, նշանակելու է, որ բաժանում է ժողովրդին թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Սփյուռքում մեզ բոլորիս համար շատ կարևոր է ազգային միասնականությունը: Մենք կարող ենք ընդունել մեր բոլոր տարբերությունները, և դրա համար է, որ երկրում կա մեծամասնություն իշխանություն և ընդդիմություն: Ժողովրդավարական երկրում ընդդիմություն ունենալը պայման է: Այն պետք է լինի, որ առաջարկներ բերի, որ կռիվ տա իշխանության հետ, երկխոսի իշխանության հետ, օգնի նրան»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները կարծես թե հաստատակամ են իրենց որոշման մեջ և շարունակում են պաշտպանել սահմանադրական փոփոխությունների անցկացման իրենց տարբերակը, Մուրադ Փափազյանը պատասխանեց, որ նրանք սխալ ճանապարհ են ընտրել:
«Շտապելով, արագ որոշումներ կայացնելով, չհագելով տարբերությունները, մերժելով բանավեճը, ուժով հաստատելով այլ կարգ՝ սխալվելու են, արդյունքը դրական չի կարող լինել»,- ասաց նա:
Մեկ այլ դիտարկման էլ, թե սփյուռքը միշտ ձեռնպահ է մնում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելուց և հարցին՝ հնարավո՞ր է, որ այսօր ՀՀ-ում տեղի ունեցողը լուրջ արձագանք առաջացնի սփյուռքում, Մուրադ Փափազյանը պատասխանեց.
«Սփյուռքը պետության տրամադրության տակ է՝ պետության զորացման համար: Սփյուռքը միշտ եղել է արտաքին աշխարհում Հայաստանի ոչ պաշտոնական դիվանագետը: Երբ արտաքին աշխարհը Թուրքիայի, Ադրբեջանի ջանքերի արդյունքում կարող է հակահայկական դիրքորոշում ունենալ, սփյուռքն այստեղ է՝ պայքարելու համար, որպեսզի դա տեղի չունենա»:
Դրա հետ մեկտե, ըստ Մուրադ Փափազյանի, այսօր սփյուռքը Հայաստանի ներքաղաքական կյանքին մտահոգությամբ է հետևում: «Ինչո՞ւ մտահոգությամբ: Ոչ թե որովհետև երկրում դեբատ կա: Ո՛չ, դեբատ չկա: Ոչ որովհետև տարբերություններ կան: Ընդհակառակը: Սփյուռքը նկատում է, որ կարող ենք ազգային միասնականություն կազմել մեր տարբերություններով: Մեր տարբերությունները պետք է հարստացնեն Հայաստանին և հայ ժողովրդին: Երբեք հայհոյանքերը չեն ուժեղացնելու Հայաստանը, սփյուռքը»,- ասաց նա:
Այս համատեքստում նա հիշատակեց, թե ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը վարկաբեկեց ընդդիմությանը և մասնավորապես Դաշնակցությանը: «Դաշնացական ընկերները, համակիրները, կազմակերպությունները, Հայ դատի կառույցները, որ տասնյակ տարիներով աշխատում են՝ պաշտանելով Հայաստանը, Արցախը, չեն կարող ընդունել, որ Հայաստանի վարչապետը մեզ այդպես վարկաբեկի: Իսկ Հայաստանը մեզ համար միայն Հայաստանի Հանրապետությունը չէ: Հայաստանը գաղափար է, իդեալ է: Վարչապետը պետք է ընդունի, որ կա ընդդիմություն, և այն կարող է ուժեղացնել երկիրը, պետք է նրան տեղ տան, լսեն նրան:
Մենք այսօր տպավորությունն ունենք, որ նա շատ լարված, բաժանող քաղաքականություն է վարում, և դժբախտաբար դա մեզ տկարացնում է, այն դեպքում, երբ մենք կարիք ունենք զորացնելու մեր իրականությունը՝ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը: Մենք պետք է միասնական կարողանանք աշխատել, բայց ինչպե՞ս աշխատենք, երբ մեզ վարկաբեկված ենք զգում: Ուրեմն պետք է փոխվի իրավիճակը, պետք է վարչապետը իմանա, որ վարչապետը պետք է իր բարձրության վրա մնա: Ինքը պատմական դեր ունի, և երկու տարի առաջվա շարժումը պետք է միացնող լիներ, պետք է այդ շարժումը ժողովրդի վիճակը բարելավեր, բարելավեր նաև Հայաստան-Սփյուռք կապերը: Իսկ արդյոք նման պատկեր ունեցա՞նք: Ո՛չ, դժբախտաբար: Արդյոք ո՞ւշ է սխալն ուղղելու համար: Ո՛չ, բարեբախտաբար: Կարելի է սրբագրելով մոտեցումները՝ հզորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք իրականությունը»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան