5-10% տնտեսական անկում կունենանք․ նախորդ կառավարությունից մնացած ֆինանսիստները նոր առաջարկ չեն անի հարցի լուծման համար
04 Օգոստոս 2020Օրերս կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԿԲ-ն նվազեցրել է Հայաստանում 2020թ․ տնտեսական աճի կանխատեսումը մինչև -4 տոկոս։ Ավելի վաղ կառավարությունը կանխատեսել էր այս տարվա համար տնտեսական անկման 2 տոկոս։
NewArmenia.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ կառավարության կանխատեսումն իրականացվել է դեռ ապրիլ ամսին․ «Կառավարությունը կանխատեսել էր, որ մեր պետական բյուջեի մուտքային մասում կորուստներ ենք ունենալու մոտ 169 մլրդ դրամի չափով, բայց արդեն առաջին կիսամյակի կտրվածքով մենք ունենք 135 մլրդ դրամ կորուստ, այսինքն նախատեսվածից գրեթե հիսուն տոոկոսի չափով մուտքերը կրճատվել են»,-ասաց տնտեսագետն ու հավելեց, որ սա վկայում է այն մասին, որ եթե այս տենդենցները շարունակվեն ապա կառավարության այդ երկու տոկոսի կանխատեսումն ընդամենը լավատեսական տարբերակ է։
Նրա խոսքով տարբեր տեղական և միջազգային հետազոտություններով՝ Եվրոպայի, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի տնտեսական աճի կանխատեսումները բավականին վատատեսական են և դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա միանշանակ բացասական է լինելու։

«Այս տարվա կանխատեսումներն այն են, որ մենք տնտեսական անկում ունենալու ենք 5-10 տոկոսի շրջանակներում։ Կառավարությունը կարծում եմ կփորձի մեղմել ի հաշիվ գյուղատնտեսական արտադրանքի թվերի ավանդական նկարչությամբ, քանի որ այս թվերը հնարավոր չի վերահսկել և որոշակի ճշգրտումներ իրականացնել։ Այստեղ նրանք հնարավորինս ցույց կտան, որ գյուղոլորտը որոշակի դինամիկա ունի, բայց ի հաշիվ առևտրի, ի հաշիվ շինարարության և ծառայության ոլորտների՝ անկումը բավականին մեծ կլինի»,-մեկնաբանեց Սուրեն Պարսյանը։
Նա նաև ընդգծեց, որ տնտեսական անկման մեծ լինելու հիմքերից մեկն այս տարվա կիսամյակային տվյալներն են․ «Այս տարվա հունվար-հունիս ամիսների կտրվածքով ունենք 4,9 տոկոս տնտեսական անկում, որն աննախադեպ է վերջին տասներկու տարիների համար։ Եթե այս միտումները շարունակվեն հաջորդ ամիսների ընթացքում մենք 6-7 տոկոս անկում կունենանք»։
Թեպետ տնտեսագետը նշեց է, որ այս ճգնաժամը բոլոր երկրներին է բնորոշ և բոլոր երկրները տուժելու են, այնուամենայնիվ շեշտեց, որ խնդիրն այն է, որ Հայաստանը հնարավորինս մեղմի այս ճգնաժամի ազդեցությունը տնտեսության, ազգաբնակչության վրա, և ամենակարևորն այն է, որ այս վնասն արդարացի բաշխվի տնտեսության մեջ։
«Մասնավորապես վնասը չպետք է ընկնի փոքր և միջին բիզնեսի վրա, կամ ազգաբնակչության վրա։ Խոշորը ևս պետք է խոշոր կորուստներ ունենա, և այստեղ է կառավարության անելիքը՝ չպետք է ամբողջ աջակցության ծրագրերը կամ օրենսդրական նախագծերը ուղղված լինեն միայն խոշոր բիզնեսին փրկելուն և անտեսվի փոքր և միջին բիզնեսը»,-ասաց Պարսյանը։
Նրա կարծիքով եթե կառավարությունը ուզում է իրավիճակը փրկի՝ առաջինը պետք է ներդնի ամբողջ համահայկական ներուժը այս հարցում, և այստեղ ընդդիմության իշխանության հարց չպետք է լինի, որպեսզի լուծումներ գտնվեն։
«Ես վստահ եմ, որ կառավարությունում նստած ֆինանսիստները, որոնք նախորդ կառավարությունից եկած մարդիկ են որևէ նոր բան չեն առաջարկելու՝ նույն ավանդական լուծումներով են գնալու ՝ այսինքն ավելացնել պետական պարտքը, ֆինանսավորել պետական ծրագրեր, փող դնել ճանապարհաշինության մեջ։ Եվ այդքանով կսահմանափակվի իրենց ծարգրերն ու գաղափարները»,-մատնանշեց տնտեսագետը։
Սուրեն Պարսյանը վստահ է, որ ավանդական լուծումներով շարժվելու դեպքում ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բավականին ցածր կլինի ազդեցությունը, և արդյունքում դարձյալ տնտեսությունն ու մեր ազգաբնակչությունը մեծ կորուստներ կկրեն։․ «Եթե կտրուկ քայլերի չգնանք, մոտակա մեկ տարին այս տենդենցը շարունակվելու է, և այս վնասի վերականգնումը կտևի երկուսից-երեք տարի, և սա ավելի երկարաժամկետ ծարգրերի ու մոտեցումների անհրաժեշտություն ունի»։