Այս պահից սկսած իշխանությունը գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան կոչ արեց ստեղծել հայրենիքի փրկության կոմիտե
11 Նոյեմբեր 2020 Այսօր հայ ժողովուրդը, համայն հայությունը ունի մեկ գլխավոր նպատակ՝ փրկել Արցախը, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:«Արցախը փրկելու համար մենք պետք է սկսենք ազգային ազատագրական պայքար: Մենք այս պահին ձեւավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե: Ողջ հայ ժողովրդին եւ համայն հայությանը կոչ ենք անում ոտքի կանգնել եւ փրկել Արցախը: Արցախը փրկելու համար կա մեկ գլխավոր խոչնդոտ՝ դրա անունը Նիկոլ է: Պետք է անհապաղ ազատվել Նիկոլից, ազգի չարիքից:
Թուրքի առաջ կզած Հայաստանի ղեկավարը պետք է հեռանա: Այս կինն իր տունն է ուզում հադրութում, էն մյուսը՝ Ասկերանում, Նիկոլ, տուր էս մարդկանց տները:

Ունենք երկու կարեւոր գործողություն Արցախը փրկելու համար: Առաջինը պետք է ազատվենք Արցախը հանձնող իշխանություններից: Երկրորդը, պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն, համախմբենք մեր ժողովրդին եւ փրկենք Հայաստանն ու Արցախը: Սա է մեր ծրագիրը: Այս պահից գործում է հայրենիքի փրկության կոմիտեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա կոչ արեց ժողովրդին ոտքի կանգնել. «Սա նաեւ անհնազանդության շարժում է, մենք չենք կարող թուրքի առաջ կզած ղեկավարին հանդուրժենք: Պատերազմը բերել է Նիկոլը իր անհետեւողական քաղաքականության արդյունքում, փչացրել է մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների հետ, Ռուսաստանի, Իրանի: Իր ստի, կեղծիքի, իր անվստահության պատճառով բերել հանգեցրել է պատերազմի, իսկ պատերազմի ողջ ընթացքում մատնված է եղել անգործության եւ դավաճանության:
Այս պահից սկսած Հայաստանի իշխանությունը գոյություն չունի, պետք է հեռանան, որպեսզի փրկենք Հայաստանը եւ Արցախը: Նիկոլը չի կարող սա կանգնեցնել: Դրա համար պետք է ձերբակալի 3 մլն բնակչությանը: Ուրիշ տարբերակ չունի:
Այս ամեն ինչի համար պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ քաղաքական մեծամասնությունը: Արագ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ եւ հեռացնել Նիկոլին: ԲՀԿ-ն արդեն դա նախաձեռնել է, «Լուսավոր Հայաստանը» պարտավոր է րոպեների ընթացքում միանալ այս նախաձեռնությանը: Այլ տարբերակ չկա: Նիկոլը բարոյական, քաղաքական որեւէ իրավունք չունի ղեկավարելու այս ժողովրդին: Նա մեզնից խլեց մեր արժանապատվությունը:
Նիկոլ եթե դու ունես արժանապատվություն, ինքնասիրություն, էս ժողովրդին էս վիճակին հասցնելուց հետո էլի կառչել ես քո աթոռին, ու շարունակում է փնտրել մեղավորներ»,-հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Նա հվելեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձել է Ստեփանակերտը չհանձնելը ներկայացնել որպես լավություն. «Փորձում է մեղադրել բանակին, կուսակցություններին, ժողովրդին: Այս ամենի համար կա մեկ պատասխանատու՝ Նիկոլը եւ իր անմեղսունակ թիմը: Նիկոլ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քո համար եւ քո ծառայությունները թուրքերի համար, հեռացիր եւ վերջ»: