Հանրահավաքից առաջ ՀՔԾ է հրավիրվել Արծվիկ Մինասյանը
18 Նոյեմբեր 2020
Օրեր առաջ բերման ենթարկեցին և ձերբակալեցին քրեական օրենսգրքի 225.1 (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) հոդվածի հատկանիշներով, հիմա որպես կասկածյալ հրավիրել են ՀՔԾ, ամենայն հավանականությամբ մեղադրանք ներկայացնելու. Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողներին նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե բացառո՞ւմ եք, որ կարող են ձերբակալել, Մինասյանը նշեց, որ դատարանի կողմից ձերբակալությունը արդեն մեկ անգամ ոչ իրավաչափ ճանաչվել է։
«Ընդհանրապես ապօրինություններն այնքան են շարունակվում, որ կարծում եմ՝ ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանը և գլխավոր դատախազը պետք է գիտակցեն, որ գալու է իրենց պատասխանատվության պահը, եթե այդ բառի էությունը հասկանում են: Ինչպես, որ վստահ եմ չի հասկանում Նիկոլ Փաշինյանը, և քաղաքական մեծամասնությանն այն անձինք, որ հայտարարում են, որ պատասխանատվություն ունեն, բայց տեսնում ենք, որ իշխանությունն ամոթ չունի»,– ասաց նա:
Հարցին, թե վարչապետը առաջիկա 6 ամսվա համար ճանպարհային քարտեզ է ներկայացրել, ինչպես կմեկնաբանեք, Արծվիկ Մինասյանը նշեց. «Ես նրա որևէ խոսքին լուրջ չեմ վերաբերվում, անլուրջ մարդ է, ստախոս, իր խոստումներից ո՞ր մեկն է իրականացել, խորհուրդ կտամ, որ մեր քաղաքացիները լուրջ չընդունեն»:
Հարցին, թե այսպիսի հարցաքննությունների նպատակ ո՞րն է, ՀՅԴ անդամը նշեց, որ նպատակն է ռեպրեսիաների միջոցով հասնել սեփական նեղ, փոքր նպատակների. «Այս ամենը իրենց չի հաջողվելու, դուք առաջիկայում ականատես կլինեք դատական իշխանության բազմաթիվ գործընթացների, որ ջախջախիչ պարտություն կկրի իշխանությունը, իրավապահ համակարգը, եթե շարունակի հակաօրինական պայքարը»: