Ամբողջ ժողովուրդը մեկ էր դարձել, իսկ մեկ մարդ ժողովրդին թիկունքից հարվածեց մեկ գրչի հարվածով, և այդ մեկ դավաճանած մարդը Նիկոլ Փաշինյանն է
11 Նոյեմբեր 2020 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է ժողովրդին, որը մեկ միասնություն էր դարձել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին, այս մասին Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը։«Անցնող շուրջ 50 օրերի ընթացքում Արցախի, մեր հայրենիքի անվտանգության համար մեր բոլոր համերկրացիները թև թևի էին տվել, մենք դարձել էինք մեկը՝ մեկ հայություն աշխարհի բոլոր անկյուններում, ամեն մեկս հպարտանում, հուզվում, ուրախանում էր, մենք գտանք, որ մենք բոլորս մեկն ենք, բայց եկավ մի ճակատագրական օր, մեր ժողովրդի թիկունքից հարվածեցին և հարվածեց մեկ մարդ, մեկ մարդ հարվածեց մեկ գրիչով, մեկ մարդ դավաճանեց, ինքն էր սիրում ասել և այդ մեկ մարդը դու ես: Այո՛, այդ մեկ մարդը, դավաճանած մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- հայտարարեց նա:

«2,5 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իր բոլոր ելույթներում, խոսքերում, բոլոր կեղծ ֆեյսբուքյան էջերով տարվում էր մի կեղծ թեզ, որ նա բացառիկ է, միակն է, առաջինն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
«Այդ առաջինների մրցավազքում եկավ, հասավ մի տեղ, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ասում է, թե Արցախի հարցը պետք է լուծվի այնպես, որ ձեռք կտա Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին: Նա հպարտանում էր, որ մի բանաձև է առաջ քաշելու, որը ձեռք է տալու Ադրբեջանին: 2,5 տարի հետո՝ 2 օր առաջ, նա ստորագրեց մի թղթի կտոր, որն իրոք աննախադեպ էր: Թուղթ, համաձայնագիր, որը ձեռք չէր տալիս ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին, և միա՛յն Ադրբեջանին էր ձեռք տալիս»,-ասաց նա՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ միակն ու վերջինն է լինելու, որ նման թուղթ է ստորագրելու:
«Վերջինը լինելու համար նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,-նշեց Մանուկյանը:
Վերջինս ընդգծեց՝ ասում է՝ թղթի կտոր, որովհետև երկու օր է՝ քաղաքական գործիչները «գլուխ են ջարդում», թե ինչ իրավական կարգավիճակ ունի այդ թուղթը: «Առաջին պահին, երբ այն հրապարակվեց, կետ կար, որ Տավուշի մի քանի գյուղեր էլ են հանձնվելու Ադրբեջանին, հետո խելքին եկավ՝ ինչ է անում, և արագ հեռացրին այդ կետը»:
Գեղամ Մանուկյանի ելույթից առաջ բողոքի ակցիայի մասնակիցներին դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ կոչ անելով ոչ մի անկարգության, ոչ մի սադրանքի չտրվել, քանի որ «հագուստը փոխած խուժաններ կան արդեն», որոնք սադրում են։
«Չտրվեք այդ սադրանքներին, այսքան մարդ գալիս է ու գալու է միայն մեկ պատճառով՝ մենք թուրքին հանձնելու հող չունենք»,– հայտարարեց նա։
https://youtu.be/fI-DEYvSrG0